Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով 2018 թվականի ապրիլի 8-ի ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Այդուհանդերձ, «նոր» Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթը ոչ միայն արմատախիլ չարվեց, այլեւ շարունակվում է առավել ամբարտավան դրսեւորումներով: Խոսենք փաստերով. վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հաչյա Հակոբյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է: Լենա Նազարյան եւ Նարեկ Բաբայան. նրանք ամուսիններով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ են: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում: Խնամի-ծանոթ-բարեկամ մերժող հեղափոխական իշխանության օրոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, աշխատում է ՀՀ հաշվեքննիչ պալատում. մամուլի քարտուղարն է։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանն է: Բացի այդ, բաջանաղներին մերժած Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցների ղեկավարներ նշանակեց իր դասընկերներին եւ հայրենակիցներին. ՀՀ ոստիկանության ծառայության պետը իջեւանցի Վահե Ղազարյանն է, ԱԺ պատգամավոր, խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանն է, Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատարը Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանն է, եւ այսպես շարունակ: Ցանկը, իհարկե, ավելի երկար է, որին առաջիկայում կանդրադառնանք: Մինչ այդ արձանագրենք, որ մերժելով հին բարքերը՝ հեղափոխական իշխանությունը հենց հին, մերժված մտածողությամբ է առաջ շարժվում՝ խաբելով ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ոչ միայն պետությանն է խաբում, այլեւ մարդկանց: Նախորդ համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջինս պետությանը խաբել է՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր: Պարզվում է՝ նա ֆինանսական հարցերում էլ խաբելու վարպետ է, եւ շատ դեպքերում դատարանով են մարդիկ Արզաքանցյանից գումար հետ ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը արխիվի ուսումնասիրությամբ պարզեց, որ 2014-ի մայիսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը որոշում է կայացրել Տիգրան Արզաքանցյանից հօգուտ Անդրեյ Սիչի բռնագանձել 308 հազար 375 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 204 հազար 392 ԱՄՆ դոլարը՝ որպես փոխառության գումար, իսկ 103 հազար 983 ԱՄՆ դոլարը՝ փոխառության գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու համար հաշվարկված տույժ:Ըստ դատական գործի՝ Անդրեյ Սիչի եւ Տիգրան Արզաքանցյանի միջեւ 2012-ի հոկտեմբերին կնքվել է փոխառության պայմանագիր, որով Սիչն Արզաքանցյանին է հանձնել 280 հազար ԱՄՆ դոլար: Ամբողջ գումարը՝ երեք մասով, Արզաքանցյանը պարտավորվել է Սիչին հանձնել ամենաուշը 2013 թվականի հունվարի 31-ին՝ պարտավորվելով հակառակ դեպքում փոխատուին վճարել տույժ՝ 0.15%-ի չափով։ Արզաքանցյանը մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը կանխիկ եւ բանկային հաշվին փոխանցելու միջոցով գործընկերոջը վերադարձրել է ընդամենը 75 հազար 608 դոլար՝ պարտք մնալով 204 հազար 392 ԱՄՆ դոլար: Արդեն 2013 թվականի նոյեմբեր ամսին Սիչը հաշվարկել է տույժը եւ Արզաքանցյանին ներկայացրել եւս 103 հազար 983 դոլարի պարտավորություն: Այս պահանջից հետո դատարանում որեւէ գործողություն չի ձեռնարկել Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր ընդդիմություն աշխատող Արզաքանցյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն հարցաքննության են հրավիրում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին։ Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահները պատգամավորներին հարցաքննության են հրավիրում 2022 թվականի մայիսից մեկնարկած «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաների ժամանակ գրանցված բռնության դեպքերի մասով: Դրանց մասով քրեական վարույթ է հարուցվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածով, որ վերաբերում է բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս եւ այլ գործերով Քննչական կոմիտե հարցաքննության են հրավիրվել Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը եւ այլք: Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ: Նա հաստատեց մեր տեղեկությունն ու հավելեց, որ դեպքը մայիսի 30-ին է տեղի ունեցել կառավարության երրորդ մասնաշենքի մոտ: «Խոսքը ոստիկանական աննախադեպ բռնության մասին է, ինչի հետեւանքով հունիս ամսին Քննչական կոմիտեն ինձ հարցաքննության կամ բացատրության էր հրավիրել, որտեղ մանրամասն ներկայացրել եմ այն, ինչ տեղի է ունեցել: Ցավոք սրտի, Քննչական կոմիտեն, Նիկոլի պատվերները կատարելով, շատ արագ ու փութաջանորեն քրեական գործեր է հարուցում, իսկ այս դեպքում հանցավոր դանդաղկոտություն է ցուցաբերում: Առաջին բացատրության ժամանակ ՔԿ-ին տեսանյութեր եմ ներկայացրել, որտեղ «Նիկոլի վկա» կարմիր բերետավորները վայրենի պահվածք են դրսեւորել, բայց դրանից հետո որեւէ իրավական գործընթաց տեղի չի ունենում: Այլ գործընկերների էլ են հրավիրել: ՔԿ-ն այդ առումով հիմա քիչ փութաջանություն է ցուցաբերում, թեեւ Արգիշտի Քյարամյանը զբաղված է այլ իր համար կարեւոր գործերով»,- ամփոփեց նա: Հավելենք նաեւ՝ քանի որ ընդդիմության գործողությունների ժամանակ տեղի ունեցած հանցանքների մասով հարուցված քրգործերի մեծ մասը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական նախագահ Թագուհի Թովմասյանի գրությունների հիման վրա են հարուցվել, հարցաքննության է հրավիրվել նաեւ Թովմասյանը, բայց հարցաքննությունը չի կայացել:
Գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններում այլեւս հերթեր չեն գոյանում. մինչեւ օգոստոսի 1-ը կայանների առաջ հարյուրավոր մեքենաների հերթեր էին: Բանն այն է, որ շատ վարորդներ հրաժարվում են ճնշափորձարկել իրենց գազաբալոնները: «Ժողովուրդ» օրաթերթը գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններից տեղեկացավ, որ անգամ հերթագրված վարորդներն են արդեն հրաժարվում ճնշափորձարկել: «Վարորդները պարզապես մոտենում են մեզ ու ասում են՝ մեզ հերթ տվե՛ք էլեկտրոնային համակարգում ու հնարավորինս ուշ, որ մենք կարողանանք լիցքավորել, բայց չենք ուզում ճնշափորձարկենք: Ու այդպիսի վարորդները շատ են, անգամ ազդեցություն են ունենում ճնշափորձարկած վարորդների վրա, ասում են՝ գնացե՛ք, ձեր գումարները հե՛տ ուզեք. տեսեք, մենք փող ենք տվել, բայց լիցքավորում ենք: Ու արձանագրվել են դեպքեր, երբ գալիս են եւ իրենց գումարները հետ են ուզում»,- իրավիճակը ներկայացրեց կայաններից մեկի տնօրենը: Տպավորություն է, թե գործադիրը մտահոգ է իր քաղաքացու անվտանգության խնդրով, բայց, արի ու տես, ոչ բոլոր գազալցակայաններում են վարորդներից պահանջում ցույց տալ գազաբալոնի՝ ճնշափորձարկված լինելու մասին փաստաթուղթը կամ հերթագրումը: Պարզ է մեկ բան. կառավարությունն ընդունել է մի օրենք, բայց չի մտածել դրա վերահսկման մեխանիզմների մասին, ինչպես եղավ դիմակների, քուար կոդերի եւ այլ արգելքների մասով. զրո վերահսկողություն: