ԴԻՐՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի տարածք թշնամին ներխուժել է, դա փաստ է, եւ մեր զինված ուժերը աշխատում են այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ»,- սա հատված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում երեկ՝ սեպտեմբերի 14-ին, օրենսդիր-գործադիր հարցուպատասխանաի ժամանակ ունեցած ելույթից: Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը դեռևս նախորդ տարվա մայիսի 12-ին է  40 քառակուսի կմ տարածք օկուպացրել  մեր երկրից: «Իսկ այս պահին կարող եմ ասել, որ եւս 10 քառակուսի կմ են օկուպացրել մեր երկրից»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է նաեւ, որ Հայաստանը իր տարածքով Ադրբեջանին միջանցք չի տալու։ Իրավիճակը սահմանին շարունակվում է լարված մնալ: «Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի շուրջ զրուցել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանի հետ:

-Պրն Դանիելյան, որպես սյունեցի պատգամավոր՝ ի՞նչ նոր տեղեկություններ կհաղորդեք Սյունիքից:

-Սյունիքում գերլարվածությունը պահպանվում է. թշնամու շարժը ամբողջությամբ երեւում է, ու ամեն րոպե սպասելի է  նոր հարձակում: Ցավոք, ունենք զոհեր եւ վիրավորներ: Նրանք թե՛ Կապանի բժշկական կնետրոնում են, թե՛ Երեւան են տեղափոխվել: Բայց Երեւան են տեղափոխվել, ոչ թե որովհետեւ ծայրահեղ ծանր վիճակում են եղել, այլ նրա համար, որ հիվանդասենյակներում ազատ տեղեր լինեն, քանի որ ամեն պահի կարող է նոր բռնկում սկսվել, հետեւաբար նոր վիրավորներ ունենանք:

-Եթե ադրբեջանցիների տեղաշարժը մեզ տեսանելի է, ապա տրամաբանական է, որ  մեր տեղաշարժն էլ հակառակորդին է հասանելի:

-Այսօրվա պատերազմում ամեն ինչ էլ հնարավոր է տեսնել, քանի որ տեխնոլոգիաների կռիվ է:

-Խոսքը հեռահար սարքավորումներով դիտարկելու մասին չէ:

-Բնականաբար տեսանելի կլինի, այդ իսկ պատճառով բոլոր դիրքերում մենք փորձում ենք քողարկել մեր զորքին, սակայն դա ավելի ռազմավարական հարց է, որին չեմ կարող պատասխանել: Այն, որ ամեն պահի վտանգ կա ու կարող է բռնկում լինել, բոլորս գիտակցում ենք եւ պատրաստ ենք դրան:

-Դիրքերի փոփոխության մասին է խոսվում եւ ինչքան էլ Դուք, ձեր թիմակիցները, պետական կառույցները հորդորեն, թե. «Հետեւե՛ք պաշտոնական տեղեկատվությանը», քաղաքացին պե՛տք է իմանա, թե ի՞նչ է կատարվում սահմանին, ու դիրքային ի՞նչ փոփոխություններ են կատարվել:

-Քաղաքացիները, բոլորն էլ տեղյակ են, որ ինչ-ինչ դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել: Այդ մասով կարծում եմ՝ ճիշտ կլինի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններին հետեւեն, քանի որ սահմանում իրականում փոփոխությունները շատ արագ են գրանցվում, ու չես կարող ասել, թե որ պահին, որ դիրքն ում կողմի վերահսկողության տակ է կամ կլինի: Այդ ամենը ռազմական գործողությունններից հետո է որոշվում. հակառակորդը, հնարավոր է, հետ գնա կամ առաջ գա: Այդ մասին ես չէի ցանկանա մանրամասն խոսել:

-Ի՞նչ իրավիճակ է հասարակության մեջ՝ բարոյահոգեբանական տեսանկյունից:

-Նրանց, ովքեր անչափահաս երեխաներ ունեն, բնականաբար տեղափոխել ենք ավելի ապահով վայրեր, բայց գյուղացիները, որ կարողանում են ինչ-որ բանով օգնել, բոլորն իրենց տեղում են: Ամենքն էլ գիտակցում են՝ սա բոլորիս կռիվն է:

-Իսկ գյուղերում տարհանումներ կա՞ն:

-Ոչ, չկան: Հիմնականում անչափահասների ենք տարհանել:

-Ձեր իշխանությանը մեղադրում են այն բանի մեջ, որ խաղաղության օրակարգը Երեւան բերեցիք, դրա իրագործման ջատագովը դարձաք, բայց հիմա տեսնում ենք դրա «արդյունքը»: Հիմա ու՞ր է այդ խաղաղության օրակարգը:

-Մենք ամենինչ պետք է անենք, որ Հայաստանն արժանապատիվ խաղաղություն ունենանա: Շատերը չեն գիտակցում, թե ինչ է պատերազմը: Կհասկանան, երբ կգան սահման եւ կտեսնեն մեր եղբայրների կռիվը: Կհասկանան, որ պատերազմը սարսափելի երեւույթ է: Այո, պետք է խաղաղության գնանք, բայց դրան պետք է գնալ արժանապատիվ կերպով ու  Հայաստանի սուվերենությունը չխախտելով: Մեր քաղաքական ուժն ասում է՝ այո, չի լինելու միջանցք, կարող է լինել ճանապարհ, որի վերահսկողությունը կիրականացնեն Հայաստանի համապատասխան մարմինները: Հայաստանի սուվերենությունը խախտելով՝ խաղաղություն հաստատելը ոչ թե խաղաղություն, այլ պարտություն է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՈՐՈՇՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

«Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հարձակման առնչությամբ մեր երկրում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա»։ Երեկվա Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ օրը կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին։ Մենք Անվտանգության խորհրդի եւ այլ ձեւաչափերով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը եւ նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Քանի այդ որոշումը չենք կայացրել, նշանակում է, որ գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտություն չկա, ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետեւ դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն»,- ասաց Փաշինյանը։

 

 

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարվա 7 ամիսներին՝ որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 26 մլն 218 հազար 700 դոլարի օգնություն: Իսկ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ստացվել է 57 մլն 96 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկածների թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 1 մլն 616 հազար 500 դոլարի չափով օգնություն: Ֆրանսիայից մարդասիրական օգնություն է ՀՀ եկել 1 մլն 69 հազար 400 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-հուլիսին Հայաստան եկել է 1 մլն 187 հազար 500 դոլարի մարդասիրական օգնություն: Անցյալ տարվա յոթ ամիսներին Հայաստանը Շվեյցարիայից 738 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ, ահա, այս տարվա նույն ժամանակահատվածում Շվեյցարիայից Հայաստան ուղարկվել է 4 մլն 205 հազար 600 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 287 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնական հատվածը՝ Ռուսաստանից: Խոսքը 259 հազար 100 դոլարի մասին է: Ռուսաստանից անցյալ տարվա յոթ ամիսների ընթացքում որեւէ մարդասիրական օգնություն Հայաստան չի եկել: Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում Ուկրաինայից ՀՀ եկել է 28 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

 

 

 

ԿՐԱԿ՝ ԳՅՈՒՂԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Թշնամին վնասել է Նորավանի եւ հարակից գյուղերի քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ կրակ է բացել Նորավան գյուղի բարձրավոլտ լարերի ուղղությամբ, որի հետեւանքով արդեն 2 օր է, ինչ հոսանքազրկվել է Սիսիանի շրջանի 8 գյուղ: Կրակոցների հետեւանքով վնասվել են հիմնանորոգված ճանապարհի մի քանի հատվածներ, բնակչի մեքենա, կոմբայն, շարքացան, փլուզվել է «Հովվի տան» շենքը:

Ինչպես գյուղապետն է նշում՝ բնակիչների մոտ խուճապ չկա: Որոշ բնակիչներ սեփական նախաձեռնությամբ գյուղից տարհանել են կանանց եւ երեխաներին»:

 

 

 

ՆԱԽԱՊԵՍ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ 15:00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան պետք է գնար՝ հանդիպելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

Փաշինյանը երեկ՝ խորհրդարանական նիստերի՝ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրը, այսպես թե այնպես, ԱԺ գնալու էր, բայց, փաստորեն, մեկ ժամ շուտ է գնում՝ հանդիպելու թիմակիցների հետ:

Ըստ երեւույթին՝ նրանք սահմանին տիրող իրավիճակն են քննարկելու կամ էլ նախապես պայմանավորվեն, թե հարցուպատասխանի ժամանակ ով ինչ հարց է տալու վարչապետ Փաշինյանին:

 

 

 




Լրահոս