ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 89

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի մայիսի 16-ին՝ իր հերթական 100 փաստը ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստ էր ներկայացնում մի բան, որն ընդամենը երկու տարի հետո պետք է չեղարկվեր։ Մասնավորապես, այդ օրը նա նշում էր. «Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետեւ բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ. մինչեւ 1 տարի ազատազրկում է նախատեսվում»: Իսկ ի՞նչ եղավ երկու տարի անց. միջազգային տարբեր կառույցների ճնշման արդյունքում օրենքը չեղարկվեց։ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը այս տարվա հունիսի 11-ին հայտարարեց. «Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բեւեռացման պայմաններում առանձին խմբերի եւ անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով: Հուլիսի 1-ից արդեն քրեական նոր օրենսգրքում չի գործի դեռ մեկ տարի առաջ ընդունված դրույթը»։ Իհարկե, սրանք միայն արդարացումներն են, սակայն բուն պատճառը միջազգային կառույցների կողմից եկած ճնշումներն են։ Այս ամենը մի կողմ թողնելով՝ պետք է փաստել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված փաստն այլեւս չի գործում, այսինքն՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։

 

 

 

Երեւան համայնքի ավագանու կազմը, քաղաքապետ Հրաչ Սարգսյանի գլխավորությամբ, որը վարում է ավագանու նիստերը, Երեւանի վարչական շրջանների աշխատակիցների մի ամբողջ ջարդ է նախատեսել: «Ժողովուրդ»  օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ գիշեր հրատապ կարգով ավագանու նիստի օրակարգ է մտել մի նախագիծ, համաձայն որի՝ խայտառակ մեծ կրճատումներ են լինելու: Որքան էլ ասենք՝ մինչեւ հիմա հաստիքացուցակը ուռճացված է եղել, թաղապետարաններում սուրճ խմողներ կամ համակարգչով կլորակներ շարողներ են եղել, ամեն դեպքում, փաստ է, որ մարդիկ ընտանիք են պահել, եւ հիմա այդ բոլոր մարդկանց մի գրչի հարվածով կամ ձեռքի գործողությամբ քվեարկության դնել եւ այդ մարդկանց դարձնել գործազուրկ, մեղմ ասած, անընդունելի է: Սա նշանակում է, որ մենք առաջիկայում 12 համայնքից ունենալու ենք 134 աշխատակցի կրճատում, այսինքն՝ 228 հաստիքային միավորից մնալու է 94-ը: Այս որոշումը ուշագրավ է այնքանով, որ չկա այլընտրանքային առաջարկ՝ ինչ պետք է անեն այդ մարդիկ աշխատանքից զրկվելուց հետո: Մարդիկ, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել են իրենց աշխատանքում, հիմա պետք է նոր աշխատանք փնտրեն: Ստացվում է որ Երեւանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանը, իշխանական ՔՊ-ն եւ նաեւ մյուս արբանյակ կուսակցությունները, որոնք որ պետք է այս որոշմանը կողմ քվեարկեն, ըստ էության նպաստելու են, որ գործազրկության մի մեծ ալիք նորից լինի Երեւանում: Երեկվանից, ի դեպ, «Ժողովուրդ»  օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ Երեւանի տարբեր վարչական շրջանների աշխատակիցներից։ Նրանց պատմելով՝ վարչական շրջանների ղեկավարները այս օրենքի նախագիծը դարձրել են մահակ իրենց ձեռքին եւ սկսել են ազատվել անցանկալի կադրերից. շատ մարդկանց բանավոր ծանուցել են, որ ազատված են շուտով: Ահա թե ինչպես է սկսում Տիգրան Ավինյանն իր կարիերան՝ քաղաքային իշխանության գալով:

 

 

 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարմանը 3 օր ժամանակ է մնացել. նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին, եւ Գլխավոր դատախազությունում բոլորը շունչները պահած սպասում են նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գալուն: Այս օրերին Գլխավոր դատախազությունում ակտիվ լուրեր են պտտվում, թե նոր դատախազը մենակ չի գալիս, այլ իր հետ Գլխավոր դատախազություն է բերում Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանին: Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ Անահիտ Մանասյանը հավանաբար կնշանակվի Աննա Վարդապետյանի տեղակալ կամ Երեւան քաղաքի դատախազ, ասել է թե՝ Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը եւս հրաժեշտ կտա իր պաշտոնին: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Գլխավոր դատախազության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Աննա Վարդապետյանը դատախազություն է իր հետ բերելու նաեւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանին, որը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմն է: Հավելենք, որ Պողոսյանի համար դատախազությունը խորթ կառույց չէ, քանի որ Պողոսյանը ԱԱԾ է տեղափոխվել դատախազությունից. նա նախկինում եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ:

 

 

 

ՀՀ քաղաքացիների շրջանում շուտով նոր բունտ է հասունանալու: Պատճառը Հայաստանում գործող առեւտրային բանկերն են, որոնք, ըստ դժգոհող քաղաքացիների, սկսել են իրենց «թալանելու»  գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների խոսքերով՝ տարադրամի կանխիկացման համար ՀՀ գրեթե բոլոր բանկերում գանձվում է 3 տոկոս միջնորդավճար: Նույնն է նաեւ դոլարային հաշվից կանխիկացում կատարելիս: Նմանատիպ մի բողոք «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ մի քաղաքացուց, որի պատմելով՝ ինքը «Ինեկոբանկ»-ում կանխիկացում կատարելու ժամանակ է միայն պարզել, որ բանկը 3 տոկոս է գանձել, այսինքն՝ ինքն իր սեփական հաշվից գումար հանելիս 3 տոկոսը տվել է բանկին ոչնչի դիմաց: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի հետքերով գնաց «Ինեկոբանկ»-ի գլխավոր գրասենյակ, որտեղ մեզ հրաժարվեցին պաշտոնապես մեկնաբանություն տալ եւ պահանջեցին հարցը գրավոր ուղարկել: Մյուս կողմից՝ բանկերից քաղաքացիներին պատճառաբանում էին, որ արտարժույթը քիչ է. պատճառը ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաներն են, քանի որ Ռուսաստանում դոլարը քիչ է, եւ այսօր շատերը Հայաստանից են կանխիկ դոլարը փոխանցում ՌԴ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Կենտրոնական բանկը 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար է սահմանել՝ փորձելով արհեստականորեն խոչընդոտել ՌԴ տեղափոխվող դոլարի կանխիկացումը, բայց, արի ու տես, այս ամենի արդյունքում տուժում են ՀՀ շարքային քաղաքացիները: Բացի այս, որոշ ՀՀ բանկեր հայտարարում են, որ սա ժամանակավոր բնույթ է կրում եւ պայմանավորված է համաշխարհային ճգնաժամային իրավիճակով։ Մի խոսքով,  թեկուզ ժամանակավոր, բայց գերշահույթներ է ստանում այս դեպքում «Ինեկոբանկ»-ը՝ ՀՀ քաղաքացիների սեփական միջոցների հաշվին:

 




Լրահոս