Համաշխարհային մեծության գիտնական Պարիս Հերունու մտքով 1987-ին, երբ շահագործման էր հանձնվում աշխարհում հավակնոտ ու բացառիկ ռադիո-օպտիկական դիտակը, դժվար թե անցներ, որ դրանից 35 տարի անց, Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինտիտուտի Արագածի գիտական կենտրոնի համալիրի տարածքում, պետական մարմինների թողտվությամբ, մասնավոր որևէ ընկերություն կարող է երաժշտական միջոցառում իրականացնել։
Սեպտեմբերի 10-12-ը գիտական միջավայրում «Արմատ» ՀԿ-ն երաժշտական փառատոն է անցկացնելու։ Թե իրականում ի՞նչ է լինելու այդ փառատոնի ժամանակ, ի՞նչ երաժշտություն է հնչելու, ի՞նչ են վաճառելու ու պրոպագանդելու, կազմակերպիչների ներկայացրածով դժվար է հասկանալ։ Առավել տարօրինակը փառատոնի համար նախատեսված մանսակցության տոմսի վրա նշված «18+» ընդգծումն ու դիտակի հայելու մեջ լուսային շոու իրականացնելու հանգամանքներն են։
Տեղացիներն էլ ահազանգում են, որ Պարիս Հերունու չավարտված արևային կայանից, որը պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունի, մասնատվում են երկաթյա կոնստրուկցիաներ, որոնք, ըստ ՀԿ-ի աշխատակիցների, փառատոնի ժամանակ բարի ու բեմի հենասյուներ են ծառայելու։
Թե՛ գիտնականների, թե՛ տեղացիների մտահոգությունները նաև տեղի հոգևոր հովվին են մտորելու տեղիք տալիս։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Տեղերի հովվության հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանի հետ։
– Որպես տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ վերոնշյալ փառատոնի մասով Դո՞ւք ինչ անհանգստություններ ունեք, որովհետև գյուղացիներն ու գիտնականները մեզ հետ զրույցում նշում են՝ չի բացառվում, որ մշակութային փառատոնի անվան տակ իրականում տարատեսակ այլ բնույթի հավաքներ անցկացվեն։
– Անհանգստություն, այո, իրականում կա, ու ես էլ ձեզ նման, գյուղի ժողովրդի հետ շփումների, զրույցների ժամանակ իմացա, որ ձեր կողմից նշված ընկերությունը գիտական կենտրոնի տարածքում նախատեսում է միջոցառումներ անցկացնել։ Մինչև փառատոնի մեկնարկն աստղադիտարանի տարածքում, փաստորեն, արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքեր իրականցվել, ինչի շրջանակներում այստեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ժամանել։
Վերջերս, օրինակ, գիշերվա ժամին ու առավոտյան վանքի բակում տեսել եմ մեր ազգային բնութագրումներին ոչ հարիր, ոչ պատշաճ ներկայանալի տեսքով երիտասարդների: Մեր աչքի համար տարօրինակ արտաքինով այդ մարդիկ, որ հիմնականում օտարերկրացիներ են, ազատորեն շրջում են գյուղի տարածքում, ու տեղաբնակների մոտ անհանգստություն կա, որ գյուղի երիտասարդությունն ակամա այդ շրջանակների ազդեցությանը կարող է տրվել։
