Ոչ միայն գլոբալ, նաեւ Կովկասում համաճարակը եւ կառավարությունների կիրառած սահմանափակումները բացասաբար են անդրադարձել տնտեսության վրա։ Արդեն իսկ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 3,4 տոկոսով։ Հարավային Կովկասի տնտեսության անկումն ավելի մեծ է եղել եւ կազմել է -5,3 տոկոս, ինչը միայն համաճարակի հետ չի կապված:
2021 թվականին վրացական տնտեսության վերականգնման տեմպերն ավելի բարձր են եղել Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսածից։ Տնտեսության վերականգնման այս տեմպերը շարունակվել են նաեւ այս տարի։ Մարտին տնտեսությունն աճել է 10,6 տոկոսով, իսկ ապրիլին՝ 2,6 տոկոսով։ Նույն տարվա մայիսին աճի տեմպը կազմել է 25,8 տոկոս, որն ընթացիկ տարվա 5-րդ ամսում կազմում է 11,6 տոկոս։ Հունիսին Վրաստանի տնտեսությունն աճել է 7,2 տոկոսով, որը հուլիսին կազմել է 9,7 տոկոս։ Այս տարվա առաջին 7 ամիսներին աճի միջին տեմպը 10,2 տոկոս է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 12,2 տոկոս։
Ադրբեջանի իրական տնտեսության ծավալը 1,1 տոկոսով գերազանցել է մինչ համաճարակը եղած մակարդակը։ Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանի իրական տնտեսության ծավալը 7,7 տոկոսով գերազանցել է նախահամաճարակային շրջանը, որը փետրվարին դեռ 3,3 տոկոս էր։ Դա կապված է մարտին նավթի գների կտրուկ աճի հետ։
Մասնավորապես, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման եւ սահմանված պատժամիջոցների պատճառով նավթի գներն աճել են, իսկ նավթագազային արդյունաբերությունը գերիշխող է Ադրբեջանի տնտեսությունում։ Իրավիճակը չի փոխվել անգամ ապրիլին. հունվար-մայիսին տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 0,8 տոկոս։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի տնտեսության աճը կազմում է 6,2 տոկոս, ինչը 3,5 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա 7 ամիսների ցուցանիշը։
Համաճարակից հետո Հայաստանում անբարենպաստ իրավիճակ էր տնտեսության վերականգնման առումով: Բացի համաճարակի պատճառով տնտեսական սահմանափակ ակտիվությունից, Հայաստանի պարագայում լրացուցիչ բացասական հանգամանք էր 44-օրյա պատերազմը, հետեւաբար 2021 թվականին Հայաստանի տնտեսության չափը 2,0 տոկոսով ցածր կլինի մինչեւ համաճարակը եղած մակարդակից։
Այս տարվա մարտին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 6,7 տոկոս, իսկ առաջին եռամսյակի աճը կազմել է 9,6 տոկոս, ինչը, համաճարակին նախորդած ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,4 տոկոսով։ Արդեն մայիսից տնտեսության աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քանի որ աճն այս ժամանակահատվածում կազմել է 13,0 տոկոս, որը հունիսին հասել է 18,3 տոկոսի։ Հայաստանի տնտեսությունը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 19,4 տոկոսով։ Այսպիսով, ընթացիկ տարվա 7 ամիսներին աճի տեմպը կազմում է 13.1 տոկոս, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 5.0 տոկոս։
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Վրաստանում եւ Ադրբեջանում տնտեսության վերականգնման տեմպերը դրական էին, ինչը զգալիորեն անբարենպաստ էր Հայաստանի պարագայում։
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, սակայն դա ակնհայտորեն հոռետեսական սցենարի նշան է, քանի որ աճի միտումը ներկա փուլում համեմատաբար բարձր է։
95 ԸՆՏԱՆԻՔ ՏՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն եւ Ջրաղացներ գյուղերից տեղահանված 95 ընտանիք վիճակահանությամբ տուն է ստացել Աստղաշեն համայնքի վարչական տարածքի նորակառույց թաղամասում: Նորակառույց առանձնատների վիճակահանության արարողությանը Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը խորհրդանշական է համարել հետպատերազմյան դժվարին իրավիճակում Արցախի Հանրապետության օրը բնակարանամուտով տոնելը։
«Պետական միջոցներով այստեղ շուրջ 136 տուն է կառուցվում։ Առաջիկայում մի քանի տասնյակ ընտանիքներ նույնպես առանձնատներ կստանան այս բնակավայրում։ Մենք կորցրածի դիմաց կառուցում ենք բազմապատիկը մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը հայկական պահելու համար»,- ասել է պետնախարարը։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության խոսքում նաեւ կարեւորել է ժողովրդագրական աճը՝ որպես Արցախի հզորացման գրավական, որի համար պետության կողմից այսօր հնարավորություններ են ստեղծվում:
Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի խոսքով՝ կառույցի մեկամյա գործունեության ընթացքում ավելի քան 1000 բնակարան է տրամադրվել շահառուներին։
Կոմիտեի նախագահը նշեց, որ վիճակահանությունը վաղ կազմակերպելու նպատակը նաեւ տանտերերին շինաշխատանքներում ընդգրկելն է եւ հնարավորություն ընձեռելը, որպեսզի նրանք արդեն իսկ կարողանան զբաղվել տնամերձ հողամասի մշակմամբ, գյուղատնտեսական աշխատանքներով: Կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանի տեղեկատվությամբ՝ Ասկերանի վերին ենթաշրջանի 4 համայնքից տեղահանված ընտանիքների համար նախատեսված նոր բնակավայրում շինաշխատանքները դեռ շարունակվում են: Բոլոր տները համապատասխան գույքով ու կահավորմամբ շահագործման կհանձնվեն առաջիկա հունվարին:
ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ԽՆԴԻՐՆԵՐ
Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաեւ կենցաղ-կոնտակտային ճանապարհով. իրազեկում է
ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Աղիքային վարակների հարուցիչները լավ պահպանվում են սննդամթերքի մեջ եւ բարենպաստ պայմաններում աճում եւ բազմանում են:
Շոգ եղանակին լավ չլվացված մրգերը եւ բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառ:
Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԿԱՍ
Մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Տավուշի մարզի Բարեկամավանի, Աճարկուտի եւ այլ գյուղերի դպրոցներում երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ են գործում, իսկ Իջեւան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան քաղաքների հիմնական դպրոցների դասասենյակներում աշակերտների մեծ քանակի պատճառով շնչելու օդ չկա: Տավուշի դպրոցներում տարբեր առարկաների ուսուցիչների, հատկապես՝ մասնագետ ուսուցիչների պակաս կա, որը մասամբ է հագեցվում։ Համացանցում հայտարարություններ են տարածվել Իջեւանի խոշորացված համայնքի դպրոցներից մեկում աշխարհագրության, Նոյեմբերյան համայնքի կրթօջախներում՝ ինֆորմատիկայի, Բերդ համայնքի դպրոցներից մեկում դասվարի թափուր տեղերի մասին։ Տավուշի մարզի սահմանամերձ շատ գյուղերի՝ Արծվաբերդի, Բարեկամավանի, Ոսկեվանի, Սարիգյուղի եւ այլ դպրոցների շենքերը նորոգման կարիք ունեն, սակայն այդ նպատակով պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում։
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Սեպեմբերի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված էր Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի դատավարության հերթական նիստը: Նիստը չի կայացել։ Հ. Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը հայտնեց, որ Հ. Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, նրա վերաբերյալ դատաքննությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դեռ չէր սկսվել, ուստի նրա դատավարությունը այսուհետ կկայանա կոռուպցիոն հանցագործությունները քննող դատարանում։ Ա. Թամրազյանը դա դրական համարեց, քանզի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը տարբեր պատճառաբանություններով բազմիցս մերժել է Հ. Մանուչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Հ. Մանուչարյանի պաշպաններ Արման Թամրազյանի եւ Հայկ Ալումյանի ներկայացրած միջնորդությունները։
2012 թվականից Բերդի քաղաքապետ, 2017-ից՝ Բերդի խոշորացված համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով («Պաշտոնեական կեղծիքը)։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ դրանք համարելով սարքովի։ Նա անազատության մեջ է 2021 թվականի նոյեմբերի 9-ից։ Սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններում Հ. Մանուչարյանը գլխավորում է «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի Ռեֆորմիստների կուսակցությունների կազմած «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածուների 62-հոգանոց ցանկը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