![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/305201626_122994600511298_7725041076118799320_n.jpg)
Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Կանզաս նահանգի միջև երկար տարիների պատմություն ունեցող և բարձր մակարդակի հարաբերությունները։ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության, մասնավորապես` Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած` գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իր հերթին տիկին Լորա Քելլին շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին Կանզաս այցելելու համար և վերահաստատել իր պատրաստակամությունը գործադրել առավելագույն ջանք` տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցում։
Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը Լորա Քելլիին հրավիրել է այցելել Հայաստան։ Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարարի այցի, Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել է Հայաստան-Կանզաս գործընկերության օր։