Նիկոլ Փաշինյանին հեռացնելը մեր այսօրվա օրակարգն է։ Այս մասին Ազգային ժողովի դարպասների առջև ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների 35 պատգամավորի ստորագրություն ունենք՝ ՀՀ-ի վարչապետին ու կառավարության անդամներին անվստահության գործընթաց սկսելու համար։ Խնդրում եմ չկասկածել, սա որպես սպա եմ ասում։ Բայց որպեսզի այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնենք, մեզ պետք է ևս 18 ՔՊ-ական պատգամավորի ստորագրություն»,- նշեց Սեյրան Օհայանը։
Նա ուզում էր միտքը շարունակել, բայց երբ ասաց «վաղը», հավաքվածները սկսեցին վանկարկել՝ հիմա՛, հիմա՛։ «Հիմա մենք պատրա՞ստ ենք գնալ, գտնել այդ 18 պատգամավորներին»,- հարցրեց Օհանյանը։ «Այո,» վանկարկեցին բոլորը միաձայն։
Սևակ Վարդումյան