Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարմամբ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան ուղեկցվում է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ ՀՀ տարբեր սահմանամերձ բնակավայրերի դպրոցների, բնակելի տների թիրախավորմամբ, որտեղ առհասարակ գտնվում են երեխաներ, կանայք, տարեցներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Հատկապես քաղաքացիական բնակչության, քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքների և օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի այս սանձարձակ և հանցավոր վարքագիծը բացարձակ անթույլատրելի է և կոպտորեն ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար սկզբունքները։
Ուստի մարդասիրական արժեքների ջատագով միջազգային հանրությունից պահանջում եմ հասցեական դատապարտող հայտարարություններ՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության, օբյեկտների և ենթակառուցվածքների նկատմամբ Ադրբեջանի այս հանցագործության վերաբերյալ։ Միջազգային օղակները պարտավոր են օգտագործել ողջ գործիքակազմը՝ ի պաշտպանություն ագրեսիվ հարձակման ենթարկված ՀՀ-ի խաղաղ բնակչության իրավունքների, և, առհասարակ, միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար սկզբունքների։
Պաշտոնական տվյալներով արդեն իսկ քաղաքացիական երեք անձ ստացել է վիրավորում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով։
Ստորև ներկայացված են Ադրբեջանի կողմից ՀՀ մի շարք բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների ապացույցները։