«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի հրաժեշտի նիստը եւ նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը Գլխավոր դատախազություն բավականին ուշագրավ մթնոլորտում են անցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի ժամանակ որեւէ դատախազի հետ չի շփվել եւ որեւէ բառ չի ասել: Նա բացառապես խոսել է ՀՀ հեռացող Գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի հետ. նրան գիրք է նվիրել եւ հաջողություն մաղթել: Այս ամենից հետո Աննա Վարդապետյանը ամբիոնից դատախազներին պատմել է իր մասին ու հեռացել:
Դատախազները նիստից հետո գնացել են իրենց աշխատասենյակներ՝ սպասելով, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Իսկ նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտից առաջ ասել է, որ շնորհակալություն է հայտնում բոլորին, այդ թվում՝ նաեւ քննադատողներին ու հեռացել է: Ի դեպ, Դավթյանը չի համբուրել դատախազության դուռը:
Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ նիստից անմիջապես հետո ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանը երկրորդ անգամ է ազատման դիմում գրել:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։