ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի Զառա Արամյանը` Համով Զառան, իր գործունեության ողջ ընթացքում տարբերվել է իր անկեղծ աշխատելաոճով եւ ստեղծագործական գործունեությամբ: Հայկական հեռուստատեսության միակ թոք շոուն է, որը   շուրջ 30 տարի եթերում է, եւ որի  հեղինակն ու վարողն է Զառա Արամյանը:

 

Զառան իր գործունեության ընթացքում  «համով զրույցներ» է վարել աշխարհում ճանաչված մեծանուն հայերի հետ, ինչպիսիք են երջանկահիշատակ Գոհար Գասպարյանը, Ջիվան Գասպարյանը, Մհեր Մկրտչյանը, Սիլվա Կապուտիկյանը, Կարպ Խաչվանքյանը, Սվետլաննա Գիգորյանը, Ֆրունզե Դովլաթյանը:  Նրա հաղորդումները անկեղծ  զրույցներով առանձնացել են քաղաքական դեմքերի հետ, որոնք համով Զառայի  հետ զրույցից հետո բոլորովին այլ կողմից են բացահայտվել եւ ընդունելի եղել ժողովրդի կողմից:

Զառա Արամյանն այն հաղորդավարուհին  է, որը կարողանում է թափանցել մարդկանց ներաշխարհը՝  բացահայտելով նրանց  թաքնված եւ գեղեցիկ կողմերը, որոնք տեսանելի չեն հեռուստադիտողի համար: Հետաքրքրկան է, որ Զառա Արամյանը, լինելով  պրոֆեսիոնալ հաղորդավարուհի, ցանկացած զրույցից առաջ մեծ աշխատանք է կատարում՝ նախապես պատրաստվելով զրույցին: Եթե զրուցակիցը ֆիզիկոս է, ապա  նա լիովին սկսում է ուսումնասիրել ֆիզիկայի հիմունքները. եթե բժիշկ է, ապա ուսումնասիրում է տվալ մասնագիտությունը, եւ այսպես շարունակ: Այստեղ են ասել, որ լրագրողը դառնում է բոլոր մասնագիտությունների կրողը:

30 տարի շարունակ լինելով հեռուստաեթերում՝ յուրաքանչյուրը հյուրը դարձել է նրա ընկերը: Եղել են շատ հումորային, ինչպես նաեւ հուզական դրվագներ. «Երբ Ջիվան Գասպարյանի հետ պատրաստվում էի «համով զրույցի», հաղորդման ժամանակ մի դրվագ կար, որ պետք է Ջիվան Գասպարյանի կնոջը նկարահանեինք, իսկ նրա կինն աննկարագրելի համեստ էր եւ սարսափում էր տեսախցիկներից. երբ վերջապես հանգստացրեցի  նրան, երկար զրույցների շնորհիվ նկարահանումը սկսեցինք, մեկ էլ որտեղից որտեղ մի  ճանճ եկավ ու կանգնեց նրա այտին: Օպերատորները խառնվել են իրար, թե ոնց շարունակեն նկարահանումը, իսկ ես հասկացա՝ եթե ես հիմա կանգ առնեմ, ապա այլեւս չեմ կարող շարունակել նկարահանումը: Շատ արագ կողմնորոշվեցի եւ կարողացա իրավիճակը հարթել: Սկսեցի հարցեր տալ այսպես ակտիվ ձեռքի շարժումներով, եւ հենց ճանճը կանգնում էր նրա այտին, ձեռքով քշում էի, մինչեւ ավարտեցինք այդ դաժան նկարահանումը»:

Ի դեպ, նշենք, որ Զառա Արամյանը կրկին հեռուստաեթերում է՝ լի եռանդով եւ հումորով, շարունակելով  վարել իր հեղինակային եւ սիրված «Համով զրույցը» «Նուռ» հեռուստաընկերությամբ: Նա ապահովել հաղորդման բարձր դիտելիություն:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԻ ՉԷ

Մայր տաճարի բացումն այս տարի նախատեսված չէ: Այս մասին, ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան, ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:  Էջմիածին Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները նախատեսված էր ավարտել 2022 թվականին:

Նախագծի գլխավոր ճարտարապետի խոսքով` մի քանի հարյուր տարի տաճարը վերանորոգման կարիք չի ունենա։

Տեր Եսայի քահանայի խոսքով՝ այս տարի չի լինի նաեւ Սուրբ Մյուռոնի օրհնության արարողակարգը: Նշենք, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցում մյուռոն օգտագործվել է դեռեւս առաքելական ժամանակներից: Ավանդությունն ասում է, որ Ս. Թադեոս առաքյալը, գալով Հայաստան, իր հետ բերած յուղով օծում եւ բշժկում է Աբգար թագավորին: Մեր եկեղեցում մյուռոն օրհնելու շնորհը միմիայն Ամենայն Հայոց կաթողիկոսինն է:

Սուրբ մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու յուղն է, ապա բալասանը, որոնց խառնում են շուրջ քառասուն տեսակի անուշահոտ, հոտավետ խունկերի, ծաղիկների, բույսերի արմատների միաշաղախ հեղուկը: Ամբողջ զանգվածը լցնում են կաթսայի մեջ, որն այնուհետեւ դնում են եռացող ջրով լցված մեկ ուրիշ կաթսայի մեջ, ու որտեղ  շուրջ երկու օր եփվում է ողջ զանգվածը աղոթքների եւ սաղմոսների ներքո, այնուհետեւ թողնում են հանգստանալու եւս երկու օր՝ մինչեւ օրհնության օրը:

 

 

 

ԱՇՏԱՐԱԿԻ ՉՈԼԵՐՈՒՄ Ի՞ՆՉ ԿԱ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտմբերի 1-ի կառավարության նիստում անդրադարձավ ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրերին, որտեղ կտեղափոխվեն հանրապետության բոլոր պետական բուհերը։

Այս անռչությամբ ArmLur.am-ը զրուցել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հետ, որը մեզ հետ զրույցում իրատեսական չհամարեց պետական բուհերը Աշտարակ քաղաք տեղափոխելու մասին ծրագիրը:

«Մեզ ոչ մի բան դեռ չեն ասել: Ո՞նց պետք է Երեւանի պետական կամ Բժշկական համալսարանները տեղափոխեն Աշտարակ: Ես ոչ մի բան չգիտեմ՝ որ բուհը որի հետ պետք է միանա: Կարծում եմ՝ այդ ծրագիրն անհնար է իրականացնել. Աշտարակի չոլերում ինչ կա՞, որ տեղափոխեն, կարո՞ղ եք ինձ ասել»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Կառավարությունը մտադիր է խոշորացնել բուհերը, նպատակ կա ունենալ 8 պետական կոնսոլիդացված բուհ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նշենք, որ բացի վերոնշյալ երեք բուհերի միավորումից, կառավարության ավելի վաղ ունեցած տեսլականներից էր նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՎԱՐՏՎԵՑ ՄՐՑԱՇԱՐԸ

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում: Dubai open 22-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը, 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր, զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: Արամ Հակոբյանը 6 միավորով միայն 24-րդն է: Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 30-րդն է: Մրցաշարի հաղթողը հնդիկ Արավինդհ Չիտհամբարամն է, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:

 

 

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ 

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լեւոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում` Sinquefield Cup-ում, կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի նախկին անդամ Լեւոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Ֆրանսիայից Ալիռեզա Ֆիրուջային: Պարտվել է նաեւ աշխարհի գործող չեմպիոն Մագնու Կարլսենը, որը մրցում էր ԱՄՆ-ից Հանս Նիմանի հետ: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 2,5 միավորով Հանս Նիմանն է: Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:

 

 

 

ԱՌԱՋԱՏԱՐՆ ԱՆՓՈՓՈԽ Է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրից հետո առաջատարն անփոփոխ է: Ընթացիկ առաջնության 6-րդ տուրում հաղթանակներ են տոնել «Ուրարտուն», «Փյունիկը», «Ալաշկերտը» եւ «Արարատ-Արմենիան»: Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 16 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում «Ուրարտուն» է (12 միավոր), իսկ եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիան»: Վերջինիս հետ նույնքան՝ 10 միավոր ունի նաեւ «Վանը», սակայն Չարենցավանը ներկայացնող թիմը 4-րդն է:

 

 

 

WSF ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 9-11-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում տեղի կունենա WSF  վարկածով աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։ Թեպետ այս պահին Կամոն ունի ոտքի վնասվածք, բայց հույս հայտնեց, որ մինչեւ մրցաշարի մեկնարկը կվերագանգնվի։

Այս պահի դրությամբ WSF վարկածով աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել մոտավորապես 67 երկիր։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Ստամբուլում կայացած WSF վարկածով աշխարհի առաջնությանը Զ եզրափակչում Կամո Ունանյանը, հաղթելով ադրբեջանցի մարզիկին, դարձել է աշխարհի չեմպիոն։




Լրահոս