Եվրոպական խորհդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի՝ վերջերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի՝ Արցախից վերջնականապես հրաժարվելու հիմք է դառնում:
Ըստ նրա՝ Եվրոպական խորհրդի կողմից տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, փաստորեն, կատարվում է Ադրբեջանի պահանջը, այն է՝ կողմերը սկսում են «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստումը, իսկ ԱԳ նախարարները մեկ ամսվա ընթացքում պետք է հանդիպեն, որպեսզի աշխատեն տեքստի նախագծերի վրա։
«Իսկ այդ համաձայնագիրը չի վերաբերելու Արցախի հիմնախնդրին, այսինքն՝ պաշտոնական Երեւանը թողնում է Արցախը՝ այն թողնելով Ռուսաստանի կամ բախտի հույսին, կամ Ադրբեջանին, որպեսզի հոշոտի։ Ի դեպ, եթե նախորդ հանդիպման հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղը» դարձել էր «Ղարաբաղ», ապա հիմա ընդհանրապես որեւէ հիշատակում չկա Արցախի մասին, ինչն ամբողջությամբ կրկին արտահայտում է Բաքվի տեսակետը»,- ասում է Աշոտյանը: ՀՀԿ-ականի համոզմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, այսպես կոչված, օրակարգը անջատվում է ղարաբաղյան խնդրից։ Ինչ վերաբերում է գերիներին ու այլ խնդիրներին, ապա, ըստ Աշոտյանի, Հայաստանը, ունենալով իրավական բոլոր հիմքերը, այս հարցով չի զբաղվում:
-Վերջերս ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովը զեկույց է հրապարակել Ադրբեջանի վերաբերյալ, որտեղ ասվում է, թե հայ գերիներին խոշտանգում են, խախտվում են նրանց մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը այլատյացություն է դրսեւորում հայերի նկատմամբ։ Նորմալ իշխանությունները կվերցնեին այդ զեկույցը, ինչպես նաեւ նախկինում հրապարակված մյուս փաստաթղթերը եւ կդիմեին միջազգային կառույցներին, այլ ոչ թե կներեին Ալիեւին` լվանալով հայերի արյունը նրա ձեռքերից։
Մենք ունենք 303 անհետ կորած, 100-ից ավելի չնույնականացված մարմին, 100-ից ավելի գերի։ Մեր երեխաների ճակատագրով ոչ ոք չի զբաղվում։
Այս հարցերը չեն լուծվում, քանի որ Փաշինյանն ի վիճակի չէ դրանք լուծել եւ չի ցանկանում դա անել։ Նա կարող էր գոնե ամեն հանդիպման ժամանակ Շառլ Միշելին խնդրել, որ որպես միջնորդ հանդես գա եւ մեր տղաներից 5-10-ին վերադարձնի:
-Արցախն այժմ ի՞նչ կարգավիճակ ունի: Վերջերս Արցախի անկախության օրն էր, ի՞նչ զգացողություններ ունեիք այդ օրը:
-Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այն տոնական օրը չէր, որ ունեինք մինչեւ 2020-ը: Այդ օրը ցնծալու կամ ուրախանալու առիթ չունեինք: Ով էինք, ով դարձանք: Ով էինք մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը ու ով դարձանք դրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարիչների պատճառով պատերազմում պարտություն կրեցինք: Այս հարցն ամեն մի հայ պետք է իրեն տա: Մարդիկ, իհարկե, կարող են մտածել, խորհել, ցավալ, ու, վստահ եմ, որ ազգիս մեծամասնությունը այդպես էլ անում է, պարզապես սեփական ուժին հավատալու պակաս կա: Հայաստանն առանց Նիկոլ Փաշինյանի կառուցելու խնդիր ունենք ներկա պահին: Նիկոլի հեռացումն առաջին անհրաժեշտ քայլն է. բնականաբար, առանց այդ քայլի առաջընթացի հույս ունենալ չի կարելի: Մեր պայքարը, բնականաբար, չպետք է սահմանափակվի Նիկոլի հեռացման հարցով, պետք է սեւեռվենք նաեւ Նիկոլից հետո Հայաստանը վերակառուցելու հարցի վրա, ու այդ վերակառուցման մեջ է մտնում նաեւ Արցախը: Արցախը Հայաստան է, այո՛, բայց Հայաստանի Հանրապետություն չէ, իսկ Հայաստանի Հանրապետության սրիկա ղեկավարն այսօր անգամ չի հիշատակում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: Նա Արցախի անկախություն հռչակելը որպես էկզիստենցյալ միջոց է դիտարկում, այդքանով հանդերձ՝ շարունակ «խուրդում» է մեզ, մեր անցյալը, մեր զոհերին, հիշատակը եւ մեր պայքարը: «Խուրդվելու» ենթակա միակ մարդը, սակայն, Նիկոլն է: Նա ինքն իրենով մանրադրամ է. թե որ երկրի մանրադրամ է, կարծում եմ՝ մեր ժողովուրդն ինձանից ավելի լավ գիտի:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Բարեբախտաբար ծիրանենին պտուղ չտվեց. ծառը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տանիքից շինարարներն ապամոտնաժեցին ու սկսեցին եկեղեցու վերանորգման աշխատանքները: 2012-ից են մեկնարկել շինարարական աշխատանքները, ու արդեն տասը տարի վարպետ-շինարարները հիմնովին վերանորոգում են Մայր Տաճարը: Թեեւ փորձում են պահպանել հուշարձանի ամբողջականությունն ու պատմական միջավայրը, երբեմն, սակայն, դա անել չի հաջողվում:
