ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 84

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, եւ ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից,- այսպիսի խոսքեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր 2018 թվականի օգոստոսի 17-ին, ապա շարունակել։- Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքե՛ք եւ կատակ չանեք ժողովրդի հետ»: Իրականում անձամբ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները հրահանգներ տվել են դատական համակարգի ներկայացուցիչներին, եւ դրա մասին փաստերն աղաղակող են: Հենց ինքը՝ Փաշինյանը, 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարեց. «Չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»: Բացի այդ, հիշեցնենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեպքը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր քրեական գործերի սպառնալիքներով հասնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականին։ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով հայտնի էր դարձել, որ  Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, որը ՀՀ ապագա գլխավոր դատախազն է, ապօրինի հանձնարարություններ է տվել եւ քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել։ Վերջին աղաղակող փաստը Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան ձայնագրությունն էր, որից կրկին պարզ դարձավ, որ ոչինչ չի արվում առանց Փաշինյանի իմացության եւ ուղիղ հրահանգի: Ստացվում է՝ դատական համակարգի անկախության մասին խոսքերը փուչ են եղել, եւ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին՝ ասելով, թե դատարաններին ոչինչ չի հրահանգում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Հակոբ Սիմիդյանը՝ որպես նախարար, հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում հետաքրքրություն ունեցող գործարարների եւ սեփականատերերի հետ, ինչի մասին ուժային կառույցներն արդեն զեկուցել են Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, Փաշինյանը տեղյակ է, որ շատ հանքատերեր իրենց արտոնյալ են զգում Սիմիդյանի օրոք: Բացի այդ, Հակոբ Սիմիդյանը նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվող շինարարությունների թեմաների մեջ է ակտիվ ներգրավված: Մեզ հասած տեղեկություններով՝ նա է Հայաստանում փաստացի համակարգում ֆուտբոլի ուղղությունը՝ որպես կառավարության կողմից ոլորտ «գործուղված» համակարգող: Այստեղ եւս անհասկանալի բաներ են տեղի ունենում, ինչի համար էլ Սիմիդյանը հայտնվել է ուժայինների ուշադրության կետրոնում: Այսինքն՝ այս մասով էլ կան զեկուցումներ: «Մտավախություն ունե՞ք, որ ուժային կառույցները ինչ-որ բաներ կբացահայտեն նախարար Սիմիդյանի մասին, ու արդյո՞ք Սիմիդյանը մտադիր է հրաժեշտ տալ նախարարի պորտֆելին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ծայրից ծայր աբսուրդ է»: Իհարկե, ժամանակը ցույց կտա աբսուրդի ժանրի նրբությունները:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն»,- ասել է Զարեհ Սարգսյանը: Նկատենք, որ պայթյունը եղել էր Սարգսյանին պատկանող Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: Այդ տարածքից փոքր-ինչ հեռավորության վրա է գտնվում պատգամավորի հայրական տունը, ու համադրելով բոլոր հանգամանքները՝ հարց է առաջանում՝ պայթյունն ուղղակի պատահականություն է եղել, թե ՔՊ-ական պագամավորի դեմ է ուղղված. գուցե մարդիկ կան, որոնք փորձել են ինչ-որ բան հասկացնել պատգամավորին կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին: Բոլոր հանգամանքները, հուսանք, իրավապահները կպարզեն: Նկատենք, որ վերոնշյալ դեպքից տասն օր առաջ Aravot.am-ը գրել էր՝ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով անհայտ քաղաքացին ԱԻՆ-ին ասել է, թե ինքը Խոտաբիչն է եւ պատրաստ է պայթեցնել Հայաստանի բոլոր գործարանները, մետրոպոլիտենի կայարանները, օդանավակայանը, նաեւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը: ԱԻՆ-ին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկած անհայտ անձը նաեւ գրել է, որ կկտրի բոլոր պատգամավորների, պաշտոնյաների կոկորդը, եւ սա կանխելու համար իրեն պետք է փոխանցել մի քանի «բիթքոյններ»: Չի բացառվում, որ վերոնշյալ դեպքերը մեկը մյուսի հետ կապ ունեն: ArmLur.am-ը ավելի վաղ էր տեղեկացրել՝ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 05.00-ին Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել: Պայթյունից վնասվել էր Ն. Զարյան փողոցի խանութ-յուղման կետի դռան ապակին:

 

 

 

 

Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ծնվածների թիվը բավականին պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ մեր նորածինների թիվը, նախորդ տարվա համեմատ, այս տարի պակասել է 694-ով: Այսպես, եթե 2020 թվականի հունվար-հուլիսին ծնվածների թիվը կազմել է 19 հազար 435, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 20 հազար 164, ապա այս տարվա՝ 2022-ի նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 19 հազար 470: Բացի այս, պակասել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 283-ից հասնելով 257-ի: Մյուս նորությունն այն է, որ Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2577, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 138-ով: Մյուս կողմից՝ պակասել են ամուսնությունները, 2020-ի հունվար-հուլիսին՝ 6436, 2021-ի յոթ ամիսներին՝ 9629, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 9306: Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:

 

 




Լրահոս