ՀԱՐՑ. Տարբեր մարդկանցից լսել եմ, որ եթե որեւէ պետության բնակչության թիվը մեկ միլիոնից պակաս է, ապա այդ պետության արտաքին պարտքերը զրոյացվում են (ինչի պատճառով էլ մեր իշխանությունները ոչինչ չեն անում արտագաղթը կանխելու համար): Արդյո՞ք այդպես է, իսկ եթե ոչ, ապա ի՞նչը կարող էր նման խոսակցությունների առիթ լինել:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Արտաքին պարտքի զրոյացում» մեկ միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրների համար գոյություն չունի:
Միջազգային պրակտիկայում ծանր պարտքի բեռ ունեցող երկրները, որոնք պարտքի սպասարկման հետ կապված դժվարություններ ունեն, դիմում են վարկային պարտավորությունների վերաձեւակերպմանը: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ծանր պարտքի բեռ ունեցող երկիր չէ:
Ավելացնենք նաեւ, որ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմված է երկարաժամկետ վարկերից, եւ դրանց սպասարկումը կատարվում է վարկային պայմանագրերով սահմանված մարման ժամանակացույցերի համաձայն:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դե քանի որ մեր կառավարությունը տարեցտարի ավելացնում է արտաքին պարտքը, կարելի է կարծել, որ հեռու չէ այն օրը, երբ ՀՀ-ն նույնպես կհայտնվի ծանր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: Միգուցե իշխանությունը հենց դրան էլ ձգտում է` ավելի ուշ ներկայացնելու համար, որ ինքը, պարտքի վերաձեւակերպման հասնելով, հերթական «բիզնես պրոյեկտն» է գործարկել: Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա այս խնդրի վրա իշխանությունն, անկախ ամեն ինչից, թքած ունի: