Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց 79 կգ քաշային ըմբիշ Արման Ավագյանը:
Հայաստանը ներկայացնող ըմբիշը 1/8 եզրափակչում 6-7 հաշվով պարտվել էր ճապոնացի Յուդայի Տակահաշիին, որն էլ 1/4 եզրափակչում 3-5 հաշվով զիջել է Բուլղարիան ներկայացնող Ալի Ամիրփաշաևին: Այսպիսով, Ավագյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորությունից:
Ավագյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11-0 հաշվով հաղթել էր կանադացի Ադամ Թոմսոնին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Բելգրադ են մեկնել նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ):
Խնձրցյանը և Ալիխանյանը պայքարը կսկսեն սեպտեմբերի 16-ին, իսկ Հարությունյանը և Թևանյանը՝ սեպտեմբերի 17-ին։