Ըստ թափառող զրույցների՝ այդ մարդիկ այլևայլ հարանվանությունների, գաղափարախոսությունների կամ խմբակերի են պատկանում։ Մեր ազգին ոչ միայն հարիր չէ, այլ նաև մեր աչքին անսովոր է նմանատիպ հագուկապով, կեցվածքով մարդկանց տեսնել շրջապատում։ Համաշխարհային մեծության գիտնական Պարիս Հերունու ջանքերով կառուցված ու շահագործման հանձնված ռադիոօպտիկական աստղադիտակն ու հարակից տարածքը` այլ շինություններով հանդերձ, որը նաև պատմամշակութային է՝ եթե գիտությամբ զբաղվող ընկերության տրված լիներ, հավատացնում եմ՝ գյուղացիների մոտ նման անհանգստություն չէր լինի։
– Թե՛ Ձեր, թե՛ գյուղացիների հիմնական մտահոգությունը ո՞րն է, որովհետև կազմակերպիչներն էլ կարող են ասել, թե գյուղ ֆինանսական հոսքեր են բերում։
– Գյուղացու անհանգստությունն այն է, որ երիտասարդներն ու ոչ միայն, նման փառատոնների մասնակցելով, տարատեսակ հոսքերի մեջ կարող են ներգրավվել։ Օրգով համայնքը բավականին փոքր համայնք է, գյուղն իր ավանդույթներով է ապրում, իր կոլորիտը, բառ ու բանն ունի: Թե՛ գյուղացիների, թե՛ իմ մտահոգությունն այն է, որ որևէ միջոցառում, որ կազմակերպվում է մեր հովվության տարածքում, որևէ ձևով չխաթարի մեր ազգային նկարագիրը, հավատքի հիմնասյունը, հայրենի արժեքների նկատմամբ ունեցած հավատն ու նվիրումը և տարատեսակ, բազմաբնույթ ու օտարածին գաղափարախոսություններով չմասնատի մեր օրհնյալ ազգի միասնականությունը:
– Կազմակերպիչները Ձեզ հետ չե՞ն հանդիպել, եկեղեցի չե՞ն եկել։
– Ոչ, ինձ հետ չեն հանդիպել, եկեղեցի չեն եկել։ Մի խումբ երիտասարդներ են միայն գիշերը ժամը 12-ին վանք եկել (գիշեր է լինում, որ այստեղ եմ մնում): Բավական տարօրինակ արտաքին ունեին՝ քթին ականջօղ դրած, երկար եղունգներով, մի խոսքով՝ մեր աչքին անսովոր արտաքինով էին, բայց հոգուս մեղք չվերցնեմ ու հստակ չասեմ, թե նրանք այդ միջոցառման հետ ինչ-որ կապ ունեն։
Այս առնչությամբ հանդիպել եմ խնդրով մտահոգ անձանց` զորօրինակ պատմաբան, հնագետ Զոհրապ Մուղդուսյանին և Պարիս Հերունու դուստր Նանա Հերունին, ինչպես նաև ոլորտի այլ մասնագետների. բոլորն էլ անհանգստացած են, թե գիտական միջավայրում ի՞նչ համերգ կամ փառատոն է լինելու։ Տարօրինակ է նաև այն, որ նշյալ փառատոնը նախատեսված է իրականացնել այն օրերին, երբ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մեծ շուքով տոնելու է 5 տաղավար տոներից վերջինը` հայ ժողովրդի կողմից սիրված Խաչվերացի տոնը: Հարց է առաջանում` ինչո՞ւ հենց այս օրը: Գիտաֆիզիկայի կենտորնը Տեղերի Սուրբ Աստվածածին վանքից ընդամենը մի ձորակով է առանձնացված, պարզ է, չէ՞, որ համերգի ձայները ոչ միայն եկեղեցում մատուցվող պատարագի ձայն են խլացնելու, այլև խանգարելու են աղոթող հավատացյալներին:
Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է, որ նման միջոցառումներ կազմակերպելուց առաջ, մանրակրկիտ ուսումնասիրել ծրագիրը, նպատակները և պատշաճ կերպով տեղեկացնել համայնքի ղեկավարությանն ու ժողովրդին, որպեսզի մեր ժողովուրդը ևս մեկ անհանգստություն չապրի այս ծանր իրավիճակներում:
Մեր պահանջն է, որ պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հավատացյալ ժողովրդի և համայնքի բնականոն կյանքը, անդորրն ու ազգային արժեքների նշաձողը մնա իր բարձր մակարդակին:
Սևակ Վարդումյան