Տեղի է ունեցել ՀՀ ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին, որը կայացել էսեպտեմբերի 9-ին, բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար՝ թե՛ խորհրդի կազմում ընդգրկվելու, և թե՛ այսօրվա միջացառմանը մասնակցելու առումով։ Գրիգորյանը նշել է, որ Պաշտպանի մանդատի կարևոր առաջնահերթություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը, որի ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել ու կատարվում թե՛ Պաշտպանի հաստատության, և թե՛ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, անհատ իրավապաշտպանների կողմից։

«Պետական իշխանությունները, իհարկե, այս ոլորտի քաղաքականության առաջնային հասցեատերն են, թե՛ Սահմանադրությամբ երաշխավորված իրավահավասարության գործնական ապահովման և թե՛ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակներում։ Ուստի, Կանանց իրավունքների խորհրդի ձևավորումը տրամաբանական քայլ է՝ միտված ջանքերի միավորմանն ու համագործակցության ամրապնդմանը»,- նշել է Պաշտպանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։ «Հուսով եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդի ստեղծումը լուրջ քայլ կլինի այս ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններին միավորելու համար՝ ապահովելով կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարի ուժեղացումը: Այս համատեքստում կցանկանայի նաև առանձնացնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի երկարամյա համագործակցությունը, որի գերակա ուղղություններից է գենդերային իրավահավասարության քարոզչությունը և գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը»,- ընդգծել է Լիլա Փիթրս Յահիան:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև Պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է խորհրդի նպատակները: Նշվեց, որ Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:

«Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ:

Մասնակիցները ներկայացրին իրենց ու իրենց կազմակերպությունների կատարած աշխատանքները՞,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նիստին ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին։ Նա ելույթում իր շնորհակալություն է հայտնել խորհրդի ձևավորման համար և նշեց, որ խորհուրդը պետք է կենտրոնանա այնպիսի հարցերի վրա, որոնք օգտակար կլինեն, բազմաթիվ գործընկերներ կմեկտեղեն իրենց ջանքերը։ «ԱՄՆ կառավարությունը, դեսպանատունը շատ կարևորում են այս հարցերը, և դեսպանատան շատ գործողություններ կենտրոնանում են այս խնդիրների վրա տարբեր տեսանկյուններից՝ կանանց հզորացում, անդրադարձ գենդերային խզվածքին, ինչպես նաև փորձ ապահովելու կանանց համար հնարավորություն՝ որպես առաջնորդ հանդես գալու»,- նշել դեսպանը։

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ևս ողջունել է խորհրդի ձևավորումը, կարևորել նաև քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող կանանց հետ կապված իրավունքների բարձրաձայնման, իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը, պարեկային ծառայությունում կին պարեկաների ներգրավումը։

Խորհրդի հետ համագործակցության պատրաստտակամություն են հայտնելն Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և հրավիրված այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։

«Հաջորդիվ քննարկում տեղի ունեցավ առաջիկա տարվա ծրագրի և գործողությունների վերաբերյալ։ Քննարկվեցին Պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Ամփոփ հայացք՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում կանանց ներգրավումը խթանելու ուղղությամբ» հայեցակարգի նախագիծն ու դրանից բխող միջոցառումների ցանկը։

Մասնակիցները մտքեր փոխանակեցին գործողությունների ծրագրի, իրականացման մանրամասների, ինչպես նաև յուրաքանչյուրն իր մասով ծրագրին աջակցելու մանրամասների վերաբերյալ։

Ամփոփելով քննարկումը և շնորհակալություն հայտնելով օգտակար քննարկման համար՝ Պաշտպանը նշեց, որ խորհրդի անդամների հետ քննարկում կսկսեն հաջորդ նիստի թեման որոշելու, առաջարկություններ անելու համար։

Նիստին մասնակցում էին պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ Ազգային ժողովի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպումն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից։

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին որոշումը Պաշտպանը ստորագրել է 2022 թվականի օգոստոսի 25-ին։ Բացի նորաստեղծ խորհրդից, գործում են Պաշտպանին առընթեր երեք խորհրդատվական խորհուրդներ՝ Խոշտանգումների կանխարգելման, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհուրդները:




Լրահոս