ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոշի և աղբ. «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքն այդպես էլ չի մաքրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից անցել է ավելի քան 3 շաբաթ, սակայն տարածքն այդպես էլ չի մաքրվում փլատակների հետքերից: Ավելին, չի ապամոնտաժվում պայթունավտանգ վիճակում գտնվող շինությունը, ինչպես նաեւ շարունակում է միակողմանի փակ մնալ «Սուրմալու»-ին հարակից փողոցը:

Տարածքը մաքրելու գործը մի գերատեսչությունը մյուսի վրա է գցում: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը կապ հաստատեց պատասխանատու կառույցների հետ: Նախ զրուցեցինք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ: Սակայն Կոստանյանը փոխանցեց, որ իրենց լիազորություններից դուրս է եւ հավելեց, որ դրանով սեփականատերը պետք է զբաղվի. «Մեր մասով գործողություններն այնտեղ ավարտված են»:

Երեւանի քաղաքապետարանից եւս որեւէ հուսադրող պատասխան չտվեցին: Միայն նշեցին, որ քաղաքապետարանը որեւէ լծակ չունի մասնավոր տարածքում գործառույթներ իրականացնելու կամ միջամտելու: Փաստորեն, ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ դա հանրային տարածք չէ:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին փոխանցեցին, որ այդ տարածքում դեռ քննչական գործողությունները շարունակվում են: Բայց նկատենք, որ մեր այցելության պահին այնտեղ ոչ ոք ոչինչ չէր անում, որեւէ գործողություն չէր իրականացվում: Իսկ հարակից տարածքում բնակվող քաղաքացիները դժգոհում են ոչ միայն ճանապարհի միակողմանի փակ մնալուց, այլեւ՝ փոշուց ու աղբից: Ի դեպ, փլատակի վերածված տարածքի դիմացի առեւտրկանները դժգոհում են՝ նշելով, որ փոշուց բացի մեծ քանակի ճանճեր են հայտնվել:

Ս.Հ., Հ. Հ.




Լրահոս