«Աստված օրհնի, բարի բախտ ըլնես»… եւ այսպես օրհնանքների մի շարք է հնչում հետեւիցդ, երբ անցնում ես Նորքի 2-րդ զանգվածի մի հատվածով, իսկ ավելի կոնկրետ` «Mercedes Bens»-ի կողքով: Ու հանկարծ մի օր էլ որ չես լսում այդ խոսքերը, տարօրինակ է թվում. իսկույն մտածում ես, թե ուր է նա:
Իսկ նա մոտ 90 տարեկան մի տատիկ է, որն իր օրհնանքներն անընդմեջ շռայլում է անցորդներին, անկախ նրանից` գումար տալիս են, թե ոչ: Նայում ես նրան` ծեր, անօգնական, ոտքը խեղված, մի աչքը կույր, բայց ամեն օր նույն տեղում կանգնած: Եւ հետո ինքն էլ տեղեկացնում է, որ կողքը «պլաստմասա»-ից է` վերջին վիրահատությունից հետո. «Բալայանն ա ապերացի արել, 500 դոլար ուզեց: Ինձ փող որտեղի՞ց, բալա՛ ջան: Էս աչքս էլ փառակալում է, բայց փող չունեմ, որ գնամ բժշկի»: Իսկ փողոցում կանգնելու պատճառն էլ այսպես է բացատրում. «Բա ի՞նչ անեմ, աղջիկս լյարդի ցեռոզով հիվանդ, տանը պառկած ա, ես էլ ստեղ հազիվ հացի փող եմ հավաքում»: Վարդուշ տատը, որ չէր ցանկանում անգամ իր անունն ասել, չի դժգոհում իր կողքով անտարբեր անցնող մարդկանցից. «Ի՞նչ անեն խեղճերը, իրանք էլ չունեն»:
Ապրելով նմանօրինակ դժվար կյանքով` նա երբեւէ չի դիմել պետական կառույցների օգնությանը, ինչը բացատրում է այն հանգամանքով, որ Վանաձորում են գրանցված. «Մեր տունը Կիրովական է, ժաժքից հետո տեղափոխվել ենք Երեւան»: Վարդուշ տատն ապրում է Մալաթիայում` աղջկա եւ թոռան հետ, որին շուտով բանակ պիտի զորակոչեն: «Հեսա ամսի 31-ին թոռիս ծնունդն ա, 18 տարեկան է դառնում, բանակ են տանում»,-այն տոնով է ասում նա, իբր դրանից իրենց հոգսը մի փոքր թեթեւանալու է: Վանաձորում իր տունը կանգուն է, որտեղ ապրում են ծեր կնոջ 3 թոռներն ու հարսը: Իսկ տղայի մասին խոսելիս ասում է. «Տղիս չգիտեմ` ինչ ասեմ… Թողել ա 3 էրեխին, կնիկը, գնացել ա Ռուսաստան: Մի հատ Մարինկա ա ճարել… Արդեն քանի~ տարի ա: Էլ ներվերս չի հերիքում, սաղ գիշեր կռվում եմ…»:
Տղան Ռուսաստանում «Մարինկա է ճարել», Աստված գիտի` ոնց է ապրում, իսկ մայրն օրեր շարունակ փողոցում փող է մուրում, որ մի կտոր հաց գնի: Էլ չասած, որ այստեղ ոչ բոլորն են բարեհամբույր. նրան արգելում են կանգնել, բայց նա, իր խոսքով ասած, երեսը պնդում-կանգնում է, մինչեւ, ինչպես ինքն է ասում, գնա իր իսկական տունը. «Իմ տո~ւնը… Ուրիշ տեղ ա իմ տունը: Էն ա, որ հասնեմ ընդեղ, արդեն իմ հարստությունը, իմ ամեն ինչը ընդեղ ա` իմ Հիսուսի մոտ»:
ՀԱՎԱՏՈՎ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