Շուտով՝ սեպտեմբերի 17-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Միզերի» ներկայացման պրեմիերան: ArmLur.am-ը դերասանուհի Տաթեւ Ղազարյանի հետ զրուցել է «Միզերի» ներկայացման գաղափարի եւ Գյումրեցի հանդիստեսի մասին:
«Այս պահի զբաղվածությունս բացառապես կապված է Գյումրու դրամատիկական թատրոնի հետ, առջեւում սպասվում է երկու մեծ պրեմիերա: «Միզերի»-ն ինձ համար բավականին պատասխանատու եւ սպասված ներկայացում է: Այս ներկայացման պրեմիերային շուրջ երկու տարի սպասել եմ: Երբ հրավեր ստացա Գյումրու Դրամատիկականի կողմից, անկեղծ շատ ուրախացա, քանի որ տարիներ ի վեր ընկերություն եմ արել թատրոնի հետ, բայց երբեք նման համագործակցության առիթ չէի ունեցել. իհարկե, միշտ հոգու խորքում փափագում էի այդ ցանկությունը, քանի որ միշտ հիանում եւ հպարտանում էի այդ թատրոնով: Այսօր ինձ այդ հնարավորությունը տրվեց, եւ մի քանի օրից կլինի պրեմիերան: Իհարկե, ստեղծագործական գործունեությունս միայն Գյումրու թատրոնով չի սահմանափակվում, Երեւանում նույնպես ունեմ շատ կիսատ թողնված գործեր. արդեն սկսել են թատերական ինսիտուտում դասերը, ինչպես նաեւ դասավանդում եմ մի քանի թատերական այլ դպրոցներում, հեռուստատեսություններում զբաղվում եմ կրկնօրինակմամբ, ինչպես նաեւ թատրոնում ունենք «թատերական ընթերցանություն» ձեւաչափ, որով հիմնականում զբաղվում եմ: Անում եմ փոքրիկ դահլիճում փոքրիկ բեմադրություններ, եւ մինչեւ տարվա վերջ կունենանք երեք նոր պրեմիերաներ,-պատմեց դերասանուհին:
Տաթեւ Ղազարյանի խոսքով՝ «Միզերի» ներկայացման գաղափարը ծնվել է ֆիլմից: Դերասանուհու կարծիքով այս ներկայացումը բավականին խորը, բարդ եւ շատ պատասխանատու աշխատանք է, որը կամ կտապալի դերասանին կամ կբարձրացնի:
«Մի անգամ Գոռ Մարգարյանն առաջարկեց ֆիլմը նայել եւ պարզվեց, որ իր հոգու խորքում էլ է նա մտածել եւ ինձ է տեսնում գլխավոր դերակատար: Անկեղծ կլինեմ, ես ինքս էլ, երբ նայեցի ֆիլմը սիրահարվեցի կերպարին: Կան դեպքեր, որ նույնիսկ երկրորդ պլան է մղվում գաղափարը, եւ գործում է միայն դերասանական էգոիզմը, «Միզերին» հենց դրանցից մեկն է: Այդ դերը նվեր է դերասանի համար, բայց կա մի բան՝ կամ դերը կտապալի քեզ կամ կբերի հաջողություններ: Հիմա ես նետվել եմ այդ օվկիանոսը, եւ տեսնենք, թե որ կողմ եմ լողալու: Իրականում չեմ թաքցնի՝ շատ եմ վախենում, հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,-նշեց նա:
Անդրադառնալով ներկայացման բուն գաղափարին եւ ասելիքին՝ ընդգծեց, որ կյանքում ոչինչ պետք չէ ֆանատիզմի հասցնել:
Մեր հարցմանը, թե ինչպես է իրեն զգում Գյումրու Դրամատիկական թատրոնի բեմում, եւ ինչ առանձնահատկություններ կարող է նշել Երեւանի եւ Գյումրու հանդիսատեսի միջեւ, դերասանուհին ի պատասխան ասաց, որ այնտեղ իրեն շատ լավ է զգում, ասես իր ափսեի մեջ լինի:
«Գյումրեցի հանդիսատեսը շատ խստապահանջ է՝ ի տարբերություն Երեւանի հանդիսատեսի: Երեւանի հանդիսատեսը փոքր ինչ ավելի զուսպ է, թե՛ լավ թե՛ վատ դրսեւորումներում, իսկ Գյումրու հանդիսատեսն ավելի էմոցիոնալ է, ավելի ճշտախոս: Երեւանի հանդիստեսից չես կարողանում հասկանալ՝ իսկապե՞ս ներկայացումը դուր եկել է, թե՞ ոչ, իսկ գյումրեցիներն այդպես չեն, իրենց ծափահարություններից կարող ես զգալ հավանել են, թե ոչ: Կարծում եմ՝ դա գալիս է բեմի լեգենդար եւ մոգական հատկությունից: Իմ մեծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել թատրոնի անձնակազմին՝ Լյուդվիգ Հարությունյանին, որ այդքան լավ միջավայր են ստեղծել»:
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱ՞Ր
Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շուտով կազատվի պաշտոնից: Ավելին, ըստ մեզ հասած լուրերի՝ անգամ հայտնի է, թե ով է պատրաստավում փոխարինել Վահրամ Դումանյանին:
Կառավարությունը պատրաստվում է ԿԳՄՍ նախարար նշանակել իշխանական թիմի անդամ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանին: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանը վաղուց է սպասում այդ պաշտոնին եւ դրան հասնելու համար ջանք ու եռանդ չի խնայել:
ArmLur.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանն ասաց, որ այս պահին Մխիթար Հայրապետյանը երկրում չէ եւ զբաղվում է միայն հիմնադրամի գործերով:
«Այլ տեղեկությունների այս պահին չենք տիրապետում»,-ասաց նա:
Այս առնչությամբ ArmLur.am-ը մեկնաբանություն փորձեց ստանալ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից: Ի պատասխան մեր հարցադրման` նախարարը նշեց. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Հիշեցնենք, որ ավեի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամենեւին էլ չի կիսում վարչապետի եւ կառավարության նոր նախագիծը բուհերի միավորման հետ կապված, եւ որպեսզի պատասխանատվությունն իր ուսերից գցի, նախարարը հանդիպումներ է փնտրում տարբեր համալսարանների ռեկտորների, պրոֆեսորների հետ եւ իր դժկամությունն է հայտնում, ասելով, որ նա եւս դեմ է եւ փորձում է ամեն կերպ պայքարել այդ նախագծի դեմ:
Բացի դրանից, գաղտնիք չէ Վահրամ Դումանյան-Արայիկ Հարությունյան հակամարտությունը: Ավելին, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ այս վերջին շրջանում նրանց հարաբերություններն էլ ավելի են լարվել:
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐ
Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամներից եւս երկուսը կսկսեն պայքարն աշխարհի առաջնությունում:
Սեպտեմբերի 12-ին Բելգրադում մրցագորգ դուրս կգան 60 եւ 130 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այս քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներ Գեւորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասապյանը կմեկնարկեն 1/16 եզրափակիչներից:
Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը կլինի երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Պրիդոն Աբուլաձեն, Դավիթ Օվասապյանը կգոտեմարտի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Քոլթոն Մայքլ Շուլցի հետ:
Գեւորգ Ղարիբյանը 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2022 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Դավիթ Օվասապյանը մինչեւ 23 տարեկանների աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն է: Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչների նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 12:30-ից:
7-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լեւոն Արոնյանը ավարտել է պայքարը Sinquefield Cup-ում:
ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Մրցաշարում կայացել են վերջին` 9-րդ տուրի պարտիաները: Արոնյանը մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրջուն, ով թայ-բրեյքում մրցեց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Իան Նեպոմնիաշկինի հետ: Արոնյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Sinquefield Cup-ին մասնակցում էին 10 շախմատիստներ: Այն բաղկացած էր 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում էր 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:
ԱՌԱՋԻՆ ՌԱԿԵՏ
Թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնության 2022 թվականի հաղթողը իսպանացի Կարլոս Ալկարասն է: Նյու Յորքում կայացած ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում մրցեցին Իսպանիայից Կարլոս Ալկարասը եւ նորվեգացի Կասպեր Ռուդը: 3 ժամ 20 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Ալկարասն առավելության հասավ 4 սեթերից հետո` 6:4, 2:6, 7:6, 6:3 հաշվով:
Իսպանացի Կարլոս Ալկարասն իր կարիերայի մեջ առաջին անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում եւ օրեր անց կդառնա աշխարհի առաջին ռակետը: Իսպանացին կլինի ամենաերիտասարդ թենիսիստը պատմության մեջ, ով դարձել է առաջին ռակետ: