ՀՀ Արարատի մարզում գտնվող Աղջոց վանքը, որը միջնադարյան Հայաստանի գոհարներից մեկն է, անմխիթար վիճակում է։ 13-րդ դարի վանական համալիրը, որն իր վրա է կրել բնության եւ պատմական դժվար անցյալի բազում հարվածներ, այսօր փլուզման վտանգի առջեւ է կանգնած։
Խնդիրը օրերս կրկին բարձրաձայնել է հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը. վերջինս, անդրադառնալով վանական համալիրի ներկայիս վիճակին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Աղջոց վանքի Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքի աջ եւ ձախ կողմերում երկու առաքյալների բարձրաքանդակներն են. հրաշալի պահպանված արվեստի գործ, որն ինձ մտորելու շատ մեծ նյութ տվեց։ Երբ կանգնում ես այդ քանդակների առջեւ, տպավորություն է, թե հենց այստեղ է գտնվում Հայաստանի մուտքը՝ հոգեւոր Հայաստանի մուտքը։ Այո՛, ավիրված, այո՛, խոնարհված, բայց նաեւ շատ հարուստ, շքեղ, խորիմաստ ու խոստումնալից»։
Զինավոր Մեղրյանի նախաձեռնությամբ լրագրողների խումբն այցելել է Խոսրովի պետական արգելոցում գտնվող Աղջոց վանք։ Ավանդույթի համաձայն՝ Աղջոց վանքի կառուցումը եղել է Գրիգոր Լուսավորչի մտահղացումն ու կյանքի է կոչվել նրա նախաձեռնությամբ: Այս վանքը բազմիցս հիշատակվում է Հայսմավուրքներում՝ ծիսամատյաններում, ուր հավաքագրվում եւ ներկայացվում էր սրբերի կյանքն ու նահատակությունը:
Գրիգոր Խլաթեցու հեղինակած Հայսմավուրքում ներկայացվում է, թե երեք քահանաներ, որոնք դարձել էին փախստական, գալիս են Գառնի: Նրանցից մեկը՝ Ստեփանոս քահանան, անցնում է Գառնիի լեռներն ու այնտեղ մեզ անհայտ պատճառներով մահանում: Մյուս քահանան՝ Գրիգորը, այդտեղ կառուցում է վանք՝ ի հիշատակ քահանա Ստեփանոսի, եւ, ըստ ավանդույթի, այդ օրվանից ի վեր վանքը կոչում են Աղջոց: Վանքը հայտնի է եղել նաեւ «Սբ. Ստեփանոս Աղջոց վանք», «Սբ. Ստեփանոս Սբ. Գրիգոր վանք» անուններով:
Աղջոց վանական համալիրը Զինավոր Մեղրյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել վաղուց, երբ արշավական է եղել ու զբաղվել սկաուտական աշխատանքով։
«Վերջին շրջանում անընդհատ գալիս եմ այդ գաղափարին, որ կա կառուցելու եւ կա վերակառուցելու ժամանակ։ Անընդհատ մի միտք կար մեջս, որ մեր հայրենիքի համար հիմա մի շրջան է եկել, երբ ժամանակն է դադար վերցնել, մեր ժանգոտած զենքերը վերանորոգել, վերականգնել, վերաիմաստավորել՝ եւ՛ հոգեւոր, եւ՛ նյութական, եւ՛ գաղափարական տեսակետից։ Մեր հայրենիքի, ժողովրդի համար հիմա մի պահ կանգնելու, մեր հաղթական անցյալը վերաիմաստավորելու եւ այդ անցյալից մեզ հասած ժառանգությունը վերականգնելու ժամանակն է»,- Աղջոց վանական համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Զինավոր Մեղրյանը։
Հասարակական գործիչն այլընտրանք չի տեսնում. վանական համալիրը պետք է վերականգնվի: Նրա խոսքով՝ իրավունք չունենք կորցնել անցյալից մեզ հասած այս հարուստ պատմական, մշակութային, հոգեւոր ժառանգությունը։
«Ժամանակի հրաշակերտ կառույցին մի հայացք նետելով՝ ակնհայտ է դառնում՝ բարդ ու դժվար աշխատանք է, բայց ցանկության ու ներդրումների դեպքում՝ իրականանալի»,- նկատեց Զինավոր Մեղրյանը։
«ԴԱ ՄԵՐ ԲՈՒՀԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ». Ռ. ՋԱՆԻՆՅԱՆ
«Կարծում եմ՝ դա մեր բուհին չի վերաբերում, դրա համար ես առայժմ այդ մասին կարծիք չունեմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հյուսիսային համալսարանի ռեկտոր Ռայա Ջանինյանը՝ նշելով, որ, հնարավոր է, Կառավարության նոր նախագիծը մասնավոր բուհերի վրա անդրադարձ չունենա:
«Մեզ հետ դեռ ոչ մի քննարկում չի եղել, կամ պաշտոնական գրություն չի եկել: Եթե հանրապետությունում բոլորն այն կարծիքին լինեն, որ պետք է տեղափոխվեն Աշտարակ, գուցե մենք էլ այդ կարծիքին լինենք»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտմբերի 1-ի կառավարության նիստում անդրադարձավ ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրերին, որտեղ կտեղափոխվեն հանրապետության բոլոր պետական բուհերը։ Կառավարությունը մտադիր է խոշորացնել բուհերը, նպատակ կա ունենալ 8 պետական կոնսոլիդացված բուհ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նշենք, որ, բացի վերոնշյալ երեք բուհերի միավորումից, կառավարության ավելի վաղ ունեցած տեսլականներից էր նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լեւոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ: Պարտիայի 35-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը: Sinquefield Cup-ի առաջատարը 3 միավորով Հանս Նիմանն է: Երկրորդ տեղում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Լեւոն Արոնյանը նախավերջին տեղում է: Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ
Հայաստանի հավաքականի խաղացող Ժիրայր Շաղոյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում։ 21-ամյա եզրային կիսապաշտպանը Երեւանի «Արարատ-Արմենիայից» տեղափոխվեց Սոֆիայի ԲԿՄԱ ։ Անցած մրցաշրջանը Ժիրայր Շաղոյանը վարձակալությամբ անցկացրել էր Երեւանի ԲԿՄԱ-ում։ Transfermarkt-ը Ժիրայր Շաղոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո։
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ
Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված են Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ Ակումբների սկաուտները հետեւում են 19-ամյա ֆուտբոլիստի խաղին եւ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են առաջարկ անել «Դինամոյին»։ Արսեն Զախարյանի հրաժարագինը 15 միլիոն եվրո է։ Լոնդոնի «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր էր ձեռք բերել Զախարյանին, սակայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքով բանկային փոխանցում կատարել չէր կարողացել։ Զախարյանը հաստատել էր, որ բանակցել է «Չելսիի» ներկայացուցիչների հետ եւ համաձայնություն տվել տեղափոխությանը։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Զախարյանը մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն իր ղեկավարած թիմը չի համարում Չեմպիոնների լիգայում հաղթողի գլխավոր հավակնորդ։ «Չեմ կարծում, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է։ Մրցակիցներին թերագնահատել չի կարելի է։ Ամեն տարի 8 կամ 9 ակումբ հույս ունի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց հաճախ նրանք նույնիսկ եզրափակիչ չեն հասնում, քանի որ լինում են անակնկալներ, անհավանական սցենարներ, բայց մենք ունենք հաղթանակի հասնելու ձգտում»,- Գալտիեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։