ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻՆԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի ինքնատիպ միջավայրն ընդգծող երեւանյան հանգստի գոտիները փուլ առ փուլ վերագտնում են իրենց երբեմնի նշանակությունը: Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով քաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է այգիների եւ պուրակների բարեկարգման գործընթացը:

 

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է շինհրապարակներ, տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին ստեղծման օրից ի վեր երբեւէ չէր հիմնանորոգվել, ծրագիրն օրվա պահանջ էր: «Երեւանում ունենք բավականին այգիներ, որոնք այս պահի դրությամբ չեն գործում: Ընդհանուր մեր քաղաքականությունն այն է, որ վերականգնենք չգործող այգիները, հետո նոր մտածենք նորերը հիմնելու մասին: Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով առանձանցող ու շատրվանային ընդարձակ համալիրով այգում լիարժեք հանգստի հարմարավետ պայմաններ կստեղծվեն: Հաշվի առնելով ներդրումների ծավալը՝ ծրագրի ավարտ է նախանշվում 2023 թվականը»:

«Մեր գլխավոր խնդիրն է՝ վերականգնել Խորհրդային Միության տարիներին կառուցված այս հուշարձանի նախկին տեսքը՝ շատրվանային համալիրի նույն ծավալով: Շատրվանները քաղաքը հովացնելու գործառույթ ունեն, եւ փորձելու ենք ջրատեխնիկական մասն այնպես կազմակերպել, որ ունենանք նույն ծավալի ջրթողում, որքան եղել է Խորհրդային Միության տարիներին»,- նշում է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը: Որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ եւ ընդգրկի նաեւ այգու հարակից, երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը, քաղաքապետի հանձնարարությամբ կիրականցվեն նախագծման աշխատանքներ: «Մինչեւ 2023թ. ավարտը կամ 2024թ. գարուն այդ հատվածը եւս ամբողջությամբ կավարտենք: Քաղաքում կունենաք եւս մեկ հարմարավետ միջավայր, որտեղ քաղաքացիների համար լավ ժամանցի տեղ կլինի: Կցանկանամ, որ յուրաքանչյուրս հոգ տանենք քաղաքի մասին, չաղտոտենք, քանի որ բոլոր այն ֆինանսական միջոցները, որոնք ծախսվում են հանրային վայրերի բարեկարգման համար, մեր քաղաքացիների վճարած հարկերից է, եւ դրանք պետք է արդյունավետ կառավարենք, որպեսզի կարողանանք այն բազում խնդիրները, որոնք ծառացած են Երեւանի առաջ, լուծել»,- ընդգծում է քաղաքապետը: Տարեկան ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն նաեւ Աբովյան պուրակում: Համալիր բարեկարգմամբ ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության եւ ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն: Տասնամյակներ շարունակ սպասարկման ու խնամքի բացակայությունը հետք են թողել նաեւ մայրաքաղաքի սրտում գտնվող այգիներում ու պուրակներում: Համայնքը վերակառուցման աշխատանքներ կիրականացնի նաեւ Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում: Կոմիտասի անվան պուրակը եւս կունենա արդիականացված ոռոգման համակարգ եւ արտաքին լուսավորության ցանց: Այստեղ խնդիրը մի փոքր այլ է. այգու զգալի հատվածը տնօրինում է վարձակալը: «Տարածքը վարձակալությամբ է տրվել տասնյակ տարիներ առաջ, եւ վարձակալը որոշել է ինչ-որ աշխատանքներ կատարել: Ցանկանում եմ ասել, որ եթե որեւէ տարածքի վարձակալ, երբ որոշում է քաղաքի պուրակներում կամ այգիներում կանաչապատում իրականացնել, պետք է տարածքի կառուցապատման, կանաչապատման նախագիծը համաձայնեցնի մեզ հետ: Մեր կազմակերպությունը ստեղծվել է հենց նրա համար, որ ամբողջ քաղաքն ունենա մեկ ձեռագիր: Կազմակերպությունն իր կողմից պատրաստ է նույնիսկ գծել եւ վարձակալին հանձնել համապատասխան նախագիծ, որ գրագետ կանաչապատում արվի: Այստեղ կա նաեւ ոռոգման խնդիր, եւ մենք պատրաստ ենք օժանդակել ու ոռոգման ավտոմատացված համակարգ ներդնել»,- ընդգծում է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

«Հանգստի գոտիների հիմնանորոգում, նոր հանգստի գոտիների կառուցում հոդվածով այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է 1.2 մլրդ դրամ: Նաեւ բակային տարածքների հիմնանորոգման համար է մեծ գումար հատկացված՝ մոտ 2 մլրդ դրամ: Ընթացիկ տարում 3.2 մլրդ դրամ է նախատեսված կանաչապատ տարածքներն ավելացնելու եւ քաղաքն առավել հարմարավետ դարձելու համար»,- նշում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը: Քաղաքային իշխանության ուղենիշն է Երեւանը դարձնել հարմարավետ կենսամիջավայր: Բոլոր նախաձեռնությունների մեկնարկը տրված է, իսկ ծրագրերի հիմքում քաղաքի համաչափ զարգացման սկզբունքն է:

 

 

 

404-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

2018-2022 թվականներին Վրաստանի նախագահի հրամանագրով Վրաստանի քաղաքացիություն է ստացել 13 հազար 575 օտարերկրացի, նրանցից 5 հազար 111-ի դեպքում վերականգնվել է Վրաստանի քաղաքացիությունը, իսկ 8 հազար 382-ին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել բացառիկ կարգով։ Այս մասին տեղեկությունը տրամադրում է նախագահի աշխատակազմը։ 2018-2022 թվականներին Վրաստանի քաղաքացիություն ստացած 8 հազար 464 անձանցից 72 տոկոսը (6 հազար 75 հոգի) եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ նույն ժամանակահատվածում Ռուսաստանից հետո ամենաշատը՝ 428 մարդ, եղել են Ուկրաինայի, 404-ը՝ Հայաստանի, իսկ 330-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ։ Նշվում է նաեւ, որ 2022 թվականի հուլիսի 7-ի դրությամբ Վրաստանի քաղաքացիություն է ստացել Ռուսաստանի 723 քաղաքացի, այդ թվում՝ 551 քաղաքացի՝ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո։ Նույն ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել Ուկրաինայի 8 քաղաքացու։

 

 

 

ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2020 թվականի արցախյան պատերազմի մասնակիցներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու պետական աջակցության ծրագիրը շարունակվում է:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ կառավարության՝ սեպտեմբերի 1-ին կայացած նիստում ընդունված որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով: Հատկացված 52 մլն 380 հազար դրամ գումարի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում կստանան ընթացիկ տարվա մարտի 22-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շուրջ 221 շահառուներ, որոնք զորացրվել են 2021-2022 թվականների ձմեռային զորացրման ժամանակ: Ընդհանուր առմամբ նշված պետական ծրագրով 2021 թ.-ին ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց տրվել է շուրջ 1 մլրդ 595 մլն 931 հազար դրամի փոխհատուցում, իսկ 2022 թ.՝ 1026 ուսանող, որոնց տրվել է շուրջ 233 մլն 262 հազար դրամի չափով ուսման վարձի փոխհատուցում: Ուսման վարձի փոխհատուցման գործընթացը եւ բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա շահառուների տվյալների հավաքագրումը ԿԳՄՍ նախարարության կողմից կշարունակվի մինչեւ պատերազմի մասնակից ժամկետային բոլոր զինծառայողների զորացրումը:




Լրահոս