Քաղաքաշինության կոմիտեում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Օրակարգում քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցերի կողքին տեղական արտադրության ցեմենտի որակի խնդիրն էր, որի մասին բարձրաձայնել են շինարարական ընկերությունները և լիցենզավորված լաբորատոր կազմակերպությունները: Հարցը քննարկելու և պատճառները վերհանելու նպատակով նիստին հրավիրված էր նաև գործարանների արտադրանքը սերտիֆիկացնող և որակի ապահովման համար պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչը:
Դիտարկվել են ցեմենտանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները և դրանց ազդեցությունը Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական որոշ ծրագրերի ընթացքի վրա:
Նիստի արդյունքում որոշվել է առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել ցեմենտի նմուշառումը տարբեր օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպել քննարկում ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ խնդրին առավել հանգամանալից ծանոթանալու և լուծում գտնելու նպատակով:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է 2020-2022թթ. ընդունված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական հանրության իրազեկման համար շնորհանդես կազմակերպելուն: Քննարկվել է նաև «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծային նորմեր» շինարարական նորմերով առողջապահական հաստատությունների շենքերի համար սահմանված հարկայնության պարագայում հատուկ տեխնիկական պայմաններ նախատեսելու հնարավորությունը: