Հայկական կոնյակը, գինին, մածունն ու շատ այլ արտադրանքներ կարող են գրանցվել որպես տեղական արտադրանք ու անխոչընդոտ արտահանվել Եվրոպա, եթե Հայաստանում սկսեն կիրառել դեռևս 2010թ–ին ընդունված, բայց առ այսօր գրեթե չկիրառվող «Աշխարհագրական նշումների մասին» օրենքը։
Այս մասին երեկվա ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով օրենքի կիրարկումը խթանելու համար դրանում կառավարության առաջարկած փոփոխությունները։
Հայաստանն ու Վրաստանը վթարային իրավիճակներում միմյանց էլեկտրաէներգիա կտրամադրեն:
«Հայկական ագրոպարենային արտադրանքի, այդ թվում՝ գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, խոտաբույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես աշխարհագրական նշումով արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել եւ իրացնել զգալիորեն բարձր գներով՝ արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ, մինչդեռ այն Հայաստանում տարածում չի գտնում, եւ այսօրվա դրությամբ գրանցված միակ աշխարհագրական նշումով արտադրանքը «Սեւանի իշխանն» է»,- հայտնեց Քերոբյանը:
Նախարարը նկատեց, որ օրենքը չի կիրառվում ոչ միայն այն պատճառով, որ տնտեսվարողները դրա մասին տեղյակ չեն, այլեւ, որ գործող օրենքում բավական շատ տեխնիկական դժվարություններ կան։
Օրինակ` սահմանվում է, որ աշխարհագարական անունով իրենց արտադրանքը գրանցելու համար պետք է դիմեն արտադրողները կամ արտադրողների խումբը։ Մինչդեռ Վրաստանում, օրինակ, արտադրողների կամ վերամշակողների խմբից բացի աշխարհագրական նշումով արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի նաեւ պետությունը, ինչը մեծապես հեշտացնում է գրանցման գործընթացը։ Արդյունքում, Վրաստանն արդեն գրանցել է Կախեթի գինին կամ մածունը, իսկ հայ արտադրողները լուրջ խոչընդոտներ են ունենում նույն արտադրանքի արտահանման պարագայում։
«Առաջարկվող նախագծով սահմանվում է, որ այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարողանում ձեւավորել խումբ, ապա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը կարող է փոխարինել խմբին եւ ներկայացնել աշխարհագրական նշման գրանցման հայտ», -նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց Քերոբյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ աշխարհագրական նշման ենթակա արտադրանքներից են հայկական մածունը, թանը, սուջուխը, բաստուրման, պանիրների մի շարք տեսակներ (հորած պանիր, մոթալ պանիր) եւ այլն:
Անգամ հայկական կոնյակը կարող է առանց խոչընդոտների արտահանվել ԵՄ, եթե «Հայկական կոնյակին» տրվի կոնկրետ տարածքի (բնակավայրի) անվանում, եւ գրանցվի՝ որպես աշխարհագրական նշումով արտադրանք:
Հիշեցնենք` 2022թ-ի փետրվարից հայկական արտադրության մածունը` «մածուն» մակնշմամբ չի կարող արտահանվել Վրաստան կամ Վրաստանի տարածքով որեւ է այլ երկիր, քանի որ այդ երկիրը որպես աշխարհագրական նշում գրանցել է մածունի իր արտադրատեսակը` վրացական «Մացոնին»։
Նույն խնդիրը կա նաեւ Ֆրանսիայում՝ կոնյակի եւ շամպայնի դեպքում։ 2021 թվականին ԵՄ-ն Հայաստանին 3 մլն եվրո էր առաջարկել «Կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց։
2021թ.-ի հունիսի 10-ին կառավարությունն ընդունել էր ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված աջակցության համաձայնագիրը, որով նախատեսվում է հրաժարվել նաեւ «Շամպայն» անվանումից։ Այս անվանումներից հրաժարվելու ու նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչեւ 2043 թ-ը։
«ԶԻՆԿՈՄԸ» ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ
Բերդ խոշորացված համայնքից հայտնեցին, որ այդ համայնքի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ Լեռնիկ Օհանյանը, օգտագործելով ՔՊ կուսակցության հետ իր կապերը, մեկ ամիս առաջ նշանակվել է Բերդի զինկոմ։
Մի քանի տարի առաջ Տավուշի մարզի տարածաշրջաններում զինկոմների հաստիքները վերացրել էին, այդ պաշտոնը այժմ կոչվում է ՊՆ ինչ-որ ստորաբաժանման ղեկավար։ Լեռնիկ Օհանյանը, չնայած զինվորական լինելուն, աշխատանքային ժամերին ակտիվորեն մասնակցում է սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ խոշոր համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության քարոզարշավին։ ՔՊ թեկնածուների 58 հոգանոց ցուցակի առաջին համար, միասնական սոցիալական ծառայությունների Բերդի կենտրոնի տնօրեն Վահրամ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջում զետեղված տեսանյութում երեւում է քարոզարշավ անող Վահրամ Սուքիասյանի թիկունքում՝ սեւ շորերով, հեռախոսը ձեռքին կանգնած Լեռնիկ Օհանյանը։ Վերին Ծաղկավան գյուղից հայտնեցին, որ Լ. Օհանյանը սեպտեմբերի 9-ին Վերին Ծաղկավանում ծեծի է ենթարկել իր հորեղբոր տղա Սամվել Բալդրյանին, ով այդ օրը տոնել է Ռուսաստանում գտնվող իր տղայի ծննդյան օրը։ Ծեծի պատճառը եղել է, այն, որ Սամվել Բալդրյանը սեպտեմբերի 25-ի ընտրություններում «Զորավոր համայնք» դաշինքի առաջին համար Հարություն Մանուչարյանի կողմնակիցն է, ինչը դուր չի եկել Լեռնիկ Օհանյանին։ Իսկ ծեծի առիթը եղել է այն, որ Լ. Օհանյանի կողմից վաճառված ապրանքի դիմաց Ս. Բալդրյանը 70 հազար դրամ է պարտք Լ. Օհանյանին։ Վ. Ծաղկավանից հայտնեցին, որ Լեռնիկ Օհանյանը բազում հարվածներ է հասցրել, վնասել Ս. Բալդրյանի կողոսկրերը։ Բերդի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Սամվել Բալդրյանը բուժօգնություն ստանալու համար այդ բուժհիմնարկ չի դիմել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վահրամ Սուքիասյանը մամուլում հերքել է Բերդի «զինկոմ» Լեռնիկ Օհանյանի կողմից իր հորեղբոր որդի Սամվել Բալդրյանին ծեծելու մասին լուրը, ասելով. «Ես անձամբ եմ խոսել նրա հետ, եւ նա հերքել է ծեծկռտուքի մասին լուրը։ Ընդհանրապես առաջին դեպքը չէ, երբ որոշ շրջանակներ ակտիվորեն նման նորություններ են տարածում»։ Սամվել Բալդրյանի հարազատները, ծեծի մասին խոսելով, խնդրում են չհրապարակել իրենց անունները, քանզի վախենում են իշխանության կողմից թիկունք ունեցող Լեռնիկ Օհանյանից։ Իսկ ծեծի առիթ դարձած 70 հազար դրամը, որը Լեռնիկ Օհանյանին պարտք է եղել Սամվել Բալդրյանը, վաճառված ոսկե զարդի փող է. «զինկոմ» Լեռնիկ Օհանյանը անօրինական կերպով զբաղվում է ոսկե զարդերի վաճառքով։ Վ. Ծաղկավանից հայտնեցին, որ ամեն ինչ արվում է այդ ծեծը ծածկելու, քրեական գործ չհարուցելու համար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
2 ՄԼՆ ԴՈԼԱՐ
ԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացրել Ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման համար, հայտարարել է Պետդեպը։ «Տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանն աջակցելու նպատակով՝ Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարել 2020 թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների համար՝ 2.000.000 դոլարի հատկացման մասին։ Հակամարտության գոտում ականները եւ չպայթած զինամթերքը շարունակում են սպանել եւ խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը եւ խոչընդոտել տեղահանվածների անվտանգ վերադարձը: Հաշվի առնելով 2021թ. նոյեմբերին տրամադրված 500.000 դոլարը՝ ԱՄՆ նոր ֆինանսավորումը կշարունակի ամրապնդել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական ներուժը՝ մահաբեր ականների եւ չպայթած զինամթերքի վնասազերծման համար: Այդ ջանքերը չափազանց կարեւոր դեր են խաղում մարդու անվտանգության ամրապնդման համար եւ տեղահանվածներին թույլ են տալիս վերադառնալ իրենց տները եւ անվտանգ կերպով վերականգնել իրենց կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 26,5 միլիոն եվրո գումարի չափով վարկ։ Ազգային ժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Նա նշեց, որ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու եւ լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել եւ իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը։ Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական ծառայության արդիականացմանը՝ ավագ գործադիր կորպուսի/ծառայության ներդրմամբ, ընդլայնել պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները՝ դրանց թիվը հասցնելով 350-400-ի, արդիականացնել հարկային վարչարարության համակարգերը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների իրականացումը, ներդնել կիբեռանվտանգության եւ հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները, հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն (G-Cloud ամպային հիբրիդային մոդելի շրջանակում։ «ՊԵԿ-ին հատկացվող գումարը ամենամեծն է, որովհետեւ մենք ամենամեծ ծավալի նախագծերն ենք առաջարկել։ Հիմնական մի քանի ուղղություններ ունենք։ Ուղղություններից մեկը բջջային հավելածների զարգացումն է՝ հարկային եւ մաքսային ծառայությունների կողմից էլեկտրոնային ծառայությունների բնագավառում։ ՊԵԿ-ում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, իրականացվում են էլեկտրոնային հարթակում, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում»,- ասաց Մուրադյանը։