ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր չդարձած անձինք դիմել են դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Երիցյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, պահանջելով, որ դատարանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Թիվ 152-03-2022 բարեվարքության եզրակացությունն անվավեր ճանաչի: Նշենք, որ դատավոր Երիցյանը ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի որդին է:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ, քանի որ, ըստ նրանց, հանձնաժողովը սեւ գիծ է քաշում իրենց մասնագիտական առաջխաղացման եւ կարիերայի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 5-ին որոշում էր կայացրել՝ 10 դատավորի հանել առաջխաղացման եւ հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին եւ օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել: Իսկ ովքե՞ր էին զրկվել Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու հնարավորությունից։ Նրանք Կարեն Գրիգորյանը եւ Ռիմա Առաքելյանն էին, որոնց անունները հանվել են հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից: Ինչպես նաեւ՝ դատավոր Նաիրա Ավետիսյանը եւ Սյուզաննա Վարդանյանը, որոնց անուններն էլ հանվել են հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից:

Իսկ ինչո՞ւ էր նախագահը դեմ եղել, որ այս դատավորները կարողանային իրենց ցանկալի դատարանում դատավոր նշանակվել կամ աշխատել։ Բանն այն է, որ Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու համար, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքության մասով կարծիք է հայտնում։ Վերոնշյալ դատավորների մասով հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել որոշ դեպքերում, ըստ ցուցակում ներկայացվածների՝ ոչ պրոֆեսիոնալիզմի դրսեւորման արդյունքում, եւ այդ կարծիքի հիման վրա նախագահը մերժել էր բավարարել այս դատավորների՝ Հակակառուպցիոն դատարանում դատավոր նշանակելու դիմումները: Ու այժմ դատավորները ահազանգում են, որ չեն լռելու եւ դատի են տալու հանձնաժողովին, քանի որ այն օբյեկտիվորեն չի քննել, ավելին՝ իրենց կարիերայի վրա սեւ գիծ է քաշել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` «Անկախություն» շարժման առաջնորդ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե:

Մեզ հասած լուրերի համաձայն` նրան հրավիրել են հարցաքննության՝ ծանր վիրավորանքի մասով հարուցված քրեական գործով. նա իշխանական ուսապարկերին էր հիշատակել իր խոսքում:

Ի դեպ, մեկ տարի առաջ ընդունված վիճահարույց օրենքն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով՝ հարուցելով ընդդիմության, լրագրողական կազմակերպությունների եւ միջազգային հանրության դժգոհությունը։ Փորձագետները մշտապես ասում էին, որ ծանր վիրավորանքի քրեականացումը վնաս է հասցնում խոսքի եւ կարծիքի ազատությանը։ Արդյունքում, այս տարվա հուլիսի 1-ից հետո Ծանր վիրավորանքի համար այլեւս քրեական պատասխանատվություն չի նախատեսվում, բայց նախկինում հարուցված քրեական գործերը հերթով դեռ շարունակում են քննվել:

Այսինքն, քննչական ծառայության աշխատակիցներն ազատում են գոյություն չունեցող օրենքի հիմքով հարուցված գործերի վրա, դրա համար էլ իրական գործերի համար ժամանակ չի մնում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ 68 ԴԵՊՔ

ՀՀ գլխավոր դատախազությունում 2021 թվականին ստացվել է 75 ազդարարում, 68-ը վերաբերել են առերեւույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 75 ազդարարումից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներով 32-ի դեպքում վարույթը կարճվել է, 47-ն ուղարկվել օպերատիվ հետախուզական մարմին ազդարարումը ստուգելու համար:  Այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցն ԱԺ նիստում՝ «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը:

Նա նախ շեշտեց, որ անանունությունը պաշտպանության կարեւորագույն միջոց է: Վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ անանուն են դիմում: «Դա պաշտպանության կարեւորագույն միջոցն է: Հակառակ դեպքում՝ մենք ուղղակի չենք ունենա ազդարարումներ: Դրա վերացումը միանշանակ կբերի այդ ինստիտուտի իմաստազրկմանը»,-ասաց Թումանյանցը:

Ապա փոխնախարարը ներկայացրեց վիճակագրություն. 2019 թվականին Գլխավոր դատախազությունում ստացվել է 188 ազդարարում, որոնք բոլորը վերաբերել են առերեւույթ կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրանցից 153-ը եղել են անանուն, 97-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 91-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներից 21-ով վարույթը կարճվել է, 59-ն ուղարկվել է օպերատիվ հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 17-ն ուղարկվել է՝ ըստ ենթակայության: 5 ազդարարման դեպքով հարուցվել են քրեական գործեր: 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման  համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որոնք եւս եղել են առերեւույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին վերաբերող: 119-ը եղել է անանուն, 91-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 33-ով՝ մերժվել վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 24-ով վարույթը կարճվել է, 86-ն ուղարկվել է օպերատիվ հետախուզական մարմին՝ ստուգելու համար տվյալները, 15-ն ուղարկվել էր՝ ըստ ենթակայության: Մեկ ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:

 

 

 

ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

Սահմանադրական դատարանի դատավոր, ՍԴ նախկին նախագահ, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ծանուցմամբ հրավիրվել էր ՀՀ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը չի ներկայացել: Դատախազություն էին հրավիրվել նաեւ Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար եւ Մերի Թովմասյանները, նրա հետ փոխկապակցված երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը եւ Ռուբիկ Ղազարյանը։ Ծանուցման մեջ հրավիրվածները նշված են որպես «Թիվ 22-3-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ»։

Թովմասյանի հետ փոխկապակցված անձանց ուղղված ծանուցագրում նշված է նաեւ, որ Հրայր Վարդանի Թովմասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, «որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»:

Դատախազությունը 1 ամիս ժամկետ է սահմանել վարչություն ներկայանալու համար՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին եւ ներկայացնելու դիրքորոշում: 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»։ Քրեական գործն առնչվում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին։ Այս մասով ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Թովմասյանն ապօրինի ձեռք էր բերել «Կենտրոն» նոտարական գրասենյակի տարածքը: Նրա սանիկին՝ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի եւ նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների առերեւույթ չարաշահման առթիվ նույնպես մեղադրանք էր առաջադրվել։

 

 

 

Ի՞ՆՉ ԷՐ ՆԱՄԱԿՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ինչ է գրել Հրազդանի կիրճում մահացած հայտնաբերված 38-մյա աղջիկը իր նամակում: Մասնավորապես, նա խնդրել է՝ իր քայլում որեւէ մեկին չմեղադրեն. «ես ահավոր շատ պարտքեր ունեմ, սկել եմ ու այդ ամենից հոգնած գնում եմ այս քայլին, ոչ մեկին իմ այս քայլում չմեղադրեք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանություն էր ահազանգել Լոռու մարզի բնակիչ՝ 67-ամյա Եսթերիա Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամ 14։10-ի սահմաններում, 38-ամյա դուստրը տանից՝ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բնակարանից, դուրս է եկել՝ թողնելով իր կողմից գրված նամակ։ Ավելի ուշ՝ աղջկա դին իրավապահները հայտնաբերել էին Հրազդանի կիրճում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս