Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վերջապես գաղտնազերծել է, թե երբ ու ինչ ձեւաչափով է հանդիպելու քաղաքացիների հետ: Քաղաքականություն մուտք գործած կատակերգու դերասանը դարձ ի շրջանս յուր է անում ու բեմ վերադառնում: Ասում է՝ քաղաքականությունից է խոսելու, ու այժմ նրա «արվեստի» երկրպագուները սրտատրոփ սպասում են, թե Մարությանն ինչպես է մի շարք քաղաքական գործիչների դիմակը պատռելու: Հիշեցնենք, ի դեպ, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ «սուպերքաղաքապետը» իր մոնոներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների հետ ունեցած նամակագրությունից որոշ հատվածներ է հանրայնացնելու ձայնային հաղորդագրությունների տեսքով: Մինչեւ այլոց մասին ոչ կոռեկտ բառապաշարով արտահայտվելը, սակայն, նրա հետ աշխատած անձինք հորդորում են չմոռանալ անցած ճանապարհը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասում է, որ Մարությանը նախեւառաջ իրենց՝ ընդդիմադիրների քննադատությունը թող հիշի, իր կառավարման մասին հնչած բազում դժգոհություններն ի մի բերի, ապա նոր անվանարկի մարդկանց:
-Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է նախկին աշխատանքին՝ դերասանությանը վերադառնալ: Վերադարձի անդրանիկ ներկայացումը նա քաղաքական շեշտադրումներով է անելու: Որպես ավագանու անդամ, որ աշխատել է նրա հետ, ի՞նչ կասեք, նա երբեւէ հեռացե՞լ էր դերասանությունից, թե՞ անգամ քաղաքապետարանում շարունակում էր խաղալ:
-Այո՛, Հայկ Մարությանը խաղում էր քաղաքապետարանում, բայց քաղաքապետարանի դերը չստացված էր: Հիմա հույս ունեմ, որ ինքը վերադարձավ իր առաջվա գործին, որտեղ ժամանակին փառք էր վայելում, ու այժմ ցանկանում է նորից կվերականգնել այդ փառքը: Կարծում եմ, որ քաղաքական տեքստերով նրա ներկայացումները ի վնաս են իրեն լինելու:
-Ոչ կոռեկտ արտահայտություններով պիտակավորում է քաղաքական դաշտի մյուս խաղացողներին՝ ասելով, թե «հետեւից են մտել»: Թույլատրելի՞ է նման բան:
-Թույլատրելիի ու անթույլատրելիի մասով ասեմ՝ Հայկ Մարությանը միշտ է անցել թույլատրելիի սահմանները թե՛ ավագանու նիստերի, թե՛ պարզապես իր հայտարարություների ժամանակ, ու ինձ համար զարմանալի չէր նման բան լսել նրանից: Մի անգամ ասել եմ, այժմ էլ կրկնեմ՝ Հայկ Մարությանն իր ասած «հետեւում» 2-ից ավելի տարիներ աշխատել է: Շատ հարմար էր նրան այդ հետեւում գտնվել: Այդ հետեւում նա, ըստ երեւույթին, թուլություն է զգացել ու արագ այնտեղից դուրս եկել: Ժամանակը ցույց կտա, թե այլ «հետեւներում» հաստատվում է Մարությանը, թե ոչ: Լիահույս եմ, որ նա շատ ողջամիտ կգտնվի եւ կհասկանա, որ իր տեղը միմիայն բեմերի հետեւում է:
-Հայտնի է, որ քաղաքապետ եղած ժամանակ նա առհասարակ չէր շփվում ավագանու անդամների հետ: Որ ժամին ցանկանում, աշխատանքի էր գալիս-գնում: Հիմա բարոյական ի՞նչ իրավունքով է քննադատում մյուսների աշխատանքը կամ իր իսկ թիմակիցներին:
-Առհասարակ ինձ համար ամենաանբարոյական բանն այն է, որ սկսում ես բամբասել կամ չարախոսել այն քաղաքական ուժի մասին, որը քեզ ծնել է: Ի տարբերություն իրեն՝ գոնե իր քաղաքական թիմը պահպանել է կոռեկտությունն ու նույն կերպով իր մասին չի արտահայտվել: Մարությանը թե՛ իրեն անվստահություն հայտնելու նիստի ժամանակ, թե՛ մինչեւ օրս արած բոլոր հայտարարությունների ժամանակ իր թիմակիցների նկատմամբ անցել է բոլոր սահմանները: Այո, նա աշխատանքի էր գալիս, երբ ցանկանում էր, գնում էր արձակուրդի, երբ ցանկանում էր:
Ինչ վերաբերում էր ավագանու անդամների հետ շփմանը, ապա այդ մասով չեմ կարող առանձնապես բողոք ասել, որովհետեւ ես այն ավագանու անդամներից եմ, որը շատ քիչ է շփվել Մարությանի հետ: Ինչ վերաբերում է նախկին գործընկերների կամ թիմակիցներին հասցեին այժմ արվող քննադատություններին, ապա նա պետք է գնա ու նայի 2-3 տարիների ընթացքում մեր բոլոր բարձրաձայնած խնդիրները: Այդ ժամանակ կհասկանա, որ, որպես քաղաքապետ, ահավոր վատ է աշխատել:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԳԱԶԻ ԳՆԻՑ ԿԱԹՎԱԾ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Մեծ Բրիտանիայում ձեռնարկությունների ավելի քան 60 %-ը կարող է փակվել էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով: Bloomberg գործակալությունն է հայտնում՝ հավելելով, որ Եվրոպայում տիրող ներկայիս ճգնաժամն արտադրությամբ զբաղվող ընկերություններին ընտրության առաջ է կանգնեցրել. նրանք կա՛մ պետք է կրճատեն, կա՛մ ամբողջապես դադարեցնեն արտադրության ծավալները: Նշենք, որ 2022-ի հոկտեմբերի 1-ից, երբ գազի գինը բարձրանա, Եվրոպայում կբարձրանա նաեւ էլեկտրաէներգիայի գինը 80 %-ով: Իսկ գազի գնի բարձրացման պատճառն այն է, որ Եվրոպային գազ մատակարարող «Հյուսիսային հոսք»-ը, դեռեւս հունիսի կեսերի սկսած, սահմանափակումներով է աշխատում, իսկ հուլիսի վերջերից այն աշխատում է իր հզորության միայն 20 %-ով։
Ռուսական կողմը մատակարարումների նվազումը պայմանավորում է պատժամիջոցներով, որոնք խնդիրներ են առաջացրել գազի պոմպակայանների սպասարկմամբ եւ վերանորոգմամբ զբաղվող Siemens ընկերության մոտ։ ArmLur.am-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարգսյանը բացատրում է՝ գազատարը վերանորոգման կարիք ունի, իսկ Siemens ընկերությունը, որի նկատմամբ նույնպես Արեւմուտքը պատժամիջոցներ է կիրառել, հնարավորություն չունի վերանորոգել այն: Այսօրվա դրությամբ, ասում է Սարգսյանը, գազի գինը բորսայում բարձրացել է մոտ երեսուն տոկոսով՝ 1000 խմ դիմաց վաճառվելով 2900 դոլարով:
Թեեւ Եվրոպան փորձում է էներգիայի տարբեր այլ աղբյուրներ գտնել՝ նվազեցնելու Ռուսաստանից կախում ունենալու հանգամանքը, բայց, տնտեսագետի համոզմամբ, դա այդքան էլ հեշտ չի ստացվի, քանի որ Եվրոպան սպառած գազի 45 տոկոսը Ռուսաստանից է ձեռք բերում: Պաշտոնական Մոսկվան Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի շութերով է արձագանքում Եվրոպա մատակարարվող գազի հետ կապված խնդիրներին:
««Գազպրոմը» չէ, որ մեղավոր է Եվրոպայի էներգամատակարարման հետ կապված իրավիճակի համար, այլ մեղավոր են «վայ» քաղաքական գործիչները, որոնք որոշում են կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել: Եվ այս դժբախտ քաղաքական գործիչներն են, որ հիմա իրենց քաղաքացիներին ստիպում են մեռնել կաթվածից, երբ տեսնում են էլեկտրաէներգիայի վճարները: Եվ հիմա, երբ ցուրտը կսկսվի, իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- շեշտում է Պեսկովը:
Մոտալուտ ցրտի մասին եվրոպացիներին նաեւ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է զգուշացրել՝ հետաքրքրաշարժ մի տեսահոլովակ նկարելով ու տարածելով: Տեսահոլովակը թեեւ «Գազպրոմի» էջերից հեռացվել է, բայց դրանով ընկերությունն ասես զգուշացնող նոտա է հղել Արեւմուտքի բնակիչներին, թե մոտեցող ձմեռը Եվրոպային հաստատ չի շրջանցելու:
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա ջուր» ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ կիրականացնի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մոնիթորինգը կանցկացվի սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ մինչ այդ, նշենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն այս տավա օգոստոսի 8-ին հանձնաժողով հայտ է ներկայացրել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ ընկերությունն առաջարկում է մանրածախ խմելու ջրի սակագինը յուրաքանչյուր 1 խմ-ի դիմաց 177.653 դրամ սահմանել, մանրածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ-ի դիմաց՝ 31.350 դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱԺ-Ն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿՎԵՐԸՆՏՐԻ
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի թափուր տեղի համար ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հակոբյանին ՀՌՀ թափուր տեղի համար առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նրա թեկնածությունը նիստի ժամանակ ընդունվել է միաձայն։
ՀՌՀ-ն այժմ նախագահող Տիգրան Հակոբյանի՝ որպես ՀՌՀ անդամ պաշտոնավարման ժամկետն ավարատվում է 2022-ի սեպտեմբերի 15-ին։ Նա ՀՌՀ անդամ է ընտրվել դեռեւս 5-րդ գումարման ԱԺ կողմից 2016-ի սեպտեմբերի 15-ին։ Հակոբյանը ՀՌՀ-ն նախագահել սկսել է 2019-ի հունվարի 29-ից։ Խորհրդարանն այժմ Հակոբյանին որպես ՀՌՀ անդամ է ընտրելու, որպեսզի նա շարունակի պաշտոնավարել ՀՌՀ նախագահի պաշտոնում։
Դատելով հանգամանքից, որ Տիգրան Հակոբյանին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է առաջադրել ՀՌՀ անդամի թեկնածու, ապա կարելի է ենթադրել, որ քաղաքական մեծամասնությունը նրա թեկնածությունը կպաշտպանի նաեւ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ կազմակերպվելիք քննարկումների ու վերջնական քվերակության ժամանակ։
ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ
Ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով Հայաստան սնդիկի ներմուծումը կարգելվի, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից ներքին փոխադրումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կարգելվի նաեւ ՀՀ-ից արտահանումը։ Իսկ արգելքի ժամկետը սկսվելու է 2023 թվականի հունվարի 1-ից եւ գործելու է մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը:
Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ սահմանված կարգավորումների շնորհիվ Հայաստանից սնդիկի արտահանումը կլինի պետական մարմինների հսկողության ներքո, ինչը կնվազեցնի սնդիկի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերը։ Ավելին, այս կառույցն ակնկալում է, որ աստիճանաբար սնդիկի ներմուծումը կկրճատվի, դուրս կբերվի շրջանառությունից:
Նշենք, որ սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետեւանքով կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ եւ ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական եւ իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի եւ աչքերի վրա։ Սնդիկի հետ կապված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։