Ինչքա՞ն գումար է ծախսվել, ու ի՞նչ գումարներ են նվիրաբերվել Մայր Աթոռի հիմնովին ու հիմնարար վերանորոգման համար. կաթողիկոսարանի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ո՛չ թվեր, ո՛չ էլ տեղեկություններ առայժմ չի տրամադրում:
Թեեւ բարձրաստիճան հոգեւորակնները համաձայնում են, որ Մայր տաճարի օծման ու բացման ժամկետները ձգձգվել են, բայց եւ հստակ ու կոնկրետ չեն պատասխանում՝ հավատավորների առջեւ, ի վերջո, իր դռները եկեղեցին երբ կբացի:
Թեեւ ճարտարապետն ասում է, որ շինաշխատանքները կարելի է ավարտված համարել, բայց Մուշեղ սրբազանը Տաճարի դռները բացելու համար շատ ավելի մեծ ժամանակահատված է նախանշում: Մայր աթոռ սուրբ էջմիածնի օծման արարողության ձգձգումն իրականում կարող է նաեւ այլ՝ հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունների՝ լարված հարաբերություններ ունենալու հետ կապված լինել: Հայաստանի ամբողջ պատմության մեջ գուցե առաջին անգամ երկրի հոգեւոր ու քաղաքական ղեկավարները միմյանց հետ չեն չփվում, չեն հաղորդակցվում: Անգամ պետական ու հոգեւոր նշանակության կարեւորագույն տոներին կաթողիկոսարանն ու գործադիրը, ընդունված կարգի համաձայն, մեկը մյուսին հրավեր չեն ուղարկում ու առանձին-առանձին են մասնակցում հանդիսավոր այս կամ այն միջոցառմանը:
ԵԹԵ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՉԱՊԱՀՈՎԵՆ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանն առաջարկում է տուգանել այն առեւտրի ու հանրային սննդի օբյեկտներին, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիութուն չեն ապահովի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորը համապատասխան փոփոխությունը ցանկանում է ամրագրել ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:
«Առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության նորմերը չպահպանելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 250-300-ապատիկի չափով:
Տուգանքի նշանակումից հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 48-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը կամ չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 550- 850-ապատիկի չափով»,- ասված է նախագծի մեջ:
Նշենք, որ նախագիծը խորհրդարանի օրակարգում «դեռեւս չընդգրկվածների» բաժնում է ներառված:
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետական միջոցներով հատուկ տուփով, հայկական զարդանախշերով մեկ շարֆ է գնել: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մեկ շարֆի համար նախարարությունը վճարել է 40 հազար դրամ: Շարֆը գնվել է «Մերգերյան կարպետ» ընկերությունից հուլիս ամսին: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը 3 հատ անուշեղեն է գնել՝ վճարելով ընդհանուր 103 հազար 500 դրամ: Նախարարության գնումներն այսքանով չեն ավարտվում. Վահան Քերոբյանի ղեկավարած նախարարությունը երեւանյան սուպերմարկետներից մեկից 783 հազար դրամի չափով գնում է կատարել: Մասնավորապես, գնվել է 4 հատ գինի՝ ընդհանուր 62000 դրամով, 35 հատ խոզապուխտով սենդվիչ՝ 31 հազար դրամով, 10 տարեկան մեկ կոնյակ՝ 24 հազար 700 դրամով, 20 տարեկան կոնյակ՝ 52 հազար 500 դրամով, 36 հատ օղի՝ 522 հազար դրամով: Նաեւ գնվել են նվերների տոպրակներ: Ենթադրվում է, որ նախարարությունը ալկոհոլային խմիչքը գնել է նվիրելու նպատակով: Թե ում են դրանք նվիրվելու, փաստաթղթում նշված չէ: