«Մենք անմիջապես Ջերմուկում ձեզ ցույց կտանք այն վայրերը, որտեղ հակառակորդը հասցրել է հարվածներ։ Հարվածների ժամանակ կիրառել է ինչպես ռեակտիվ հրետանի, այնպես էլ ԱԹՍ-ներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ «Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան։ Քանի որ տարհանում իրականացված չէր Ջերմուկից, ժողովուրդը և տարբեր երկրներից հանգստացնողներ գտնվում էին քաղաքում»,-ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։
Ասրյանը նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Ջերմուկը միջազգային առողջարանային կենտրոն է և թիրախավորելով քաղաքի ենթակառուցվածքները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է նաև նպատակ՝ լուրջ տնտեսական հարվածներ հասցնել Հայաստանին»,-ասաց նա: