Սեպտեմբերի 5-ին սոցցանցում և լրատվական կայքերում տեսանյութ տարածվեց, որտեղ երևացող անձինք մայրաքաղաքում ծառ էին կտրում։
Ժամը 22.25-ին այս դեպքով ոստիկանությունում ահազանգ ստացվեց։ Հայտնում էին, որ մայրաքաղաքի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում կենսունակ ծառ են ապօրինի հատել և «Օպել» մեքենայով տեղափոխել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ ծառը հատել են Երևանի բնակիչ, 30 և 45 տարեկան երկու տղամարդիկ։
Սեպտեմբերի 6-ին մայրաքաղաքի Արամի փողոցում ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալեցին 45-ամյա տղամարդուն և տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ 30-ամյա տղամարդն ինքնակամ ներակայացավ ոստիկանություն։
Նրանք ներկայացվել են քննչական ստորաբաժանում։
Կատարվում է նախաքննություն։