ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՂԱՆՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային նշանները երթեւեկության կարեւորագույն կարգավորիչներն են: Դրանք անպայման պետք է փակցված լինեն թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին տեսանելի հատուկ նախատեսված վայրերում: Մարդիկ էլ պետք է ծանոթ լինեն դրանց նշանակությանը, սակայն հասկանալի պատճառներով Վանաձորում շատերը չգիտեն: «Ո՛չ դպրոցում եմ անցել, ո՛չ էլ բացատրող ա եղել»,-այս պատասխանն են տալիս հատկապես երիտասարդները: Վարորդներն էլ գիտեն, բայց հազվադեպ են նայում, նայում են այնտեղ, որտեղ կասկածելի է եւ հակառակի պես նշան չեն գտնում: «Մյասնիկյանի ներքեւի խաչմերուկում լրիվ ծառերի մեջ կորած ա»,-բողոքում է վարորդներից մեկը: Շատերն էլ նույն փողոցի վերին հատվածից են բողոքում:
Բանն այն է, որ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու մոտակայքում գտնվող շրջադարձը նախկինում որպես շրջադարձ էլ գործում էր, հետո հանկարծ որոշեցին, որ այնտեղով այլեւս չի կարելի շրջադարձ անել, եւ ՃՈ-ն սկսեց անտեղյակ վարորդների որսը: Ասում են` այստեղ դրված է եղել համապատասխան նշանը, սակայն այն ոչ ոք չի նկատել: Այսօր շրջադարձը նորից ծառայում է իր նպատակին, սակայն վարորդները կրկին անտեղյակ են եւ ահը սրտում` դրանից չեն օգտվում: 2007թվականից ճանապարհային երթեւեկության նշանների սպասարկումը տրվեց համայնքներին: Վանաձորի տարածքում քաղաքապետարանն ընդունեց ճանապարհային երթեւեկության 614 նշան: Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի սպասարկման եւ տրանսպորտը համակարգող բաժնի պետի տեղակալ Էռնեստ Գեւորգյանն ասում է, որ տարիների ընթացքում դրանց թիվը 30-35-ով ավելացել է. «Առաջնորդվելով բնակչության դիմումներով եւ պետավտոտեսչության գրություններով` ավելացվել են լրացուցիչ նշաններ: Հները վերանորոգվում են, սյուներն` ուղղվում: Նշանները ներկվում են բավականին թանկարժեք նյութերով»: Ուղղվում են, թե ոչ` վանաձորցիները լավ գիտեն:
Սպասարկման համար հայտարարված մրցույթում այս տարի հաղթել է «Կ եւ Ա մոնտաժշին» ՍՊԸ-ն, որին նշանները վերանորոգելու եւ ներկելու համար հատկացվել է 8 մլն դրամ: Բնակիչների բողոքները հասել են արդյո՞ք տրանսպորտը համակարգողներին. պարզվում է, որ ոչ: «Մեզ որեւէ բողոք չի եկել, եթե լինեին, կզբաղվեինք: Եթե ծառերի ճյուղերը խանգարում են, կոմունալ բաժնի հետ համագործակցությամբ դրանք էտվում են»,-ասում է Գեւորգյանը: Վերջինս առանձնացնում է նաեւ 1 խնդիր. «Մենք ունենք դեպքեր, երբ նշանները տեղադրում ենք, սակայն գողանում են, օրինակ` Գր. Նարեկացի եկեղեցու մոտ շրջանաձեւ երթեւեկություն կազմակերպելու համար տեղադրված նշանը մենք անընդհատ դնում ենք, բայց գողանում են»:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս