Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Առանձնազրույցի ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ խմբի կազմակերպություններին ռազմավարական համագործակցության համար եւ կարեւորել դրա արդյունավետ շարունակականությունը: Քննարկվել են ընթացիկ ծրագրերը՝ կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավման, մարդկային կապիտալի զարգացման, պետական կառավարման համակարգի արդիականացման, թվայնացման եւ այլ ոլորտներում:
Երեկոյան փոխվարչապետը մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Համաշխարհային բանկի խմբի գործընկերության 30-ամյակին նվիրված հոբելյանական ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
Փոխվարչապետն իր ելույթում շնորհակալություն է հայտնել տիկին Բյերդեին եւ ներկա գտնվողներին՝ մասնավորապես նշելով:
«Պատիվ ունեմ անձամբ իմ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորելու բոլորիս՝ Համաշխարհային բանկի խմբի հետ մեր համագործակցության հոբելյանական 30-ամյակի կապակցությամբ:
Պատմության համար գուցե ոչ այնքան երկար, բայց ամենատարբեր իրադարձություններով խտացված այս ժամանակաշրջանում Բանկը մեզ համար եղել է իրական եւ հուսալի գործընկեր:
Հատկանշական է, որ մեր առաջին համատեղ ներդրումային ծրագիրն ուղղված է եղել Հայաստանի նորագույն պատմության ամենածանր արհավիրքներից մեկի՝ 1988 թվականի երկրաշարժի հետեւանքների մեղմմանը:
Այդ ծրագրից ի վեր մենք աշխատել ենք միասին տարաբնույթ ոլորտներում 100-ից ավելի ծրագրերի իրականացման վրա՝ համագործակցելով ավելի քան 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պորտֆելի շրջանակներում:
Կցանկանայի ընդգծել, սակայն, որ Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունները երբեք չեն եղել պարզապես ֆինանսական գործընկերներ մեզ համար:
Համաշխարհային բանկի խումբն առանցքային դեր է ունեցել Հայաստանում հիմնարար բարեփոխումների իրականացման գործընթացում՝ իր փորձագիտական ներուժով հարստացնելով մեր ջանքերը՝ կառավարման բարելավման, ինստիտուցիոնալ կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության մրցունակության բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման եւ այլ կարեւոր ոլորտներում:
Մեր համատեղ ծրագրերը մշտապես ունեցել են ռազմավարական նշանակություն Հայաստանի համար, բարելավել են մեր քաղաքացիների կյանքի որակը եւ նպաստել են Հայաստանի շարունակական զարգացմանը:
Այս առումով կցանկանայի հատկապես ընդգծել բնական ռեսուրսների կառավարմանն ու կենսական նշանակության ենթակառուցվածնքերի բարելավմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաեւ առանձնացնել մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված մեր ջանքերը՝ կրթության բարելավման, սոցիալական պաշտպանության բարձրացման եւ առողջապահական համակարգի արդիականացման ուղղություններով:
Անհրաժեշտ եմ համարում մատնանշել նաեւ Բանկի խմբի գործընկերների արժեքավոր համագործակցությունը Հայաստանում մասնավոր հատվածի հետ, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի տնտեսական զարգացման համար՝ ընդհանրապես, եւ մասնավոր հատվածում թափանցիկ եւ հաշվետվողական միջավայրի ձեւավորման առումով՝ մասնավորապես:
2020 թվականի արհավիրքները բարդ տարածաշրջանային զարգացումները՝ մեր երկրի համար հնարավոր ծանր տնտեսական հետեւանքներով հերթական անգամ ընդգծեցին համատեղ աշխատելու եւ ռեսուրսները կոնսոլիդացնելու հրամայականը:
Ես վստահ եմ, որ մենք դեռ բազմաթիվ առիթներ կունենանք՝ միասին նշելու համագործակցության հոբելյաններ»:
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՅԱՑԵԼ Է
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ժնեւում հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, զրուցել են կովկասյան բանակցությունների եւ միջազգային քննարկումների շուրջ։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ զրույցում անդրադարձ է եղել նաեւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ եւ Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարեւոր քարտեզներ է հանձնել Ադրբեջանին։
Վարչապետի խոսքերով՝ Վրաստանը ԱՄՆ-ի հուսալի գործընկերն ու հավատարիմ դաշնակիցն է տարածաշրջանում եւ դրանից դուրս։ Ֆիլիպ Ռիքերը եւս մեկ անգամ հավաստիացրել է վարչապետին ԱՄՆ-ի հաստատակամ աջակցության մասին` երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ահազանգ է հնչեցնում այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է: Իհարկե, հայկական կողմը դա հերքել է: «Մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետեւեն եւ հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել»:
Այսինքն՝ Էդմոն Մարուքյանը հնարավոր է նոր էսլակացիայի մասին է ահազանգել՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների վրա: Իսկ ինչով են զբաղված այս ընթացքում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ պատգամավորները. տարբեր մարզերում ճոխ հյուրասիրությունների մեջ են ու հընթացս քարոզարշավ են անում:
Լուսանկարներում՝ Սիսիանում, Տաշիրում եւ այլուր ՔՊ-ական պատգամավորները քարոզարշավ են անում, իսկ Ադրբեջանի հնարավոր հարձակումը դեռ կսպասի: Ի դեպ, հավելենք, որ Ադրբեջանում մինչեւ 50 տարեկան անձանց արգելվեց լքել Հանրապետությունը:
ԱՌԱՆՁԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործով հակակոռուպցիոն կոմիտեն մաս է առանձնացրել եւ այդ մասով առանձին քննություն է իրականացնում: Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 31-ին Հակակառուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել. քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հրազեն եւ ռազմամթերք: Պարզվել է նաեւ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար: Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ էր հայտնել, թե ինչ է կատարվում Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործով:
ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ
Քաղաքական իշխանությունը շարունակում է յուր գրկի մեջ նոր պաշտոնյաների ընդունել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու հայտ է ներկայացրել Տավուշի մարզի փոքրիկ Կալավանից Սյունիք հասած ու հաստատված Ռոբերտ Ղուկասյանը: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական դառնալու համար իշխող ուժին ոչ միայն Սյունիքի մարզպետը, այլ նաեւ նրա տեղակալներն ու օգնականն են դիմել, բայց միայն Ղուկասյանն է համալրել կուսակցական շարքերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները ամենատարբեր պատճառներով մերժել են Սյունիքի մարզպետարանի մյուս աշխատակիցների՝ մարզպետի տեղակալի, օգնականի անդամակցությունը, իսկ Ռոբերտ Ղուկասյանն էլ միաձայն չի ընտրվել. թե՛ կողմ, թե՛ դեմ ձայներ են եղել: Փաստորեն, քաղաքական իշխանությունը, որ տարիներ ի վեր քննադատում էր նախկին իշխանության՝ բոլորին կուսակցական դարձնելու գործընթացը, ու անձամբ Նիկոլ Փաշինյանն էր քննադատում Սերժ Սարգսյանին, թե «Հայաստանը կուսակցականապետության է վերածել», այժմ ճիշտեւճիշտ նույն ձեռագիրն է կրկնօրինակում ու պաշտոնյաների կուրծքը ՔՊ-ի կրծքանշանով զարդարում: Մարդիկ, որոնք երբեւէ քննադատել են Նիկոլ Փաշինյանին, վրեժխնդրությունից դրդված՝ նրանց մերժում են դարձնել ՔՊ-ական։