«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ չցանկացավ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները։ Փաշինյանն, ի դեպ, այսօր նաև նախկին պաշտոնյաներից, այդ թվում՝ ԱԱԾ տնօրեններից էր խոսել, քննադատել նրանց։
«Պատասխանում, անդրադառնում են մարդու ասածներին, ոչ թե չգիտեմ՝ ում»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուի հարցին, ում առաջնորդելով միայն կարող են Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսել, Վանեցյանը հստակ ոչինչ չասաց։
Հարցին՝ փողո՞ցն է վարչապետ ընտրելու նորից, արձագանքեց․ «Մի անգամ փողոցը որոշեց մի պատուհաս, ես էլ ԱԱԾ-ի տնօրեն դարձա, բայց կարճ ժամանակ անց հասկանալով, որ պատուհաս է, հայտարարություն արեցի, հրաժարվեցի պաշտոնից»։
Մեկ այլ հարցի, թե ԱԱԾ տնօրեն լինելով ինչո՞ւ քրեական գործ չէր հարուցում Փաշինյանի նկատմամբ, այսպես արձագանքեց․ «Դուք հավատո՞ւմ եք, որ ԱԱԾ-ն կարո՞ղ էր քրեական գործ հարուցել կամ ձերբակալել։ Հինգ րոպե հետո գլխավոր դատախազը, որ ցույց տվեց, որ Փաշինյանի կամակատարն է, քրեական գործի կվերացներ ու քրեական գործ կհարուցեր իմ նկատմամբ ու կասեր, թե ԱԱԾ տնօրինությունը պետական հեղաշրջման էր պատրաստվում»։
Սևակ Վարդումյան