Լուսանկարն արվել է Երեւանում
Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Դավիթաշենի կամրջի սկզբնամասում. բախվել են Mercedes G, Kia Sorento, Toyota Corolla, Opel մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետեւանքով Mercedes G մակնիշի մեքենան կողաշրջվել է, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Բարեբախտաբար, զոհեր չկան:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք:
Քնար Սեդրակյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնակի կենսաթոշակ նշանակվում է`
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,
2) թատերական եւ թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,
3) 1-ին եւ 2-րդ կետերում նշված այն անձանց, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), եւ լրացել է նրանց` սույն հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ՝ մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ֆիզիկական անձը, որը հանդիսանում է վարձու աշխատող, Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել 2014 թվականի մարտ ամսին: Հնարավո՞ր է արդյոք համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը ուղղել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մարմանը:
Կարինե Դանիելյան (23 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ եւ նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված եւ փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն ՀՀ կառավարության 19.02.2015թ. N 205-Ն որոշման 4-րդ կետի` վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որեւէ ամսում հաշվարկված աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն: