ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե Արցախն ինչ միջոցներ է ձեռնարկում տնտեսական նոր ճգնաժամը հաղթահարելու համար: Օրինակ` ՀՀ-ում, ինչքան հեռուստատեսությանը հետեւում եմ, ոչ մի քայլ չեն անում:
պատմաբան
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարծում, որ Հայաստանում ոչինչ չի ձեռնարկվում: Տնտեսությունը ընդհանրապես այնպիսի դինամիկ համակարգ է, որ անընդհատ տարբեր տիպի ծրագրեր են իրականացվում, ներդրումներ ու գործարքներ են կատարվում: Կոնկրետ Ղարաբաղում, իհարկե, կա տնտեսության ռազմավարական զարգացման ծրագիր, որի էությունն այն է, որ հիմնական շեշտը դրվում է մի քանի բազային ուղղությունների վրա: Դրանցից է, օրինակ, էներգետիկ համակարգը. հատկապես հիդրոէլեկտրաէներգիա արտադրելուն ուղղված` պետության կողմից հիմնարար քայլեր են կատարվում, կառուցվում են հէկ-եր, եւ այս տարի մենք ունենք երեք հէկ, որոնք պետք է շահագործման հանձնենք: Դրանք շոշափելիորեն կբարելավեն երկրի էներգետիկ ինքնաբավության մակարդակը: Ունենք նաեւ այլ կարեւոր ծրագրեր գյուղատնտեսությունում: Մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ այնպիսի նոր ոլորտներին, ինչպիսին է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Քայլեր են կատարվում հանքարդյունաբերության զարգացման ուղղությամբ, մասնավորապես վերջերս Ստեփանակերտում կայացավ մի շատ հետաքրքիր կոնֆերանս հանքային պաշարների վերաբերյալ: Նման հիմնարար քայլերը, ինձ թվում է, իրենց արդյունքն արդեն տալիս են, եւ մոտ ապագայում էլ ավելի մեծ ազդեցություն կունենան տնտեսության զարգացման վրա:
Դավիթ Բաբայան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ ԼՂՀ կառավարությունից ստացված պատասխանը տարողունակ է, բայց ոչ մի կոնկրետ քայլի, առավել եւս արդյունքների մասին այստեղ չի նշվում: Տպավորությունն այնպիսին է, թե Ղարաբաղում նույնպես Տիգրան Սարգսյանի կառավարության մոտեցումներն են գործում: Եւ այստեղ էլ ցանկացած հարցում փորձ է արվում ընդամենն իրավիճակային լուծում գտնել: