ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 83

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է վարչապետ դառնալու հենց առաջին օրվանից եւ տարբեր առիթներով: Իր վարչապետության 100-ամյակի առիթով հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Բացառում եմ, որ որեւէ մեկը կխուսափի մարտի 1-ի 10 քաղաքացիներին սպանելու եւ ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան, եւ խնդրում եմ հաստատեք, որ թույլ չեք տա, որ որեւէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որեւէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից: Նստելու եք, բոլոր մարդասպաններով նստելու եք, եւ սա լիազորված եմ հայտարարել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից»: Ապա նա մի քանի անգամ տարբեր առիթներով հայտարարել է, թե «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Նույն 100-օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ՝ օգոստոսի 17-ին, նա հայտարարեց. «Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում: Հայտնի դարձած տեղեկատվության իմ մեկնաբանությունը հետեւյալն է. «Մարտի 1»-ի գործը, ըստ էության բացահայտված է», – հայտարարել էր նա: Տարիներ անց նա սկսեց իր համար սկզբունքային հարցից կամաց-կամաց հետ կանգնել եւ  մանեւրել: 2021 թվականի մարտի 1-ին նա հայտարարեց. «Ճիշտ է՝ մարտի 1-ին կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում տեղի է ունեցել դա, բացահայտված է»։ Ի՞նչ է նշանակում՝ ֆոնը բացահայտված է: Սա դեռ վերջը չէ. արդեն ապրիլի 14-ին նա հայտարարեց. «Ես չգիտեմ, թե այդ քրեական գործի հատորները ինչ կարգավիճակ ունեն հիմա, բայց բացահայտում ասելով՝ մենք նկատի ունենք ճշմարտության բացահայտումը: Ի վերջո, այդ նյութերը կան, նյութերը չեն այրվելու, ես ենթադրում եմ, որ դրանք մի իքս պահի ունենալու են այնպիսի կարգավիճակ, որ կարող է ուղղակի հրապարակվել, եւ դուք կտեսնեք՝ «Մարտի 1»-ի գործը ամենայն մանրամասնությամբ բացահայտված է»: Թե ինչն է Փաշինյանը բացահայտում համարում, անհասկանալի է, բայց փաստ է, որ այս պահի դրությամբ 10 զոհերին սպանելու համար ոչ ոք ճաղերի հետեւում չէ, «Մարտի 1»-ի գործն էլ բացահայտված չէ: Ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

 

