Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել աղետի գոտու բնակավայրերի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը։
Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում սա հնարավորություն կտա աղետի գոտու բնակավայրերն ազատել քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ եւ քաղաքաշինական նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից, անհարիր շինություններից՝ վերականգնելով տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը: Նախագծի ընդունման դեպքում կառավարություն որոշում կընդունի.
- հաստատել աղետի գոտու բնակավայրերի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը՝ համաձայն հավելվածի,
- սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթները տարածվում են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղադրված կամ կառուցված բոլոր ոչ հիմնական շինությունների եւ որպես ոչ հիմնական շինություն համարակալված հիմնական շինությունների վրա՝ անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առեւտրի, կենցաղային եւ այլ նպատակներով) եւ պատկանելությունից,
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով նախատեսված գործընթացի իրականացման համար ելակետային են հանդիսանում Հայաստանի Հանապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N361-Ն որոշման եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում փաստագրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ գրաֆիկական եւ աղյուսակային նյութերը, որոնք ենթակա են ճշտման ոչ հիմնական շինությունների եւ դրանցում բնակվող ընտանիքներին վերաբերող փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության արդյունքում,
3) բնակության նպատակով օգտագործվող ոչ հիմնական շինությունների քանդման եւ տարածքների ազատման ժամանակ այդ շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով ցուցաբերվում է պետական աջակցության տարբերակված մոտեցում՝ կախված տվյալ ընտանիքի՝ ոչ հիմնական շինությունում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից,
4) սույն որոշմամբ սահմանված մոտեցումների եւ առաջնահերթությունների համաձայն՝ պետական աջակցություն ստանալու հավակնող ընտանիքներին նախատեսված աջակցության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներում նախատեսվում են համապատասխան մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացված հայտերի հիման վրա,
5) սույն որոշմամբ նախատեսված գործընթացը մեկնարկում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եւ ավարտվում է ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբերի 1-ը,
- առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի համայնքների ղեկավարներին, սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով, դրանով ամրագրված մոտեցումների եւ առաջնահերթությունների համաձայն, ապահովել համայնքների բնակավայրերի տարածքների պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացը,
- Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզպետներին համակարգել սույն որոշման 3-րդ կետով սահմանված գործընթացը եւ կիսամյակային պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել տեղեկատվություն՝ քանդված (ապամոնտաժված) ոչ հիմնական շինությունների եւ քանդված (ապամոնտաժված) ոչ հիմնական շինություններից վերաբնակեցված ընտանիքների վերաբերյալ:
ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Սերբիայի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը 2022-2023 թթ. ուսումնական տարվա համար հայտարարել է «Աշխարհը՝ Սերբիայում» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում Սերբիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակ: ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագրին կարող են դիմել նաեւ ՀՀ քաղաքացիները: Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 24-ը ներառյալ՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00: Ծրագրին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին:
ՏԱՐԿԵՏՈՒՄ՝ ԲՈՒՀԵՐՈՒՄ
Բանակում ծառայությունից տարկետում կտրամադրվի նաեւ նրանց, ովքեր սովորում են համապատասխան բուհերում պետության համար գերակա եւ կարեւոր մասնագիտությունների գծով, բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ինժեներիայի եւ մաթեմատիկայի ոլորտներում։ Այս մասին Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ՝ սեպտեմբերի 5-ին, ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նախարարի խոսքով՝ այս խնդիրն առաջացել էր դեռեւս 2017թ.։ Այն ժամանակ տեղի են ունեցել փոփոխություններ «Պարտադիր զինծառայության մասին» օրենքում։ Բոլորին պարտավորեցրել են ծառայել բանակում, ընդ որում՝ շատ ուսանողներ բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորելու շրջանում տարկետում ստանում էին։ Արդյունքում գրեթե բոլորը հետագայում բախվել են խնդրի. այսպես, մինչեւ 27 տարեկանը կամ պետք էր ծառայել, կամ ինչ-որ կերպ ազատվել ծառայությունից։ «Այսպիսով, ասպիրանտի կրթությունը մնում էր անավարտ եւ, ըստ էության, անիմաստ։ Այս առնչությամբ նրանց համար, ովքեր տարկետում են ստացել ուսման համար եւ հասել են 27 տարեկանի, մենք առաջարկում ենք սահմանել նոր տարիքային սահմանափակում՝ 28 տարեկան նախկին 27-ի փոխարեն։ 27 թիվը մենք ժառանգել ենք դեռեւս խորհրդային շրջանից։ Այն ժամանակ դպրոցում 10 տարի էին սովորում։ Հիմա դպրոցում ուսումը 12 տարի է։ Ընդ որում՝ բակալավրիատում սովորում են 4 տարի, մագիստրատուրայում՝ 2, ասպիրանտուրայում՝ 3, եւ շատ աշակերտներ դպրոցն ավարտում են 18 տարեկանում։ Ուստի, մենք փոխում ենք 27-ը 28-ով։ Դա նաեւ կթեթեւացնի նախարարության պրոֆիլային բաժնի աշխատանքը»,- ասել է Դումանյանը՝ տեղեկացնելով, որ ուսանողների հետ կստորագրվեն համապատասխան համաձայնագրեր։ Բավական երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։