ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստի թավշյա շրջանն արդեն մեկնարկել է։ Շատերը նախընտրում են հանգստանալու մեկնել ոչ թե ամռանը, այլ աշնանը։ Նշենք, որ ամառային հանգստի շրջանի ավարտից հետո ավիատոմսերի եւ հյուրանոցների գները փոխվում են ու ավելի էժանանում։ Որտե՞ղ մեկնել, որպեսզի ուղեւորությունը հաջողված լինի եւ էժան։

 

Մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է իր հանգիստն անցկացնել Եգիպտոսում, քանի որ գրպանին շատ հարմար է: Բացի այս, շատերը նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել նաեւ Դուբայում, այստեղ շոգն աշնանը մեղմանում է:

«Ախթամար» տուրիստական ընկերությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է իր հանգիստն անցկացնել Եգիպտոսում: Այս տուրընկերությունից նշեցին, որ 2 անձի համար նախատեսված փաթեթի արժեքը սկսվում է 1200 դոլարից:

«Ռիմա Թրավել» ընկերության հիմնադիր-տնօրեն Ռիմա Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանի քաղաքացիները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել ոչ միայն Եգիպտոսում, այլեւ Դուբայում, եվրոպական քաղաքներում:

«Բայց ՀՀ քաղաքացիները հիմնականում նախընտրում են Եգիպտոս գնալ, քանի որ, մնացած երկրների հետ համեմատ, ավելի մատչելի է եւ որակյալ ծառայություններ է իրականացնում: Իսկ ՀՀ քաղաքացուն ի՞նչ է պետք. ավիատոմսի արժեքը, որի մեջ սնունդը լիարժեք ներառված լինի, նաեւ դիմավորում, ճանապարհում, որպեսզի ինքը հավելյալ քաշքշուկների մեջ չընկնի: Դա է պատճառը, որ մեր հայրենակիցները նախընտրում են մեկնել Եգիպտոս»,- ներկայացրեց Ռիմա Խաչատրյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց տուրընկերությունը դեպի Եգիպտոս մեկ անձի համար առաջարկում է 500-դոլարանոց փաթեթ, 2 անձի համար՝ 1100-1200 դոլար: Արժեքները պայմանավորված են՝ ըստ հյուրանոցների կատեգորիաների, նայած քանի աստղանի հյուրանոց է նախընտրում զբոսաշրջիկը: «Կան մարդիկ, որոնք ուզում են, որ փաթեթի արժեքը լինի 500 դոլար, 5 աստղանի եւ բարձր կատեգորիայի հյուրանոց: Մենք ինքներս էլ խելացի մարդիկ ենք եւ հասկանում ենք, որ բարձր կատեգորիայի հյուրանոց եւ մատչելի միասին չի կարող լինել: Թավշյա շրջանի համար այնքանով է լավ Եգիպտոսը, որ արեւայրուքը հավասարաչափ է լինում, հանգստավայրերում հանգիստ է»,- նկատեց տուրընկերության ներկայացուցիչը:

Իսկ դեպի Դուբայ ուղղության արժեքը մեկ անձի համար սկսում է մոտ 700-800 դոլարից, նայած թե որ օրը ավիատոմսն ինչ արժեք կունենա, եւ զբոսաշրջիկն ինչ կատեգորիայի հյուրանոց կընտի եւ որ հատվածում է նախընտրում հանգստանալ, ծովափնյա հանգիստ է ուզում արդյոք, թե առեւտրի համար է մեկնում: Կա նաեւ մեծ տարբերություն՝ Դուբայ է մեկնում, թե Շարժա:

Զրույցի ավարտին զբոսաշրջային ընկերության ներկայուցիցչն ասաց, որ վերջերս մեր հայրենակիցները նախընտրում են հանգստանալ նաեւ Թունիսում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ

2022 թվականի օգոստոսի 1-ից Լեհաստանի օդանավակայանների միջոցով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Լեհաստանի Հանրապետությունը սահմանել է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն` համաձայն 2009 թ. հուլիսի 13-ի Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի կանոնակարգ (ԵՀ) No 810/2009՝ Վիզաների մասին Համայնքային օրենսգրքի (Վիզաների մասին օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունից:

 

Օդանավակայանի տարանցիկ վիզան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է տալիս գտնվել միջազգային տարանցիկ գոտում, առանց դրանից դուրս գալու հնարավորության։

Վիզա տրամադրելու հյուպատոսական վճարը կազմում է 80,00 եվրո:

Օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտականությունից ազատված են.

1) Եվրամիության անդամ պետություններից մեկի կողմից տրված C կամ D տեսակի մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության օգտատերերը,

2) երրորդ երկրի քաղաքացիները, որոնք ունեն վավեր կացության թույլտվություն, որը տրվել է շենգեն անդամ պետության կողմից, որը վերը նշված Կանոնակարգի մասնակից չէ կամ դեռ ամբողջությամբ չի կիրառում Շենգենյան օրենսդրության դրույթները, կամ Անդորրայի, Կանադայի, Ճապոնիայի, Սան Մարինոյի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տրված` Արտոնագրային օրենսգրքի Հավելված V-ում նշված եւ օգտատերի անվերապահ հետընդունումը երաշխավորող կացության փաստաթուղթ կամ Նիդերլանդների Թագավորության մեջ մտնող մեկ կամ ավելի անդրծովյան երկրներից եւ տարածքների (Արուբա, Կյուրասաո, Սինտ Մաարտեն, Բոնեյր, Սինտ Էվստատիուս, Սաբա) կողմից տրված վավեր կացության թույլտվություն ունեցող երրորդ երկրի քաղաքացները:

3) երրորդ երկրի քաղաքացիները, որոնք ունեն վավեր մուտքի արտոնագիր, որը տրվել է շենգեն անդամ պետության կողմից, որը վերը նշված Կանոնակարգի մասնակից չէ կամ դեռ ամբողջությամբ չի կիրառում շենգենյան օրենսդրության դրույթները, կամ ունեն վավեր մուտքի արտոնագիր` տրված Կանադայում, Ճապոնիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Նիդերլանդների Թագավորության մեջ մտնող Արուբայում, Կյուրասաոյում Սինտ Մաարտենում, Բոնեյրեում, Սինտ Էվստատիուսում, Սաբայում, եթե այդ մուտքի արտոնագրով ճանապարհորդում են դեպի այդ մուտքի արտոնագիրը տրամադրած երկիր կամ ցանկացած այլ երրորդ երկիր կամ մուտքի արտոնագրի կիրառումից հետո վերադառնում են այդ մուտքի արտոնագիրը տրամադրած երկրից,

4) Եվրամիության քաղաքացու ընտանիքի մերձավոր անդամները` նշված Կանոնակարգի 1-ն հոդվածի 2-րդ մասում,

5) դիվանագիտական անձնագրերի օգտատերերը,

6) օդանավի անձնակազմի անդամները, որոնք միաժամանակ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության քաղաքացի են։

 

 

 

ԱՆԲԱՐՈ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2022թ. սեպտեմբերի 1-ից  Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը սպասարկում է  «Բարեշեն  տանիք»  կազմակերպությունը, որն առնչվում  է Ծովագյուղ  համայնքը  2012-2021 թվականներին ղեկավարած Վահրամ Գեւորգյանի հետ։ Վերջինս  հեռախոսազրուցում չհերքեց, որ սերտ առնչություն ունի այդ կազմակերպության հետ՝ ասելով, որ այն  իր  հարազատին է  պատկանում։ Նա հայտնեց, որ կայացած մրցույթում հաղթել է այդ կազմակերպությունը եւ  Դիլիջանի թունելը կսպասարկի առաջիկա  երկու տարվա  եւ 4 ամիսների ընթացքում։ Նրան հարցրի՝ ճիշտ են արդյոք այն խոսակցությունները, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը  թունելի սպասարկման մրցույթի  արդյունքները հօգուտ իրենց կազմակերպության է որոշել այն բանի համար, որպեսզի ծովագյուղացիները փոխեն համայնքի խոշորացման, Սեւան համայնքի կազմում Ծովագյուղի ընդգրկվելու դեմ իրենց դիրքորոշումը։

Վ. Գեւորգյանը նման խոսակցությունը անբարո համարեց՝ ասելով, որ  մրցութի  300 միլիոն դրամ  պայմանի դեպքում իրենք առաջարկել են ընդամենը  180 միլիոն դրամ եւ շահել մրցույթը։ 2257 մետր  երկարությամբ Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային  թունելի շինարարությունը սկսվել է 1970 թվականին, սակայն   1992 թվականին շինարարությունը  դադարեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով։ Վերսկսված շինարարությունը ֆինանսավորել է «Լինս» հիմնադրամը՝ այդ նպատակով հատկացնելով 6,7 միլիոն դոլար։ Թունելի վերսկսված շինարարության ընթացքում զոհվեց 2 բանվոր, թունելը շահագործման հանձնվեց  2004 թվականին։

Վարորդները դժգոհում են Դիլիջանի ավտոմոբիլային թունելում օդափոխության վատ վիճակից, որտեղով անցնող ավտոմեքենաների այրած գազերը, արտանետած ծուխը խեղդում են մեքենաների ուղեւորներին։ Թունելում վատ է նաեւ  լուսավորվածությունը,  թունելի ասֆալտի ծածկը որոշ  անհարթություններ ունի։ Դիլիջանի ավտոմոբիլային թունելը  նախկինում   սպասարկում էր Էդուարդ Բեզոյանի «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Է. Բեզոյանը «Լինս» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի ղեկավարն է, 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո էլ ճանապարհաշինական եւ  Դիլիջանի ավտոմոբիլային թունելի սպասարկման ծրագրեր էր  իրականացնում։ ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսի 19-ի նիստում մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու վերաբերյալ որոշում է կայացրել, որով նախատեսվել է Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով, «Ճանապարհ» ՍՊԸ-ի հետ կնքել պայմանագիր՝ 40 միլիոն  դրամ ընդհանուր արժողությամբ:

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս