«Արցախի անկախությունը մեր նորօրյա պատմության մեծագույն ձեռքբերումն էր, ու այսօր, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ Արցախի ինքնորոշման մասին անգամ չի խոսվում, ստացվում է՝ այդ հսկայական ձեռբերումը, որ մեր սերունդների ջանքերի, եռանդի ու միասնականության շնորհիվ էինք ունեցել, ըստ էության, ի չիք է դառնում: Մենք այժմ ոչ թե նորից, այլ դեռ մի բան էլ ներքեւից սկսելու խնդիր ունենք: Պետք է կարողանանք վերականգնել ոչ միայն մեր հաղթանակը, այլ նաեւ մեր արժանապատվությունը»- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Նրա համոզմամբ՝ նրա արժանապատվությունն ուղղակիորեն այսօրվա հետ է կապված, ու եթե այս հանգամանքը չհասկականք, գնանք, այսպես ասած, «խաղաղության» ձեւակերպումների հետեւից, ապա դա «հանուն խաղաղության» նվաստացում կլինի: Ռուստամյանի կարծիքով՝ ժողովուրդը, ի տարբերություն իշխանությունների, նման բան չի ուզում, հետեւաբար մարդիկ պետք է համախմբվեն, որ կարողանան այս նվաստացած, նսեմացած վիճակից դուրս գալ ու վերականգնել իրենց արժանապատվությունը:
-Սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժման հերթական հավաքն էր. նմանատիպ հավաքները, ակցիաներն արդյոք շարունակակա՞ն են լինելու:
-Անպայման, իհարկե: Հավաքն ինքնանպատակ չէր, հայությունը պետք է արթնանա: Վստահ եմ՝ շատերն են հասկանում ու գիտակցում իրավիճակի լրջությունն ու կործանարար լինելու հանգամանքը, հետեւաբար բոլորով միասին, առանց որեւէ տարաձայնության, գլխավորն ու կարեւորը տեսնելով, պետք է կարողանանք գտնել հնարավոր այն ձեւերն ու մեթոդները, որ թույլ կտա միավորվել մեկ գաղափարի շուրջը: Հենց միավորվեցինք, ապա, չկասկածե՛ք, անկասելի ուժ կդառնանք:
-Արտախորհրդարանական ուժերից շատերն են պնդում, որ խորհրդարանական ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին «իմպիչմենտ» հայտնելու գործընթաց պետք է սկսի: Որպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ՝ ի՞նչ կասեք, այս մասով ինչ-ինչ քայլեր ձեռնարկո՞ւմ եք, քննարկումներ կա՞ն:
-Անշուշտ, դա միջոցներից մեկն է, բայց պետք է համապատասխան նախապատրաստական աշխատանք տանելուց հետո միայն այն իրականացվի: Ընդդիմությունը դե յուրե ձայների 1/3-ն ունի, բայց դե յուրեն դե ֆակտոյի պետք է վերածել, ապա նոր միայն օրակարգ ձեւավորել ու հրապարակ բերել: Դրանից զատ, պետք է աշխատել նաեւ մյուսների հետ (նկատի ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը- հեղ.) ու հասկացնել՝ սա ոչ թե իշխանության կռիվ է, այլ ուղղակի անհրաժեշտ քայլ՝ մեզ ուղղված մարտահրավերներին դիմակայելու համար:
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ իմպիչմենտ հայտնելու գործընթացի մասով իշխանական պատգամավորների հետ քննարկումներ ունեք:
-Այսպես ասեմ, հեռակա կարգով, կարծում եմ, այո, բայց անմիջական շփումներ դեռ չեն սկսվել, բայց, կարծում եմ, դրա ժամանակն էլ կգա: Իմպիչմենտը պոզիտիվ անվստահություն է ենթարդրում (կանոնակարգն է այդպես պահանջում), այսինքն՝ պետք է ոչ միայն ասել, որ Փաշինյանը պետք է հեռանա, այլ պետք է ասել՝ ով է գալիս նրա փոխարեն: Նման գործընթացը բավական լայն գործընթաց է ենթադրում՝ հասկանալու համար, որ, այո, գալու է մի պահ, որ եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ապա այս մթնոլորտը, նվաստացման այս վիճակը նույնպես մնալու է: Փաշինյանի գնալը կարող է նոր շունչ հաղորդել մեր երկրին ու պետության ապագային արժանապատիվ կյանք ունենալու իմաստով, իսկ դա, կարծում եմ, պետք է վեր լինի ցանկացած անձի իքնագնահատականից ու ամբիցիաներից:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
ՔՊ աղբյուրներից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: ArmLur.am֊ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել փակ, գաղտնի հանդիպումից։ Մասնավորապես, այդ հանդիպմանը Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մանրամասները։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ «խաղաղության բացման» դարաշրջանին։ Ավելին՝ ՀՀ վարչապետն ասել է, որ խաղաղության պայմանագիրն առաջիկայում կնքելու են։
Քննարկում է տեղի ունեցել նաեւ առաջիկա Աժ նստաշրջանի մեկնարկման մասին։ Սեպտեմբերի 12-ին նիստերը սկսելու են, ու ընդդիմությունը խորհրդարան պետք է վերադառնա։ ՔՊ-ն իր անելիքներն է պլանավորել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորագրության՝ քննարկվել են գերիների ազատ արձակմանը եւ անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը եւ սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:
Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին:
Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:
ԱՎԱԳԱՆԻՆ ԿՈՐՈՇԻ
Համայնքի ավագանու լիազորությունները կընդլայնվեն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է համայնքի ավագանուն լիազորել սահմանելու աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները։ Բացի այս, համայնքի ավագանին իրավունք կունենա բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով կազմված եզրակացության մեջ անհամապատասխանությունների մասին տեղեկություններ հայտնաբերելու դեպքում դիմել համապատասխան իրավասու մարմիններին։ Ի դեպ, այս որոշման նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
Նշենք, որ նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված է եղել նաեւ Երեւանի քաղաքապետարանը։ Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երեւանի բյուջեից:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ համապատասխան կարգավորումներն իրականացվելու են նաեւ մյուս համայնքներում՝ պայմանավորված համայնքների խոշորացմամբ, բացառությամբ մեծամասնական ընտրակարգով ձեւավորվող ավագանի ունեցող համայնքների:
«ՁԱԽՈՂԱԾ ՔԱՂԱՔԱՊԵՏ»
«Քաղաքական թատրոնից դուրս եմ եկել ու գնում եմ դեպի Սունդուկյանի անվան թատրոն»,- իր մոնոներկայացման անոնսի մեջ ասում է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գնհատամամբ, սակայն, Մարությանը թատրոնից դուրս չէր էր եկել ու շարունակում էր քաղաքապետ խաղալ: Նախկին քաղաքապետը, ըստ ավագանու անդամի, Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ բարձր վարկանիշ ուներ ոչ թե իր, այլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շնորհիվ:
«Հայկ Մարությանը պատմության մեջ կմնա որպես ձախողած ու իմպիչմենտով հեռացված քաղաքապետ, որ ամեն ինչ անում էր իր PR-ի համար՝ չնայած հանգամանքին, որ իր պաշտոնավարման ժամանակ լրջագույն խնդիրներ էր առաջացնում»,- «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում ասում է Խաժակյանը: Նախկին պաշտոնյային ու հանրային դեմքին չբնորոշող ոչ կոռեկտ նմանատիպ արտահայտության («Մարուքյանը, կարծում եմ, հետնամուտքի մոտ է») պատճառը, ըստ Դավիթ Խաժակյանի, փոքրոգիությունն է ու այն հանգամանքը, որ իրենք նույնպես միացել էին նախկին քաղաքապետին իմպինչմենտ հայտնելու գործընթացին: «Նա Մարուքյանից քեն է քշում պարզապես»,- ընդգծում է Խաժակյանն ու ավելացնում, որ Մարությանը գուցե հույս է ունեցել, թե զոհի կարգավիճակ ընդունելով՝ կարող է այնպես անել, որ իրենք փոխեն դիրքորոշումը ու աջակցություն հայտնեն, բայց ինչպե՞ս կարող էին աջակցել մի մարդու, ում աշխատանքը վաղուց ու շատ մոտիկից էին տեսել: