Երեկ Կամերային թատրոնում տեղի ունեցավ թատրոնի կազմավորման 50 եւ պետական կագավիճակ ստանալու 40 ամյակների տոնական միջոցառումը: Կամերային թատրոնի համար հոբելյանական տարին հագեցած է եղել պրեմիերաներով, հետաքրքիր հանդիպումներով ու տպավորիչ իրադարձություններով:
ArmLur.am-ը շքեղ երեկոյի անակնկալների եւ հյուրերի մասին զրուցել է Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեի հետ:
Դերասանուհու խոսքով այս տարի եւ առավելապես սեպտեմբերի 11-ը առանձնահատուկ էր կամերայինցիների համար:
«Անկեղծ եմ ասում, շատ ուրախ ու երջանիկ էինք բոլորս: Շատ գեղեցկ եւ շքեղ էր կազմակերպված, եւ այս տարի առանձնացավ նրանով, որ մեր օրը բոլորինը դարձրեցինք, ավելի մեծ մասշտաբով նշեցինք: Կամերային թատրոնի հարակից տարածքում էլ բացվեց «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը նվիրվեցին թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային և Գեորգի Ամիրագյանին»,-նշեց դերասանուհին:
Անի Լուպեի խոսքով Երեկոյին թատրոնի ցուցասրահում ներկայացվեց յուրօրինակ էքսպոզիցիա, որը պատմական էքսկուրս է՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը. «Բացի դա հյուրերին բացառիկ հնարավորություն էր ընձեռնվել դիտել «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմը, մասնակցել Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսին: Թե՛ կինոնկարը, թե՛ գիրքը պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների եւ ընկերների մասին»:
Լիդա Եղիազարյան