Երեւանում բնակարանների գները դարձյալ բարձրացել են. ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանի որոշ վարչական շրջաններում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են:
ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին հունիսի համեմատ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն էժանացել է 1600 դրամով. այն գերազանցում է 1793 դոլարը: Եթե հունիսին Փոքր Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը հունիսին կազմել է 744 հազար 100 դրամ, իսկ հուլիսին այն դարձել է 742 հազար 500 դրամ:
Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 400 դրամով, Քանաքեռ-Զեյթունում մնացել է նույնը: Իսկ ահա Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը նվազել է 950 դրամով: Աջափնյակ վարչական շրջանում հուլիսին հունիսի համեմատ բնակարանի մեկ քմ-ի գինը չնչին է բարձրացել՝ 300 դրամով:
Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում հուլիսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 388 հազար 500 դրամով, Ավանում` 336 հազար 500 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 337 հազար 500 դրամով, Նոր-Նորքում` 331 հազար 500 դրամով: Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ հունիսին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 204 հազար 300 դրամ, իսկ հուլիսին 205 հազար 100 դրամ:
Բայց նկատենք՝ մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում անշարժ գույքն էլ ավելի է թանկանալու:
Ս.Հ.