Հայաստանում մահվան ցուցանիշը նվազել է՝ 11.1 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա յոթ ամիսներին մահացել է 16 հազար 548 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 18 հազար 622 մարդ: Այսինքն մահացածների քանակը պակասել է 2074-ով: Միայն Covid 19-ից մահացել է 698 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կորոնավիրուսը 2275 մարդու կյանք է խլել:
ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել մահվան հիմնական պատճառների ցանկը:
Պարզվում է՝ արդեն մի քանի տարի է, ինչ մահվան հիմնական պատճառների ցանկի առաջին հորիզոնականում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որից մահացել է 9082 մարդ: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը օնկոլոգիական հիվանդություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները:
Մեր հանրապետությունում նորագոյացություններից անցած տարվա հունվար-հուլիս ամիսներին մահացել է 3112 մարդ, իսկ այս տարվա 7 ամիսներին այս ցուցանիշը փոքր-ինչ նվազել է՝ դառնալով 2998: Ճիշտ է, այս ցուցանիշը 3.7 տոկոսով պակասել է մեկ տարվա ընթացքում, բայց միեւնույնն է, այս հիվանդությունը շարունակում է մահվան պատճառների առաջատարը մնալ: Արձանագրենք, որ շնչառական օրգանների հիվանդությունից մահացել է 1524 մարդ. այս ցուցանիշն աճել է 7.6 տոկոսով:
Ս.Հ.