Հայաստանում օր օրի գրանցվող գնաճին զուգահեռ՝ շահումով օնլայն խաղերով զբաղվող կազմակերպությունների սեփականատերերը շարունակում են երկրաչափական պրոգրեսիայով գերշահույթներ ստանալ: Քաղաքացիներին մոլորություն մեջ գցող, կախում առաջացնող օնլայն խաղերի պատճառով բազմաթիվ ընտանիքներ են փաստի առաջ կանգնել. դեպքեր են եղել, երբ անհատները ինքնավնասման, ընդհուպ՝ ինքնասպանության փորձ են արել՝ էլ չասած ունեզրկությունների, տունուտեղ կորցնելու ու նմանատիպ այլ դեպքերի մասին: «Վբեթ» ընկերությունը, որ իր նկարագրության մեջ պնդում է, թե «Հայաստանում առաջատար բուքմեյքերական ընկերությունն առցանց խաղային արտադրանքի լայն ընտրանի է ներկայացնում», պարզվում է, հրաժարվել է տրամադրել որոշ քաղաքացիների շահումները: Նման եզրահանգման ենք գալիս՝ ուսումնասիրելով դատական ակտերի որոնման DataLex համակարգը: Ըստ այդ համակարգի՝ օրինակ՝ 2020 թվականի ընթացքում քաղաքացիներ Մարիամ Ղազարյանը, Քնարիկ Երանոսյանը գումարի բռնագանձման պահանջով ընկերությանը դատի են տվել: Նույն պահանջով 2019-ին ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել քաղաքացիներ Թորոս Սեմիզյանը, Խաչատուր Ավետիսյանը, Կարեն Խաչատրյանը, Շմավոն Շահումյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Շմավոն Շահումյանը պահանջել է իրեն տրամադրել շահած 1.572.550 հազար դրամը, դատարանը, սակայն, որոշել է հայցը բավարարել մասնակի ու ընկերությանը պարտավորեցնել քաղաքացուն վճարել 560 հազար դրամ: Քաղաղաքացի Խաչատուր Ավետիսյանի՝ 400.000 դրամի պահանջով հայցն էլ դատարանն ամբողջովին է բավարարել, ու «Վբեթ» ընկերությունը ստիպված է եղել վճարել ոչ միայն պահանջվելիք գումարը, այլ նաեւ հայցվոր կողմի դատական ծախսերի գումարը: Սա նշանակում է, որ քաղաքացիները, տրվելով սադրանքին, ամեն դեպքում, գումար են խաղացել, շահել են, սակայն «Վբեթ» ընկերությունը հրաժարվել է դրանք վճարել, ինչն էլ դատական վեճի պատճառ է դարձել: Ի՞նչ է ստացվում. ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները՝ Վահե, Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, արդար չեն վարվում իրենց սպառողների հետ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը 44-օրյա պատերազմի գործողությունների  մասով  հարուցված քրեական գործերով կանգնել է մի խնդրի առաջ: Բանն այն է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի գործերը  քննող  նախաքննական մարմիններին  պատերազմի ոչ բոլոր նյութերն են հասու, քանի որ դրանք համարվում  են պետական, ռազմական գաղտնիք: Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմիններից մեկը դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել  պատերազմի մասով  որոշ  նյութեր, իսկ  թե ինչ են պատասխանել դիմումին, մեզ առայժմ մանրամասներ պարզել չհաջողվեց, միայն գիտենք, որ այնքան էլ գոհացուցիչ չի եղել պատասխանը: Նկատենք, որ, այս իրավիճակին զուգահեռ, Քննչական կոմիտեն բավականին ակտիվ կերպով մեկը մյուսի հետեւից մեղադրանք է առաջադրում Արցախի ՊԲ նախկին  հրամանատար  Միքայել Արզումանյանին Շուշիի ինքնապաշտպանությունը ճիշտ չկազմակերպելու համար եւ, դատարանի որոշմամբ, կալանքի է տանում: Իսկ, ահա, երեկ մեղադրանք առաջադրվեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Թե ինչն է ակտիվության պատճառը, դեռ անհասկանալի է. երկու տարի անց հիշել են պատերազմի մեղավորներին։

 

 

 

«Աղբահանության ու սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ մեծ տուգանքներ են նշանակվելու: Մասնավորապես, գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջները չկատարելու դեպքում աղբավայրը շահագործող ընկերությունը կտուգանվի 100 հազար դրամից 200 հազար դրամի չափով: Պայթուցիկ եւ դյուրավառ նյութերի, բժշկական հաստատությունների, սպանդանոցների ու այլ տեսակի կենսաբանական աղբի դեպքում, ինչպես նաեւ այն պարագայում, երբ հեղուկ գազն առանց հատուկ տարաների մեջ պահեստավորելու աղբավայր կնետվի, ֆիզիկական անձը՝ 10.000-20.000, իրավաբանական անձը 80.000-100.000 դրամի չափով կտուգանվի։ Նշենք, որ համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած կոշտ կենցաղային թափոնների համար նախատեսված աղբամաններում կամ կոնտեյներներում բժշկական թափոններ, մարտկոցներ ու կուտակիչներ, ինչպես նաեւ 1 խմ եւ ավելի ծավալով այրվող, շիկացած կամ տաք աղբ, ձյուն ու սառույց թափելու դեպքում ֆիզիկական անձինք 5000-10.000 դրամով կտուգանվեն, իրավաբական անձինք՝ 20.000-30.000 հազար դրամով: Նույն չափով տուգանք կարող է կիրառվել նաեւ ֆիզիկական ու իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնց՝ աղբանոցներում թափած աղբը կարող է վնաս հասցնել աղբահանության աշխատանքներ իրականացնող անձանց կյանքին եւ առողջությանը:

 




Լրահոս