ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին նախարար ու տեւական ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանն էլ ղարաբաղցի է, բայց նրա պաշտոնական առաջխաղացման ղարաբաղյան գործոնը շատ քիչ դեր է կատարել, որովհետեւ նրա «բախտը չի բերել», ու ընտանիքը շատ շուտ թողել է Արցախն ու բնակություն հաստատել Սպիտակում, որտեղ էլ Գագիկ Եգանյանը դպրոց է գնացել, ապա տեղափոխվել Երեւանի պետական համալսարանին առընթեր ֆիզիկամաթեմատիկական դպրոցն ու 1972-ին ընդունվել համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ:
1977-ին ավարտել է այն, հետո էլ` ասպիրանտուրան, 1981-ին պաշտպանել թեկնածուական ատենախոսություն: Հետագայում նախարարի պաշտոն զբաղեցրած այս անձն էլ առնչություն չի ունեցել բանակի հետ: Ուրեմն նա էլ, խախտելով պետական ծառայողի համար պարտադիր համարվող զինվորական ծառայության մասին դրույթը, բարձր պաշտոն է զբաղեցնում… Ուղիղ 7 տարի գիտության թեկնածուն, ով պիտի գիտությամբ զբաղվեր, պաշտոնավարել է ՀՍՍՀ մինիստրների սովետի գործերի կառավարչության տարբեր բաժիններում` ընդամենը երկու տարի դասավանդելով բուհում: 1990-ին, երկրի համար բարդ ժամանակաշրջանում, նշանակվել է ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրի տեղակալ, 1991-ից` նախարարի առաջին տեղակալ: Խորհրդային տարիների համար մի տեսակ անսովոր էր նախարարի տեղակալի պաշտոն ստանալը երիտասարդ տարիքում, սակայն Եգանյանն այդ պաշտոնին նշանակվեց 34 տարեկան հասակում եւ ութ տարի պաշտոնավարեց` այսպես անկախ երկրում հաստատելով պաշտոնավարման յուրատեսակ ռեկորդ: Գուցե նա այդ պաշտոնում էլ մնար մինչեւ հիմա, եթե 1998-ին վարչապետ նշանակված Արմեն Դարբինյանը չփսփսար Ռոբերտ Քոչարյանի ականջին, որ Եգանյանը ղարաբաղյան ծագում ունի… Դե, եթե նման ծագում ունի, ուրեմն պիտի նախարար նշանակվի:
ՀՀ սոցապ նախարարի պաշտոնում Գագիկ Եգանյանը մնաց 1998-ի մայիսից մինչեւ 1999-ի սեպտեմբեր: Վարչապետ Վազգեն Սարգսյանը նրան չընդգրկեց իր կառավարության կազմում, քանի որ Եգանյանի դեմ լույս տեսած հրապարակումները բազմաթիվ էին, քիչ չէին դժգոհությունները: Իհարկե, նոր կառավարությունում Գագիկ Եգանյանը նախարարի պորտֆել չստացավ, բայց  Ռոբերտ Քոչարյանը հո չէ՞ր կարող նեղացնել իր հայրենակցին, ուստի նրան նշանակեց միգրացիայի վարչության պետ, որտեղ Եգանյանը մինչեւ օրս բարեհաջող իր ներկայությունն է հաստատել: Կառավարություններ են փոխվել, սոցապ նախարարներ են փոխվել, բայց նա մնացել է իր պաշտոնում… Պաշտոնավարման ընթացքում Գագիկ Եգանյանն առաջնային համարեց ոչ թե փախստականների խնդիրների լուծումը, այլ իր ու հարազատների բարեկեցության ապահովումը: Մայրաքաղաքի Ավետիսյան փողոցում գտնվող էլիտար շենքում իր համար հարմարավետ (այս ածականը համազոր է ճոխի) բնակարան գնելուց հետո էլ օգնեց, որպեսզի շենքը համալրվի իր գերդաստանի անդամներով: Այստեղ են նրա եղբայրները, ուրիշ հարազատներ, որոնց Գագիկ Եգանյանն օգնել է ունենալ նաեւ լավ պաշտոններ եւ աշխատանք:  Ինքը` Գագիկ Եգանյանը, աչքի չընկնելու համար հիմնականում ման է գալիս ոտքով, շքեղ մեքենաներից չի օգտվում… Քաղաքացի Կորեյկոյի նման` նա հավանաբար նաեւ միայն հաց ու կաթով է սնվում: Իր հարցազրույցներից մեկում էլ հայտարարել է, որ կուսակցական չէ: Բայց հո գիտենք, որ մի ժամանակ «Օրինաց երկրի» անդամ էր, հույս ուներ, որ Արթուր Բաղդասարյանն իրեն է վերադարձնելու սոցապ նախարարի պաշտոնը, ուստի ժամանակ առ ժամանակ ՕԵԿ-ի ակտիվիստները լուրեր էին տարածում, թե ուր որ է պաշտոնանկ է արվելու գործող նախարարը:
Ղեկավարելով միգրացիայի վարչությունը` Գագիկ Եգանյանն այստեղ սեփական օրենքներն է հաստատել, սեփական աշխատաոճը, որոնք էլ առիթ են տալիս, որ շատերը հեռանան այստեղից: Այսպես, 2011 թվականի ապրիլին աշխատանքից ազատվել են միգրացիոն ծառայության առանցքային պաշտոններ զբաղեցնող երեք աշխատակիցներ` երկուսը սեփական դիմումների համաձայն, երրորդը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ: Համակարգը լքել են միգրացիոն ծառայության փախստականների բաժնի պետը, ծառայության ենթակայության տակ գործունեություն ծավալող «Հանրակացարաններ բաժնետիրական ընկերության» տնօրենը եւ միգրացիոն ծառայության աշխատակազմի ղեկավարը: Նկատենք, որ հեռացել են նրանք, ովքեր անմիջական առնչություն ունեն փախստականների հետ, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հենց փախստականներն են հիմնականում բողոքում Գագիկ Եգանյանից, բացատրությունը պարզ կլինի: Փախստականներից շատերն ապրում են անասելի ծանր ու անմարդկային պայմաններում, նրանցից շատերը ստիպված են լինում հեռանալ երկրից, մինչդեռ գործակալության պետը միայն զբաղվում է թվերի հրապարակմամբ` այստեղ էլ թույլ տալով այնպիսի «լյապսուսներ», որոնք լսելուց հետո վարչապետն անմիջապես պիտի նրան պաշտոնանկ աներ: Այսպես, Գագիկ Եգանյանը հայտարարում է, որ արտագաղթը ոչ այլ ինչ է, եթե ոչ միգրացիոն բնականոն գործընթաց: Ուրեմն սեփական երկրում հայաթափումն այս պաշտոնյայի համար բնականոն մի բան է, հավանաբար բնականոն է նաեւ այն, որ երբեմն փախստականների համար նախատեսված բնակարաններն ու հանրակացարանները տրվում են «անհասկանալի» մարդկանց, իսկ Գյումրիում էլ վաճառում է փախստականներով բնակեցված հանրակացարանը` չմտածելով այնտեղ ապրողների մասին… Մոտ երկու ամիս առաջ փախստականները աղմուկ բարձրացրին այն առիթով, որ Քասախ գյուղում փախստականների համար կառուցված սոցիալական շենքը շահագործվել է աղաղակող թերություններով: Գագիկ Եգանյանը, որին նույնպես մեղադրանքներ էին ներկայացվել, շտապեց հայտարարել, որ ինքը հանձնաժողովի կազմում չի եղել: Այսինքն` ձեռքերը լվաց ու կողքի քաշվեց, մինչդեռ փախստականները սպասում էին, որ նա կմիանար իրենց, կձգտեր պաշտպանել իրենց շահերը: Բայց դե դա Գագիկ Եգանյանին պետք չէր. կարեւորն այն է, որ իր էլիտար բնակարանն ապահովված է բոլոր հարմարավետություններով…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս