![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/EE204340-80C2-488A-A752-C849AA2175CB_cx0_cy10_cw0_w1023_r1_s.jpg)
ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու, իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին, այսօր տեղի ունեցած քննարկումից հետո հայտարարել է ՄԱԿ֊ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:
Վերջինս «Ինտերֆաքս»-ին պատմել է` Մոսկվան պնդում է, որ քննարկման մասին լրագրողների համար պատրաստվող փաստաթղթում անպայման հղում արվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 ին և 2021 ստորագրված հայտարարություններին, որոնք «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմք են և պարունակում են հրադադարի և մի շարք այլ նախագծերի պարտավորություններ, որոնք կողմերը հանձն են առել իրագործել»:
«Մենք պատմել ենք այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկել է Ռուսաստանը` թե՛ առանձին, թե՛ ՀԱՊԿ֊ի միջոցով` իրավիճակի կարգավորման և հրադադար հաստատելու համար», ֊ ասել է Նեբենզյան՝ հավելելով, թե «ներկայացրել են նաև այն քայլերը, որոնք ՀԱՊԿ֊ը կձեռնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո»: Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ ռուս դիվանագետը չի մանրամասնել, նշել է միայն, թե Անվտանգության խորհրդի անդամ֊գործընկերները «շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին այդ ջանքերի համար»: