ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 91

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց դրանք չեն նշանակում Հայաստանի Հանրապետության պետական շահերին հակասող որոշումներ:  Այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տեւական կայունությունը, խաղաղությունը»,- այս խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է երեկ Ազգային ժողովում: Այսպիսի հայտարարություններ 2020 թվականի նոյեմբերի իննից հետո բազմիցս ենք լսել, եւ նա ոչ մեկ անգամ հայտարարել էր, թե ցանկացած որոշում արվում է  նրա համար, որ սահմաններն ամուր լինեն: Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերի 22-ին Երեւանում  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկել առաջիկա անելիքները: Փաշինյանն իր խոսքում ասել էր. «Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»: Այս հայտարարությունից երկու տարի անց ոչ միայն Արցախում բնականոն կյանքը չի ավերականգնվել, այլեւ Հայաստանի ապագան է հարցականի տակ. սա նշանակում է, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում իրական գզվռտոց է սկսվել մի քանի պատգամավորների՝ հրապարակ նետած առաջարկ-թեզից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը, Լենա Նազարյանն ու Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ մինչեւ Փաշինյանի խորհրդարան գալը՝ խմբակցության նիստի ժամանակ, հայտարարել են, թե կարելի է դիտարկել Ադրբեջանի՝ տարածքային ամբողջականության ճանաչման պահանջը ու վերջ տալ սահմանային չդադարող լարվածությանը, ասել է թե՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել ու, այսպես ասած, մեկընդմիշտ փակել թեման: Հայտարարությունը, բարեբախտաբար, միանշանակ չի ընդունվել, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերոնշյալ պատգամավորները չեն ընկրկել ու այսօր էլ շարունակում են համոզել իրենց գործընկեր պատգամավորներին, թե այս պահին միակ լուծումը դա է: «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել խմբակցության դռնփակ նիստը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Սոնա Ղազարյանը՝ ըստ երեւույթին չհերքելով, որ նման առաջարկով են հանդես եկել: Արսեն Թորոսյանն էլ թեեւ տեսավ մեր հաղորդագրությունը, բայց այդպես էլ չարձագանքեց դրան: Փաստորեն, երբ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, 18-ամյա հայ զինվորներն ու պայմանագրայինները կյանքի գնով սահման են պահում, ատամներով մաքառում են ամեն մի միլիմետրի համար, երկրի քաղաքական իշխանությունում մարդիկ կան, որ դեմ չեն հակառակորդին տարածքներ նվիրել: Գուցե վախենում են, որ պատերազմը նաեւ իրենց դուռը կարող է թակել, ու փորձում են սիրաշահել խաղաղությունը զենքով պարտադրող մեր վայ հարեւաններին, չեն հասկանում, սակայն, որ դա հարցի լուծում չէ:

 

 

 

Հայաստանում  արդեն  երրորդ օրն է՝ ծանր մարտեր են ընթանում, ինչի հետեւանքով, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունենք 105 զոհ, եւ հակառակորդը 10 քառակուսի կիլոմետր  օկուպացրել է Հայաստանից։ Այս իրավիճակին  զուգահեռ՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազը  հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել: Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գլխավոր  դատախազությունում կոլեգիայի նիստ կլինի, որից հետո Արթուր Դավթյանը հրաժեշտ  կտա  դատախազությանը եւ գլխավոր դատախազի ղեկը կհանձնի Աննա Վարդապետյանին: Հիշում եք՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գլխավոր  դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց  պաշտոնին, բավականին սրտառուչ քայլ կատարեց: Դատախազ Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ խոնարհվեց եւ քայլելով հեռացավ դատախազությունից, ինչպես սրբավայրից կբաժանվեր: Հետաքրքիր է՝ Արթուր Դավթյանը կհամբուրի արդյոք դատախազության շենքի դուռը՝ ձեռքերը միացնելով,  ինչպես  աղոթքի  ժամանակ, եւ կխոնարհվի, թե այլ  կերպ կհեռանա։

 

 

 

Վերջին երկու տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը կտրուկ աճում են, իսկ Հայաստանինը՝ ոչ այդքան: Թշնամի պետությունն ավելացնում է իր ռազմական բյուջեն, իսկ մեր հանրապետությունը՝ պաշտոնյաների պարգեւատրման ֆոնդը: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճել են մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345,4 միլիարդ դրամ։ Նշենք, որ 2021 թվականին բյուջեի ծախսերից պաշտպանությանը հատկացվել էր 312 միլիարդ դրամ, իսկ, ահա, Ադրբեջանի 2022 թ. պետբյուջեով պաշտպանական ոլորտին հատկացվել է մոտ 2,6 մլրդ դոլար: Բացի այդ, օրինակ՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ 1995-2020թթ. Ադրբեջանի ռազմական ծախսերը մոտ 5 անգամ գերազանցել են Հայաստանի ցուցանիշը: 25 տարվա ընթացքում ՀՀ բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացվել է շուրջ 7.4 մլրդ դոլար, նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ծախսել է շուրջ 32.5 մլրդ դոլար: Միայն 2020թ. Հայաստանը ռազմական կարիքների համար ծախսել է 634 մլն դոլար, Ադրբեջանը՝ 2.2 մլրդ, փոխարենը վարչապետի աշխատակազմի պարգեւատրումների ֆոնդն է 2021 թվականի համեմատ աճել 8 մլն դրամով՝ կազմելով 756 մլն դրամ: 2021 թվականին՝ պատերազմից մեկ տարի անց, պարգեւատրումները, դրամական խրախուսումները եւ հատուկ վճարները կազմել են 18.8 մլրդ դրամ՝ 2020-ի 15.5 մլրդ դրամի համեմատ։ Աճը կազմել է 21.7 տոկոս եւ ավելացել է 3.36 մլրդ դրամով: Էլ չենք խոսում կառավարության անդամների ծառայողական նոր ու թանկարժեք ավտոմեքենաների մասին, որոնք գնվել են պետական միջոցներով: Խոշոր գումարների պակաս չկա նաեւ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում, որին, ի դեպ, 2018-ին 510.000 դոլար ու 77 մլն 503 հազար դրամ է փոխանցվել, 2019-ին՝ 258 մլն 197 հազար դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո, 2020-ին 10 մլն 311 հազար դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն, 2021-ին՝ 305.000 դրամ, բայց, միեւնույնն է, պարտվում ենք:

 




Լրահոս