Ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով Հայաստան սնդիկի ներմուծումը կարգելվի, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից ներքին փոխադրումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կարգելվի նաեւ ՀՀ-ից արտահանումը։ Իսկ արգելքի ժամկետը սկսվելու է 2023 թվականի հունվարի 1-ից և գործելու է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ սահմանված կարգավորումների շնորհիվ Հայաստանից սնդիկի արտահանումը կլինի պետական մարմինների հսկողության ներքո, ինչը կնվազեցնի սնդիկի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերը։ Ավելին, այս կառույցն ակնկալում է, որ աստիճանաբար սնդիկի ներմուծումը կկրճատվի, դուրս կբերվի շրջանառությունից:
Նշենք, որ սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։ Սնդիկի հետ կապված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։
Ս.Հ.