ԱԱԾ հայտարարությունը՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 14–ին ունեցած ելույթից հետո, երբ հազարավոր քաղաքացիներ հավաքվեցին Ազգային ժողովի շենքի մոտ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, ՔՊ–ական բոլոր պատգամավորները մեկը մյուսի հետեւից գրառումներ արեցին «Ֆեյսբուքում»՝ գրեթե նույն բովանդակությամբ՝ հայտարարելով, որ Փաշինյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրել։

Թերեւս մտավախություն ունենալով, որ իշխանական պատգամավորների գրառումները կարող են բավականաչափ համոզիչ չլինել, իսկ քաղաքացիների թիվն այդ ընթացքում Ազգային ժողովի դիմաց ավելանում էր, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նույնիսկ Ֆեյսբուքում ուղիղ եթեր մտավ։

Նիկոլ Փաշինյանը նախ գրառում արեց «Ֆեյսբուքում», քիչ անց նա էլ ուղիղ եթեր մտավ ու հայտարարեց՝ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։

Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը։

«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։

Սույն հաղորդագրությամբ ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։

Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»,– ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

Նշենք, որ որեւէ լրատվամիջոց չի գրել, թե Նիկոլ Փաշինյանը ստորագրել կամ պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ։ Լրատվամիջոցները պարզապես մեջբերել են Փաշինյանի խոսքը։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,– ասել էր Փաշինյանը։




Լրահոս