ՍՊԱՅԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած եւ վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետեւանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի եւ զինտեխնիկայի  կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։

 

N զորամասի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց եւ պաշտպանության գոտու խորք մխրճվելուց հետո ստեղծված իրադրությունը կարգավորելու, ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված:

Ջ.Հ-ն, հանդիսանալով միանձնյա ղեկավար, խաղաղ եւ պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մշտական մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորամասի (ստորաբաժանման) մարտական խնդիրների հաջող կատարման համար, պարտավոր լինելով ապահովել հակահարվածի համար մարտական կանոնադրությամբ սահմանված անհրաժեշտ նախապայմանները, 2020թ. հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, այն է՝ պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե՛ քանակապես, թե՛ որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը եւ կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը, 2020թ. հոկտեմբերի 5-ից, չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու եւ հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու եւ այդկերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման եւ իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջեւ բացակայել է փոխգործակցությունը։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը եւ զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների եւ մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետեւանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը։

Բացի այդ, ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դարձյալ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

2020 թվականի հոկտեմբերի 11-ին N զորամասի հրետանային դիվիզիոնը կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, նշված կրակային դիրքից շուրջ 1 կմ առաջ՝ բլրի վրա տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաեւ ՀՀ ԶՈՒ համազգեստ կրող անձինք:

Վերջինս, այս անգամ մոտենալով աշխատանքային քարտեզին, օպերատիվ եւ հետախուզության բաժինների սպաների հետ միասին քննարկում է կատարել, որից հետո, առանց հստակեցնելու մոտեցող անձնակազմի պատկանելությունը, քարտեզներում չունենալով որեւէ տեղեկատվություն տվյալ շրջանում համազորային ստորաբաժանումների տեղաշարժի վերաբերյալ, հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

2022թ. սեպտեմբերի 2-ին Ջ.Հ-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ԿԱՆՉԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

 

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երեւան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման: Միաժամանակ հայտնում եմ, որ ներկայանալ կարող եք 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը եւ ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը եւ ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-649 հեռախոսահամարին»,- նշված է հայտարարության մեջ:

 

 

 

ԿՐԿՆԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հացաբուլկեղենի (խաչապուրու, կարկանդակի եւ հոթ դոգի) արտադրությունում (ք. Երեւան) շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է:

 

 

 

ԴԻԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ 

Երեւանում սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն եւ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է զգացվում, բնակիչներն էլ մի քանի օր է, չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին։

Տեղում փականագործների օգնությամբ բացելով դուռը՝ պատշգամբի հատակին եւ լոգասենյակի հատակին հայտնաբերվել են դիեր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները քույր ու եղբայր են՝ 57-ամյա Աշոտ Վարդանյանն ու 53-ամյա Աշխեն Վարդանյանը։

 

 

 

ՀԱՅՏՆՎԵԼ Է ՁՈՐԱԿՈՒՄ

Գեղարքունիքի մարզում երեկ՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Պավլիկ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։  Պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Օգոստոսի 31-ին՝ ժամը 03.45-ին, Երեւանի Խանջյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 39-ամյա Վիգեն Թ.-ն մահացել է:

 

 

 




Լրահոս