Սփյուռքահայ 40 մասնագետներ ավարտել են Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում աշխատանքը եւ ստացել վկայականներ: Նրանք արդեն մեկ տարի հայրենիքում էին Հայաստանի պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրով: Ծրագրի հանդիսավոր փակմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, պետական պաշտոնյաներ, ծրագրի մասնակիցների գործընկերները եւ այլք։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ 14 երկրներից ժամանած հայ մասնագետներն աշխատել են Հայաստանի Հանրապետության 19 պետական կառույցներում:
«իԳործ»-ի մասնակիցները ծրագրեր են իրականացրել հետեւյալ ոլորտներում՝ գիտություն, էկոնոմիկա եւ ներդրումային քաղաքականություն, շրջակա միջավայրի պահպանություն, սոցիալական ապահովություն, հայրենադարձության աջակցություն եւ խթանում, սփյուռքի պարտատոմսերի պահանջարկի ուսումնասիրություն, թվային տնտեսության զարգացում եւ կրիպտոարժույթի վերաբերյալ հետազոտություն, հանրային ծառայությունների թվայնացում, ճանապարհային անվտանգությանն առնչվող ծրագրեր, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, կրթական համակարգ, առաջնային բուժօգնության ծառայությունների բարելավում, մարդու իրավունքների պաշտպանություն, կինոոլորտի զարգացում եւ այլն։
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում կարեւորեց ծրագրի բաղադրիչները՝ մասնագիտական հայրենադարձություն, պետական համակարգում սփյուռքի ներգրավվածության ապահովում եւ ուղեղների ներհոսք: «Միայն այն հանգամանքը, որ արդեն երկու տարի «իԳործ»-ականների 70 տոկոսից ավելին մնում է Հայաստանում, խոսում է ծրագրի արդյունավետության մասին:
Նրանց մի մասը մնում է պետական համակարգում, մի մասն էլ աշխատանքի է անցնում մասնավոր հատվածում»,-նշեց Զարեհ Սինանյանը:
Այնուհետ ելույթներ ունեցան ծրագրի մասնակիցներից մի քանիսը եւ նրանց ղեկավարները:
*«իԳործ»-ը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին աշխատել Հայաստանի կառավարման ոլորտում եւ իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը:
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի վիճակագրական կոմիտեն սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում օգոստոսին, հուլիսի համեմատ, գնանկում է արձանագրել:
Բայց չնայած սրան՝ մակարոնեղենի գներն են աճել 1.1 տոկոսով: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ տարվա ընթացքում մակարոնեղենի գները բարձրացել են 32.7 %-ով: Թանկացել է նաեւ ձուն 4.8 տոկոսով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ձվի գինը օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, նվազել է 15.2 %-ով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ բարձրացել 4.8 տոկոսով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ բանջարեղենի շուկայում եւս գնաճ է արձանագրվել 0.2 տոկոսով, փոխարենը լոբին, ոսպը, բրինձը էժանացել են:
Օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ալյուրի գների մակարդակն աճել է 16.6 %-ով, իսկ հուլիսի համեմատ՝ արձանագրվել է 1.2 տոկոս գնանկում: Շաքարավազի շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 7.4 % գնաճ, իսկ այս հուլիսի համեմատ՝ այն էժանացել է 1.6 տոկոսով: Ձեթի գինը նվազել է 6.6 տոկոսով:
Հայաստանում ոչ պարենային ապրանքները թանկացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օգոստոսին, հուլիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4 տոկոս գնաճ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 8.2 տոկոս: Հանրապետության 9 քաղաքներում օգոստոսին, հուլիսի համեմատ, գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.8 տոկոս գնաճ, իսկ 2-ում՝ 0.1 տոկոս գնանկում: Երեւանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4 տոկոսով:
Բենզինի շուկայում է Վիճակագրական կոմիտեն գնանկում արձանագրել. ըստ պաշտոնական աղբյուրի՝ օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի 2.5, դիզելային վառելիքի՝ 2.1 տոկոս գնանկում: Մեկ տարվա ընթացքում հակառակ պատկերն է. բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են. բենզինը թանկացել է 6.5, դիզելային վառելիքը՝ 37.9 տոկոսով:
Թեւ պաշտոնական աղբյուրը հայտարարում է, որ բենզինի շուկայում գնանկում է, այնուամենայնիվ արձանագրենք, որ բենզինի մեկ լիտրի արժեքը սկսում է 500 դրամից եւ տատանվում է 520 դրամի սահմաններում: Սա միայն Ռեգուլյար տեսակի բենզինի արժեքն է, բայց, օրինակ, Սուպեր տեսակի բենզինի գինը կազմում է 850 դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ԱԶԴԱՆՇԱՆ
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթեւեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին:
Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ առաջին ազդանշանը տեղադրվել եւ գործարկվել է Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում եւ Արշակունյաց պողոտա Ագաթանգեղոսի փողոց հատման վայրում:
«Վարորդների տեսադաշտը երբեմն սահմանափակ է լինում եւ չեն նկատում զուգահեռաբար հետիոտի անցումը թույլատրող ազդանշանի միանալու պահը: Այսուհետ, երբ վառվի հետիոտնի կանաչ ազդանշանը, կմիանա նաեւ այդ մասին վարորդին նախազգուշացնող նոր ազդանշանը: Սա առաջինն է: Երեւանում այդպիսի խաչմերուկների թիվը 27 է, մնացած բոլորում եւս կտեղադրվեն լուսացուցային նոր նշանները»,- նշում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Հայկ Սարգսյանը:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ՃՈ հետ համատեղ: Նախաձեռնության գլխավոր նպատակը պատահարների թիվը նվազեցնելն ու անվտանգ երթեւեկություն ապահովելն է: