ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանձին լրատվամիջոցներ, հղում կատարելով  ՀՀ վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2022թ. առաջին յոթ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալներին, ներկայացրել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրությամբ հանցավորության ընդհանուր էական աճի պատկեր՝ այդ թվում արձանագրելով սպանությունների շուրջ 5 անգամ աճ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

 

Հաշվի առնելով, որ վիճակագրության զուտ թվային տվյալների նման պարզ վերարտադրումը կարող է թյուր կարծիք ձեւավորել հանցավորության ընդհանուր վիճակի անոմալ վատթարացման, հետեւաբար նաեւ հանրապետությունում հանցավորության վիճակի վերահսկելիության վերաբերյալ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետեւյալը: Արձանագրված դեպքերի քանակական աճի պատկերը պայմանավորված է մի շարք այնպիսի նոր հանգամանքներով, որոնք առավելապես պայմանավորված են քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումների, պահանջների  ազդեցությամբ վարվող վիճակագրության մեթոդաբանության փոփոխությամբ: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հանգամանքի բերումով առերեւույթ հանցագործության դեպքերի լուծման ընթացակարգն էապես փոխվել է: Վերացել է նյութերի նախապատրաստման փուլը, եւ ցանկացած այնպիսի հաղորդման կապակցությամբ, որով փաստվող դեպքին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, նախաձեռնվում է քրեական վարույթ եւ իրականացվում նախաքննություն:  Նման կարգավորումների պայմաններում բոլոր այն իրավիճակներում, որոնցով նախկինում նախապատրաստվել են նյութեր, այժմ նախաձեռնվում են քրեական վարույթներ: Արդյունքում, օրինակ, եթե նախկինում նախապատրաստվում էին նյութեր, եւ բռնի մահվան վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում էր քրեական գործ հարուցվում, ապա այժմ բոլոր այդ դեպքերով անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում նախաձեռնվում է քրեական վարույթ, գլխավորապես՝ առերեւույթ սպանության  դեպքի կապակցությամբ, եւ իրականացվում է նախաքննություն: Որպես նշվածի հիմնավորում՝ փաստենք, որ, 2022 թվականի առաջին յոթ ամիսների տվյալներով, ՀՀ ոստիկանության կողմից արձանագրված սպանության դեպքերի թիվը կազմել է 163, որոնցից 134-ը կամ 82.2%-ը հանկարծամահության դեպքեր են, իսկ միայն 29-ը՝ այնպիսի դեպքեր, որոնցով նախկին կարգավորումների պայմաններում քրեական գործը հարուցվում էր սպանության դեպքի առթիվ: Որպես վերը նշվածի հիմնավորում՝ նշենք նաեւ, որ մարդու դեմ ուղղված հանցագործություններն աճել են 70.6 %-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 163-ով կամ  90.6%-ով / 180-343/: Փաստորեն, առանձնապես ծանր հանցագործությունների ավելացած 163 դեպքից միայն 134-ը կամ 82.2%-ը հենց հանկարծամահություն հանդիսացող դեպքերն են, որոնցով վարույթ է նախաձեռնվել սպանության դեպքի առթիվ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առերեւույթ իրական սպանության դեպքերի թիվը, հակառակը, նվազել է 4-ով կամ 12.1 %-ով:  Սպանության փորձի դեպքերի թիվը նույնպես նվազել է  5-ով կամ 17.2%-ով /29-24/, ինչի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է 2022թ. օգոստոսի 30-ին հրապարակած հաղորդագրությամբ: Բացի այդ, 2021 թվականի օգոստոսի 30-ից ՀՀ քրեական նախկին օրենսգրքում ավելացել էր նոր հանցատեսակ՝ նախատեսված 137.1 հոդվածով, որն էականորեն ազդել է հանցավորության վիճակն արտացոլող թվական ցուցանիշների վրա: Մասնավորապես, նշված հոդվածով արձանագրված դեպքերի թիվը 2022 թվականի առաջին յոթ ամիսներին կազմել է 1160, մինչդեռ 2021 թվականի 1-ին յոթ ամիսներին օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող նույնանման արարքները, փաստորեն, քրեականացված չեն եղել:

Որպես վերը նշվածի հիմնավորում՝ փաստենք, որ տվյալ հանցատեսակի հաշվին են նաեւ ավելացել մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը. աճը կազմել է 1562 կամ 70.6 % /2211-3773/, որից 30.7 %-ը միայն կազմել են 2003թ. ընդունված քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված դեպքերը:

Այսինքն՝ հանցագործությունների շարժընթացում չեն արձանագրվել էական այնպիսի փոփոխություններ կամ շեղումներ, որոնք կարող էին ազդել հանցավորության եւ իրավակարգի ընդհանուր վիճակի վերահսկելիության վրա:

 

 

 

ՉՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

 

ՔԿ-ից հայտնում են, որ իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաեւ տուժածների շրջանակը, հափշտակության եւ փողերի լվացման մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը:

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Երեւանի 26-ամյա բնակչի կողմից 2020-2022 թվականներին facebook.com սոցիալական կայքում, որպես վարկային կազմակերպության էջեր, ստեղծվել են Money Man credit, Universal Credit,  Universal Credit՛, Universal Credit UCO եւ Global Credit անհատական տվյալներով օգտահաշիվներ եւ, ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ, իրականությունը խեղաթյուրելով, բանկային քարտի կամ Telcell wallet էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ ընկերոջ հետ համատեղ պարզել են օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները եւ դրանց կցված բջջային հեռախոսահամարներին ելքային փոխանցումներ կատարելու նպատակով  ստացված գաղտնաբառերը:

Այնուհետեւ օգտատերերին հավաստիացրել են, թե նրանց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառը հանդիսանում է որպես իրենց կողմից փոխանցվող վարկի հաստատման գաղտնաբառ, եւ ապօրինի տիրապետելով  նրանց անվամբ եւ նույնականացման տվյալներով Telcell wallet էլեկտրոնային դրամապանակներին՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ապօրինի հասանելիություն են ստացել թվով 65 օգտատերերի էլեկտրոնային դրամապանակներին եւ տնօրինելով նշված անձանց հաշիվները՝ փոխանցումներ կատարելու եղանակով հափշտակել դրանցում առկա ընդհանուր 6,729,703.4 ՀՀ դրամ գումար, որից 4,251,823.4 ՀՀ դրամը 26-ամյա երիտասարդը հափշտակել է խմբի կազմում, իսկ 2,477,880 ՀՀ դրամը՝ միայնակ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 269-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Վերջինիս ընկերոջը մեղադրանք է ներկայացվել՝ Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 296-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Նախաքննության ընթացքում քաղաքացիներին պատճառված վնասից 2,900,000 դրամը վերականգնվել է: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն եւս մեկ անգամ հորդորում է նմանատիպ եւ այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ:

 

 

 

ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է ՈՒ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը:

-Պարո՛ն Համբարձումյան, արդեն երկու նախադեպ կա պետական դավաճանության դեպքերի մասով հարուցված քրեական գործերով: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունը զինվորականերին մեղադրանք է առաջադրում պետական դավաճանության գործերով, նրանց կալանավորում, եւ մեկ տարի անց մեղադրանքը վերաորակում են որպես, օրինակ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք: Ըստ Ձեզ՝ սա նորմա՞լ է, երբ անձին նման ծանր մեղադրանք են առաջադրում, ընտանիքը բաժանվում է, եւ հետագայում հասկանում են, որ նա նման ծանր հանցանք չի կատարել:

– Գիտեք, ծանոթ չլինելով գործի նյութերին՝ շատ դժվար է Ձեր հարցին միանշանակ պատասխանելը, հետեւաբար փաստերին ավելի հիմնովին կարող են արձագանքել ու գնահատական տալ գործով ներգրավված փաստաբանները: Սակայն ինքնին երեւույթը խնդրահարույց է ու ոչ ցանկալի: Ենթադրում եմ, որ նախաքննական մարմինը սկզբնական շրջանում որոշակի մակերեսային տվյալներ է ունեցել, որոնք նախաքննության ընթացքում չեն հաստատվել, ու արդյունքում ստիպված են եղել արարքը վերաորակել: Այդ տվյալներն արդյոք բավարար են եղել պետական դավաճանության մեղադրանքով քրեական հետպնդում սկսելու համար, թե կամայական մոտեցում է ցուցաբերվել՝ կրկնում եմ, չեմ կարող մեկնաբանել, քանի որ ծանոթ չեմ գործի նյութերին:

Ընդհանրապես, պետական դավաճանության, լրտեսության դեպքերով մինչեւ քրեական գործերի հարուցումը նախկինում շատ մանրամասն վերլուծություն էր իրականացվում, գնահատվում էին օպերատիվ նյութերը, հավաքված տվյալները, ապացույցները, կանխատեսվում էր իրավական հեռանկարը, թե արդյոք դրանք բավարար են լինելու քրեական հետապնդում սկսելու եւ գործին դատական վախճան ապահովելու համար: Որեւէ մեկը ի սկզբանե հույսը չէր դնում ամիսների ընթացքում խոստովանական ցուցմունք ստանալու վրա,. իհարկե այդ ուղղությամբ եւս քննիչները նախաքննության ժամանակ ջանասիրաբար աշխատում էին: Սա շատ լուրջ հանցակազմ է՝ դժվար ապացուցելի, ուստի մինչեւ քրեական հետապնդում սկսելը լրջագույն օպերատիվ աշխատանք էր տարվում:

Ես դեմ եմ նման դեպքերի հապճեպ հանրայնացմանը՝ հատկապես պետությունը, բանակն ու, ինչու չէ, ազգն արժեզրկող, վարկաբեկող բովանդակությամբ ռեպորտաժներով: Նախաքննական մարմինը զգուշավորություն պետք է դրսեւորեր, չշտապեր:

Ցավոք, առանձին դեպքեր վաղաժամ լուսաբանվել են նաեւ նախկինում՝ մեր պաշտոնավարման ժամանակ, ուստի ճիշտ հետեւություն պետք է անել այդ իմաստով:

Ամեն դեպքում, ենթադրում եմ՝ քննիչները ունեցել են որոշակի հիմքեր տվյալ անձանց վերաբերյալ, դրանք նախաքննության ընթացքում կա՛մ ժխտվել են, կա՛մ չեն ամրապնդվել այլ ապացույցներով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս