Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ սեպտեմբերի 6-ին, քննարկել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր տեղի համար ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հակոբյանին ՀՌՀ թափուր տեղի համար առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Նրա թեկնածությունը երեկվա նիստի ժամանակ ընդունվել է միաձայն։
ՀՌՀ-ն այժմ նախագահող Տիգրան Հակոբյանի՝ որպես ՀՌՀ անդամ պաշտոնավարման ժամկետն ավարատվում է 2022-ի սեպտեմբերի 15-ին։ Նա ՀՌՀ անդամ է ընտրվել դեռևս 5-րդ գումարման ԱԺ կողմից 2016-ի սեպտեմբերի 15-ին։ Հակոբյանը ՀՌՀ-ն նախագահել սկսել է 2019-ի հունվարի 29-ից՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։ Խորհրդարանն, այժմ, Հակոբյանին որպես ՀՌՀ անդամ է ընտրելու, որպեսզի նա շարունակի պաշտոնավարել ՀՌՀ նախագահի պաշտոնում։
Դատելով հանգամանքից, որ Տիգրան Հակոբյանին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է առաջադևրել ՀՌՀ անդամի թեկնածու, ապա կարելի է ենթադրել, որ քաղաքական մեծամասնությունը նրա թեկնածությունը կպաշտպանի նաև ԱԺ լիագումար նիստերի ժամանակ կազմակերպվելիք քննարկումների ու վերջնական քվերակության ժամանակ։
Սևակ Վարդումյան