Հայաստանն օրվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան փաստաթուղթ է ուղարկելու Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին :
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը:
Նա նշեց, որ փաստաթղթում ներառված է լինելու Հայաստանի բնակավայրերի վրա Ադրբեջանի հարձակման հետ կապված ամեն ինչ: «Փաստաթուղթը ուղարկելուց հետո մեր պաշտոնական կայքում կլինի հաղորդագրություն»,-ասաց նա:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: