Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ժնևում հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, զրուցել են կովկասյան բանակցությունների և միջազգային քննարկումների շուրջ։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ զրույցում անդրադարձ է եղել նաև, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարևոր քարտեզներ է հանձնել Ադրբեջանին։
Վարչապետի խոսքերով՝ Վրաստանը ԱՄՆ-ի հուսալի գործընկերն ու հավատարիմ դաշնակիցն է տարածաշրջանում և դրանից դուրս։
Իրակլի Ղարիբաշվիլին և Ֆիլիպ Ռիքերը խոսել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի և տարածաշրջանում ու աշխարհում ստեղծված անվտանգության ծանր իրավիճակի մասին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակին։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ չափազանց կարևոր է հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այս համատեքստում ընդգծվել է Ժնևում միջազգային քննարկումների կարևորությունը։
Ֆիլիպ Ռիքերը ևս մեկ անգամ հավաստիացրել է վարչապետին ԱՄՆ-ի հաստատակամ աջակցության մասին` երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։