ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՆԻՍՏԻՆ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այնպես չէ, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է նիստ հրավիրել, ընդդիմությանն էլ դրան մասնակցելու չի հրավիրել: Խորհրդարանի հերթական նստաշրջանն է մեկնարկում, ընդդիմադիրները պետք է գային ու մասնակցեին ԱԺ նիստերին»,- ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների՝ խորհրդարանական նիստերին չմասնակցելու հարցը:

 

-Պարոն Բաքոյան, իշխանությունը հերթական՝ առանց ընդիմության խորհրդարանական նիստն է գումարում. Ազգային ժողովի 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանն է, եւ ընդդիմադիրները դահլիճում չեն: Այս հանգամանքը չի՞ մտահոգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, որ առանց ընդդիմության նիստեր է գումարում:

-Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ ընդդիմության չներկայանալու նախաձեռնությունը իշխող ուժինն է: Իրականում՝ օրենքի ուժով  նիստ է գումարվել եւ սկսվել է աշնանային նստաշրջան, որին պետք է մասնակցեն բոլոր խորհրդարանական ուժերը, այդ թվում՝ նաեւ ընդդիմությունը: Ընդդիմությունը չի ներկայացել կրկին, եւ իր գործելաոճը մեզ հայտնի է: Մենք կառուցողական ենք որպես իշխանություն՝ մեր կոչերով եւ հորդորներով, մենք շարունակ ասել ենք, որ ընդդիմության կարիքը միշտ կա Ազգային ժողովում, եւ ես կարծում եմ՝ լավ ընդդիմության կարիք կա: Ընդդիմություն, որը կկարողանա աշխատել եւ աշխատեցնել իշխող ուժին: Նրանք, ըստ էության, հակադիր կողմերից են հանդես գալու, եւ կլինեն առաջարկներ, դետալներ, որոնք մենք չենք նկատի, կավելացնենք կամ ավելորդ կհամարենք ծրագրի մեջ: Ընդդիմությունը կարող է հուշել այդ մասին, սակայն, ինչպես տեսնում ենք չի անում դա: Ես սա ցավով եմ ասում, եւ խոսքումս ոչ մի սարկազմ չկա: Կարծում եմ՝ այս պահին, երբ մեր ժողովուրդը կարիք ունի համախմբան՝ արտաքին մարտահրավերներ հաղթահարելու համար, ավելի արդյունավետ կլինի որ ե՛ւ ընդդիմությունը ե՛ւ գործող իշխանությունը  համատեղ աշխատեն:

-Ասում եք՝ լավ կլինի, որ խորհրդարանում լավ ընդդիմություն լինի: Ներկայիս ընդդիմությունը վա՞տն է: Նրանց հետ ամեն դեպքում աշխատել եք:

-Ես կարծում եմ՝ ներկայիս ընդդիմությունն անարդյունավետ է աշխատում: Արդյունավետությունը դուք կարող եք տեսնել ձեր ուսումնասիրություններով:

-Պարոն Բաքոյան, տեսակետ կա, եւ փաստեր կան, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ  ասում են, որ առանց ընդդիմադիրների խորհրդարանը չի կարող լիարժեք գործել, ավելին՝ քննադատում են այն խոսակցությունները կամ գործողությունները, որոնք խորհրդարանական մեծամասնությունը կամ նախագահությունը կարող է ձեռնարկել՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասով: Ամեն դեպքում իշխանությունը կգնա՞ նման քայլի եւ կզրկի՞ մանդատից:

-Միջազգային կառույցների հետ շփվելիս նման կարծիքներ գրեթե չեն հնչել: Ինչ վերաբերում է այն հարցին, որ ընդդիմությունն Ազգային ժողովի նիստին չկա, դրանում առկա է ներկա իշխանության գործոնը՝ այս մասին, իհարկե, ոչինչ չի հնչել: Ինչ վերաբերում է մանդատներից զրկելուն, դա պայմանավորված է ընդդիմության  հաճախելիությամբ, Ազգային ժողովի աշխատանքների մասնակցությամբ: Նախորդ նստաշրջանում, այո, նման հարց քննարկվել է, եւ որոշումը կայացվել է ու բոլորիդ հայտնի է: Եթե շարունակեն նման կերպ դրսեւորել իրենց, ապա օրենքի թույլտվության սահմաններում  պետք է քայլեր կատարել, որպեսզի իրենք ներկայանան եւ աշխատեն:

-Այսինքն չե՞ք բացառում, որ գործընթացը կշարունակվի:

-Առաջին փուլում իրենց բացակայությունները, այո, քննարկվել են, եւ եթե նման կերպ շարունակեն, ապա իհարկե գործընթացը շարունակվելու է: Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ընդդիմությունը չգա աշխատանքի, մանդատները վայր չդնի, բայց շարունակի ստանալ աշխատավարձ, օգտվի այն բոլոր արտոնություններից որից իրավասու է,  ընդ որում՝ չիրականացնելով իրեն ընտրողների սպասելիքները: Այո, այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ առիթով դժգոհություն են հայտնում եւ պահանջներ են ներկայացնում մեզ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցներն արդեն երեք օր է, ինչ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով երկկողմանի բացել առեւտրի կենտրոն տանող փողոցը։

Այսօր նրանց մի մասը հավաքվել էր ՀՀ կառավարության մոտ եւ գրավոր դիմում ուղղել Նիկոլ Փաշինյանին: Թե ե՞րբ, կամ արդյո՞ք կպատասխանի վարչապետը տնտեսվարողներին, հայտնի չէ: Բայց «Փեթակ»-ի առեւտրականները հայտարարել են, որ իրենք շարունակելու են իրենց գործադուլը: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժգին պայթյունից հետո այդ տարածքում քննչական գործողություններ են իրականացվում:

Այդ իսկ պատճառով ճանապարհը շարունակում է դեռ փակ մնալ:

ArmLur.am-ը դիմել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե եւ հետաքրքրվել, թե երբ են ավարտվելու քննչական գործողությունները: Մեր հարցին ի պատասխան՝ քննչական կոմիտեից փոխանցեցին, որ մոտ մեկ շաբաթից, գուցե ավելի շուտ, ճանապարհ բացվի: Պարզվում է՝ դեռ պայթած կիսակառույցի փլուզման աշխատանքները պետք է արվեն, ինչից հետո տարածքը կմաքրվի, իսկ ճանապարհը կբացվի:

Քննչական կոմիտեից եւս մեկ անգամ ընդգծեցին, որ այս պահին դեռ գործողություններ են գնում, ինչից հետո որոշում կկայացվի այն քանդելու:

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Ազգային ժողովի 8-րդ գումարման չորրորդ նստաշրջանը նույնպես լրագրողների համար սահմանափակումներով է մեկնարկել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանի ոչ բոլոր միջանցքներն են հասանելի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար. նախկին ռեժիմը պահպանվում է, ու լրագրողները չեն կարող, օրինակ, առաջին մասնաշենքից երկրորդը գնալ։

Հրապարակ թերթն էր օրերս գրել, որ ԱԺ ղեկավարությունը որոշել է մեղմացնել սահմանափակումներն ու բացել «Լաչինի» միջանցքը։ Խորհրդարանի ղեկավարությունը, սակայն, նման որոշում, այուամենայնիվ, չի կայացրել:

 

 

 

ՆՈՐ ՊԱՍՏԱՌ ԱԺ-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստերի դահլիճի գլխավոր մուտքին կից՝ սրահի պատերից մեկին, նոր պաստառ է հայտնվել։ ArmLur.am-ը նկատեց, որ ԱԺ ղեկավարությունը հանել է հին` դեռեւս «նախկիններից» մնացած պաստառը, որը 2017-ին էր փակցվել։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը ArmLur.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց պաստառի փոփոխությունը. «Նոր նստաշրջան, նոր պաստառ»։ Նկատենք, որ նոր պաստառի վրայից՝ ի տարբերություն նախկինի, եռագույնը բացակայում է։

Հավելեք, որ հենց այս պաստառի ֆոնին է տեղի ունենում խորհրդարանական ճեպազրույցների, հարցազրույցների մեծ մասը։

 

 

 

ՀՆԴԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ժամանել է Ռուսաստանի Դաշնության 516 հազար 549 քաղաքացի: Ի դեպ, նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է եկել 448 հազար 941 ռուս: Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մարտի սկզբից Ռուսաստանից Հայաստան են ժամանել մեծ թվով Ռուսաստանի, նաեւ՝ ՌԴ-ում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ։ Նշենք, որ հունվար-հուլիսին Հայաստան ժամանել է Ուկրաինայի 15 հազար 186 քաղաքացի, դուրս եկել 14 հազար 739 ուկրաինացի:

Արձանագրենք, որ Հնդկաստանից Հայաստան ժամանող հնդիկների թիվն էլ է ավելացել: Այս տարվա յոթ ամիսներին ՀՀ ժամանել է 9898, դուրս է եկել 11 հազար 262 հնդիկ: Նկատենք, որ Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար ոչ միայն աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկն է համարվում, այլեւ, հնդիկները փորձում են Հայաստանը անցողիկ պետություն դիտարկել, որ հետո Հայաստանով կարողանան գնալ այլ երկրներ, վիզաներ ստանալ, բիզնես հիմնադրել, ինչ-որ ծառայություններում աշխատել:

 

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր՝ Հանրային խորհուրդ ստեղծելու մասին:

Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի բոլոր անդամներն ընդգրկվելու են կամավորության սկզբունքով՝ հասարակական հիմունքներով:

Համաձայն հրամանագրի՝ հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, եւ նշանակվել են 8 անդամներ, որոնք Խորհրդի կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում կազմակերպելու են կառույցի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը:

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ Արցախի Հանրապետության գործող Նախագահի լիազորությունների ավարտը

 

 




Լրահոս